Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը դատարանում

Ստեփան Հովակիմյան

Հարգելի դատարան.

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ առընչություն չունեմ «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության հետ: Այս ամենը ինչ ներկայացնում է մեղադրող կողմը ուղղակի սուտ է և կապ չունի իրականության հետ:

2009 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի «Ռադիոֆիզիկայի» ֆակուլտետը, փորձել եմ աշխատանքի տեղավորվել Երևանում իմ մասնագիտությամբ: Սակայն իմ բոլոր փորձերը ավարտվել են անհաջողությամբ, ես այստեղ չեմ կարողացել աշխատանք գտնել: Այդ ընթացքում, փորձել եմ տարբեր աշխատանքներ կատարել: Մասնավորապես, իմ բարեկամ Սարիբեկ Մկրտչյանի հետ միասին, ով բնակվում է ՌԴ-ի Պյատիգորսկ քաղաքում, արտահանել ենք կոշիկներ Հայաստանից Պյատիգորսկ քաղաք: Տնտեսական ճգնաժամի պատճառով այս գործը կիսատ մնաց, կոշիկները չէին վաճառվում և մենք չկարողացանք շարունակել: Արդյունքում Սարիբեկը ինձ պարտք մնաց որոշակի գումար: Հետագայում նա պարբերաբար ինձ գումար էր ուղարկում և մարում էր կոշիկների վաճառքից մնացած պարտքը:

Ամառվա սկզբներին ես մեկնել եմ Պյատիգորսկ քաղաք արտագնա աշխատանքի: Այնտեղ զբաղվել եմ փափուկ խաղալիքների վաճառքով Պյատիգորսկ քաղաքի շուկայում: Այդ ընթացքում հաշվառվել և բնակվել եմ իմ հորաքրոջ` Արփենիկ Վարդանյանին պատկանող բնակարանում, հասցեն` Ռուսաստանի Դաշնություն, Ստավրոպոլի մարզ, ք. Պյատիգորսկ, Ուկրաինական փող., տ.33, բն. 57:

2009թ. հոկտեմբերի սկզբներին վերադարձել եմ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքից: Երևան վերադառնալուց դժգոհ չեմ եղել իմ արտագնա աշխատանքի արյունքներից: Հետս բերել էի որոշակի գումար` մոտ 1000 ԱՄՆ դոլար և մոտ 2000 ԱՄՆ դոլարի չափ պարտքով գումար էի տվել հորաքրոջս` Արփենիկ Վարդանյանին: 2009թ. հոկտեմբերի 25–ին իմ ընկեր Արմենի առաջարկով մասնակցել եմ նրա որդի Նարեկի կնունքին որպես կնքահայր: Քանի որ նախապես տեղյակ չէի այդ իրադարձության մասին, իսկ գումարիս մեծ մասն արդեն ծախսել էի, խնդրել եմ Վահե Բեգյանին, որ ինձ պարտքով տրամադրի որոշակի գումար: Նա համաձայնվել է ու իր ոսկյա վզնոցը գրավ դնելով ինձ է տրամադրել դրանից առաջացած ողջ գումարը: Նոյեմբերի սկզբին ես նորից գնացել եմ Պյատիգորսկ, որտեղ պայմանավորվել էի նոր տարուց հետո այնտեղ «Ռոյալտոն գրուպ» ՓԲԸ-ում աշխատել որպես ներկայացուցիչ Պյատիգորսկ քաղաքում, քանի որ Հայաստանում մշտական աշխատանք գտնելը շատ դժվար էր: ՌԴ մեկնելուց առաջ ես իմ ընկեր Մհերից պարտքով վերցրել էի 200 եվրո գումար` պայմանով, որ վերադառնալուց կմարեմ պարտքս, հույս ունենալով, որ Սարիբեկը իր պարտքը կտա և կկարողանամ վերադարձնել նաև Վահեի պարտքը: Մի քանի օրից վերադարձա ու քանի որ հետս գումար չէի բերել, իսկ Մհերին անհրաժեշտ էր այդ գումարը, զանգեցի իմ ընկեր Վազգենին, ասեցի, որ ինձ 100.000 դրամի չափով գումար է պետք: Նա այդ ժամանակ գտնվում էր Դիլիջան քաղաքում և երբ եկավ Երևան, տվեց ինձ այդ գումարը և ասաց, որ տանը ոսկե մատանի ուներ, որը գրավ է դրել գրավատանը: Ես այդ գումարով վերադարձրեցի Մհերի պարտքը, իսկ Վազգենին խոստացա առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձնել իր գումարը, ինչպես նաև մարել գրավադրման տոկոսները:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում Վահրամը խնդրել էր, որպեսզի ատամները բուժի իմ ընկեր Վարազդատի ատամնաբուժարանում: Քանի որ այդ ժամանակ անհրաժեշտ գումարը չուներ, ասել էր, որ գումարը կտա մինչև Ամանոր: Այդ մասին հայտնել եմ Վարազդատին, որը չի առարկել և Վահրամը բուժել է իր ատամները, որից պարտք էր մնացել մոտ 50.000 դրամ: Այս հարցով հունվարի սկզբին զանգահարել եմ Վահրամին` իմանալու թե ինչու նա Վարազդատի գումարը չի տվել և Վահրամը խոստացել էր, որ նշված գումարը կտա հունվարի 10–ին:

