Ստեփան Հովակիմյանի քր. գործը հակիրճ

Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ` ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Քր. գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում: Դատավարությունը, մինչև ս.թ. հունվարի 11-ը, վարում էր դատավոր Արմեն Խաչատրյանը, այժմ գործի վարույթը հանձնվել է դատավոր Մխիթար Պապոյանին:
Գողությունը «Մոսկվա» կինոթատրոնում կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում Ս. Հովակիմյանը երկու անգամ առանց պատշաճ ծանուցման տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ բերման ենթարկելու մասին որևէ  արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները: Ոչ մարդկային մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որ այսօր դրված է քր. գործի հիմքում: Ցուցմունքում գրված որևէ մանրամասն այլ ապացույցներով  հաստատված չէ: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը`Վ. Քերոբյանը:
Առաջին իսկ դատական նիստի ժամանակ, երբ որոշվում էր խափանման միջոցը, Ս. Հովակիմյանը դատարանին հայտնել է, որ ցուցմունքը կորզվել է խոշտոնգումների միջոցով և այն ամբողջությամբ հորինված ու սուտ է, սակայն դատարանը այդ հայտարարությանը ընթացք չի տվել: Մեղավորության որևէ ապացույց չի բերել նաև քննիչը` ասելով, թե դրանք նախաքննական գաղտնիք են: Առանց հրապարակելու հիմնավորումը` դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
Քր. գործում Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի հանցնաքը հաստատող որևէ ապացույց չկա: Մեղադրական եզրակացությունը կազմելիս քննիչը առաջնորդվել է  ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ ճիշտ հակառակը`գործը կառուցված է գողությունը այս տղաների կողմից կատարելու ենթադրության և տուժող կողմի կասկածի հիման վրա:
Նույն` կողմնակալ և փաստերի ոչ համակողմանի քննությամբ էլ ընթանում է դատավարության գործընթացը: Դատավոր Արմեն Խաչատրյան մերժել է քննության ենթարկել այն բոլոր անուղղակի ապացույցները, որոնք կարող են վկայել Ս. Հովակիմյանի` ինքնախոսովանական ցուցմունքի` հորինված լինելու կամ ոստիկանությունում նրան խոշտանգումների ենթարկելու մասին:
Դատական պրոցեսն ընթանում է արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների ակնհայտ խախտումներով:  Տուժող և մեղադրող կողմերի ներկայացրած բոլոր փաստարկները, առանց քննության, ընդունվում են որպես ճշմարտացի: Իսկ ամբաստանյալների փաստաբանների (Տիգրան Սաֆարյան և Գեորգի Հովհանիիսյան) ներկայացրած միջնորդությունները, որոնք կարող են նպաստել գործի համակողմանի քննությանը, մերժվում են:
Մեղադրանքի հիմքում դրված են գողության ընթացքն արձնագրած մոնտաժված տեսաերիզներ: Դրանք ոչ միայն չեն ապացուցում Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի կողմից գողությունը կատարելու փաստը, այլև կասկածներ են առաջացնում` կապված տեսաերիզները մոնտաժելու դրդապատճառների, երիզների երկու հատվածներում արձանագրված գողության երկու տարբեր ժամերի, գողությունը կատարող անձի մասին: Քր. գործում փորձագիտական որևէ կարծիք կասկածյալ Վ. Քերոբյանի և կադրերում երևացող երիտասարդի նույնականության մասին չկա:
Առավել զավեշտալին Վահրամ Քերոբյանի մասնակցության հարցն է: Միակ բանը, որ վկայում է նրա դեմ, դա Ս. Հովակիմյանի ցուցմունքն է, որից նա հրաժարվել է հենց ցուցմունք տալու օրը, և այն, որ գողության ենթադրյալ ժամանակ նրա հեռախոսը սպասարկել են կինոթատրոնի կտուրում տեղադրված Վիվասելի ալեհավաքները:
Խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելը, առանց հիմնավորումներ հրապարակելու կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, դատաքննությունը կողմնակալ և ոչ համակողմանի վարելը հաստատում են մտավախությունն այն մասին, որ  դատական գործընթացը նպատակաուղղված է ոչ թե արդարադատության հաստատմանը, իրական հանցագործների բացահայտմանը, այլև մեղադրող կողմի կարծիքի հիման վրա կասկածյալների դատապարտմանը` առանց ուղղակի ապացույցների առկայության:
17 հունվարի 2011