Ինքնախոստովանեցրել են


Տիգրան Պասկեվիչյան

Տիգրան Պասկեվիչյան

Մի օր ընդհանուր ծանոթի հուղարկավորության ժամանակ հանդիպեցի ուսանողական ընկերներիցս մեկին, որը ոստիկանությունում միջին կարգի պաշտոնյա է։ Չարենցավանի դեպքը՝ ոստիկանությունում Վահան Խալաֆյանի մահը, նոր էր եղել։ Բնականաբար սկսեցինք խոսել դրանից։

Ասացի՝ ընկեր, չի՞ լինի, որ ձեր էդ ոստիկանության բաժինների սենյակներում տեսաձայնագրման սարքեր տեղադրեք։ Ասաց՝ թանկ հաճույք ա ուզածդ։ Երբ բացատրեցի, որ ամենեւին էլ թանկ չէ, եւ ցանկության դեպքում հնարավոր է գործը գլուխ բերել, մի տեսակ շփոթված հարցրեց՝ ո՞ւմ ցանկության ու կարճ դադարից հետո ասաց. «Եթե նման բան լինի, ոստիկանությունը կպարալիզացվի, ոչ մի գործ չի բացահայտվի, հանցագործներն էլ ազատ կֆռֆռան»։
Անկեղծ ասեմ, ես մեր ոստիկանության մասին այդ կարծիքին չէի։ Գիտեի, իհարկե, որ ոչ հումանիստական մեթոդներ կիրառվում են, բայց որ դրանք կիրառվում են համատարած, մտքովս չէր անցել։

– Չէ, ինչի՞ համատարած,-ասաց ոստիկան ընկերս,-լիքը դեպքեր կան, որ ամեն ինչ պարզ ա՝ վկաներով-բանով, լիքը դեպքեր կան, որ իրանք են գալիս հանձնվում ու խոստովանում, բայց ահագին դեպքերում էլ, որ պետք ա բացահայտես-բան անես, էդ քո ասած կամերաները կարան խանգարեն։

Եւ քանի որ քրեագիտության ոլորտի վիճակի մասին իմ պատկերացումները սահմանափակվում են միայն քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի գործերով, որոնցում քաղաքական պատվերը ջնջել էր ամեն տեսակ արհեստավարժություն եւ պատասխանատվություն, շատ չխորացա ու չփորձեցի հասկանալ ուսանողական ընկերոջս ասածի պատճառները։

Դրանից ամիսներ անց բարեկամներիցս մեկը պատմեց, որ իր որդուն դատում են այս տարվա հունվարին «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության համար։ Եւ ասաց, որ որդու ինքնախոստովանական ցուցմունքից զատ, գործում ոչ մի ապացույց չկա։

Թող բարեկամս ինձ ների՝ չհավատացի։ Դե բոլորս էլ գիտենք, որ ամեն ծնող նման դեպքերում փորձում է արդարացնել իր զավակին, եւ դա մարդկային է ու հասկանալի։ Բայց բարեկամիս անհիմն չկասկածելու համար, հետեւեցի նրա խորհրդին ու մի անգամ ներկա եղա դատական նիստի։

Երիտասարդ, գործունյա փաստաբանն այդ օրը բազմաթիվ միջնորդություններ ուներ, որոնք, իր կարծիքով, կարող էին ապացուցել բարեկամիս որդու անմեղությունը։ Հերթով ներկայացրեց բոլորը։ Դատավոր Արմեն Խաչատրյանը, որի դեմքի արտահայտությունը կարելի է նկարագրել մեկ՝ ձանձրույթ, բառով, միջնորդությունների մեծ մասը մերժեց, իսկ մի-երկուսը կցեց գործին՝ զրկելով, սակայն, ապացուցողական արժեքից։ Մերժելուց առաջ նա հարցնում էր մեղադրող դատախազի եւ տուժողի ներկայացուցչի կարծիքները։ Երկուսն էլ, ամեն անգամ տեղից վեր կենալով՝ ասում էին, թե ամբաստանյալն արդեն ինքնախոստովանական ցուցմունքով ամեն ինչ ասել է, եւ թե կարիք չկա դատավարությունը ձգձգելու։

Հիմա տեսնենք՝ ի՞նչ է ասել բարեկամիս ամբաստանյալ որդին իր ինքնախոստովանական ցուցմունքում։ Ասել է, որ ինքը նախապես պատճենահանել է տոմսարկղի սեյֆի բանալին, բայց, չգիտես ինչու, գործը սարքողներին չի հետաքրքրել՝ որտե՞ղ է պատճենահանել, կճանաչի՞ բանալիագործ վարպետն իր հաճախորդին, թե՝ ոչ։

Ասել է, որ գումարը տվել է ոմն Արթուրի, որ սա տանի Պյատիգորսկ եւ փակի ոմն միլիցիոներ Արմանին իր ունեցած պարտքը։ Ավելի քան տասն ամիս երկու այս անձինք մնացել են «ոմն»։ Ոչ մեկը չի փորձել պարզել՝ նրանք կա՞ն, չկա՞ն, փողը տեսե՞լ են, շոշափե՞լ են։

Ասել է՝ ես եմ կազմակերպել եւ ընկերոջս դրդել եմ գողության, սակայն կինոթատրոնի հսկիչ նկարահանումներում երեւացողը ոչ իրեն է նման, ոչ էլ ընկերոջը։ Չմոնտաժված տեսագրությունը հայտնաբերելու, դիտելու եւ քննարկելու` փաստաբանի առաջարկը նույնպես մերժվել է։ Դե, ի՞նչ կարիք կա մանրուքների մեջ խորանալու, եթե մարդն իր «սեփական կամքով» խոստովանել է։

Գողությունը «Մոսկվա» կինոթատրոնում կատարվել է 2010 թվականի հունվարի 11-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում բարեկամիս որդուն երկու անգամ առանց պատշաճ ծանուցման տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին եւ պահել՝ չկազմելով արձանագրություն, իսկ երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին զրուցելու նպատակով կանչել են քաղաքային վարչություն եւ «բարեկամաբար» հարկադրել ինքնախոստովանական ցուցմունք գրել՝ չծանոթացնելով իր իրավունքներին եւ չապահովելով փաստաբանի ներկայությունը։

Գործում, որին հետո ավելի մանրամասն ծանոթացա, չբացահայտված, չապացուցված դրվագներն այնքան շատ էին, որ դատավորն իր ձանձրույթը հաղթահարելու համար լավ կաներ հենց դահլիճից ազատ արձակեր ամբաստանյալներին, իսկ գործն ուղարկեր լրացուցիչ քննության, հատկապես նկատի ունենալով, որ իշխանությունները որոշել են ինտելեկտուալ դեմքերով փրկել ձախողված ոլորտների վարկը։

Տիգրան ՊասկեւիչյանԴեկտեմբեր 23, 2010

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հայկական Ժամանակ, Հոդվածներ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , . Bookmark the permalink.