Նոր տարուց մի քանի օր առաջ Գոհարի աղջկա ծննդյան օրն էր և նա ինձ խնդրել էր, որ իմ ծանոթի խանութից վերցնենք դինամիկներ: Մենք միասին գնացել ենք Սայաթ-Նովա փողոցում գտնվող խանութը և վերցրել ենք այդ դինամիկները, որոնց գումարը պետք է տաինք մինչև հունվարի 10–ը: Որքան հիշում եմ, հունվարի 2–ին ես գնացել եմ Գոհարենց տուն` շնորհավորելու իրենց ամանորը: Գոհարենց տուն գնացել եմ մեկ էլ հունվարի 10–ին` դինամիկների գումարը վերցնելու համար: Այնտեղից ես զանգեցի և կանչեցի Վազգենին, որի հետ սրճելուց հետո գնացել ենք Սայաթ-Նովա փողոց` այդ գումարը տալու համար: Հետո միասին զբոսնել ենք քաղաքում: Վարազդատին արդեն ասել էի, որ Վահրամը գումարը տալու է այդ օրը և նա էլ ասել էր, որ գումարն իրեն խիստ անհրաժեշտ է: Այդ օրը ցերեկվա ընթացքում ես մի քանի անգամ զանգել եմ Վահրամին` ճշտելու գումարը տալու հարցը: Նա ինձ խոստացել է, որ երեկոյան գումարը կտա: Երբ Վազգենի հետ զբոսնում էինք քաղաքում, ինձ է զանգահարել իմ ընկեր Արմենը և նրա հետ պայմանավորվել ենք հանդիպել քաղաքի կենտրոնում: Մինչ այդ արդեն Վարազդատի հետ պայմանավորվել էի հանդիպել Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկին մոտ գտնվող «Բումերանգ» սրճարանում, որտեղ ես հաճախ էի լինում: Ես և Վազգենն արդեն գտնվում էինք սրճարանում, երբ եկավ Վարազդատը ու նրա գալուց հետո Վազգենը հեռացավ, ասելով, որ պայմանավորված է իր ընկերոջ հետ: Ես ու Վարազդատը սրճել ենք, որից հետո եկավ նաև Արմենը: Մենք միասին դուրս ենք եկել սրճարանից ու զբոսնելով գնացել ենք դեպի Կողբացի-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող TOTO բուքմեյքերական գրասենյակ: Այդ ընթացքում ես փորձել եմ կապնվել Վահրամի հետ, որպեսզի իմանամ, թե ինչ պատասխան տամ Վարազդատին, որը սպասում էր իր գումարին: Վահրամին հայտնել եմ մեր գտնվելու վայրը: Նա խոստացել է շուտ գալ այդտեղ ու բերել գումարը: Սպասել ենք նրան մոտ մեկ ժամ, նա այդպես էլ չի եկել ու Վարազդատը հեռացել է: Ես ու Արմենը բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ ենք կատարել ու հետևել դրանց ընթացքին` սպասելով Վահրամին, որն այդպես էլ չզանգեց և չեկավ: Այնուհետև ես ու Արմենը գնացել ենք Թումանյան փողոցի վրա գտնվող «Արևելյան շաուրմա», հաց կերել, որից հետո «Բումերանգ» սրճարանում սրճել ենք: Քանի որ արդեն ուշ էր, ես նորից փորձել եմ կապնվել Վահրամի հետ, սակայն հեռախոսով լավ չէր լսվում, քանի որ ես գտնվում էի նկուղային հարկում: Դուրս գալով սրճարանից կարողացել եմ կապնվել Վահրամի հետ, որն ասաց, որ քիչ անց գումարը կբերի ու մոտակայքում է, իսկ ես ու Արմենը նորից վերադարձել ենք բուքմեյքերական գրասենյակ, քանի որ խաղադրույք ունեինք կատարած ու սպասում էինք խաղի ավարտին: Այդ ընթացքում մի քանի անգամ կապնվել եմ իմ ընկեր Վազգենի հետ հարցնելու թե ինչ խաղադրույքներ կարելի է կատարել տվյալ ֆուտբոլային խաղում: Վահրամը այդպես էլ այդ օրը չեկավ և քանի որ արդեն ուշ էր, ես գնացել եմ տուն` մինչ այդ Արմենին ճանապարհելով մինչև Մաշտոցի պողոտայի ու Խորենացի փողոցի խաչմերուկ:

Հաջորդ օրը` 2010թ. հունվարի 11–ին ես գնացել էի ընկերոջս պապիկի թաղման արարողությանը, երբ ինձ զանգահարեց Գոհարը ու հայտնեց, որ կինոթատրոնից գողություն է կատարվել: Ես դրան առանձնակի ուշադրություն չդարձրի: Սակայն քիչ անց Գոհարը կրկին զանգահարեց և ասաց, որ գողության մեջ իրեն են կասկածում: Անմիջապես գնացի «Մոսկվա» կինոթատրոն իմ համալսարանական ընկերներ Սերգեյ Մովսիսյանի ու Արման Վահրամյանի հետ, որոնց հետ մասնակցում էինք թաղման արարողությանը: Այնտեղ տեսա, որ Գոհարը լաց է լինում: Ես փորձել եմ հանգստացնել նրան, զանգահարել եմ հայրիկիս, ասել գողության մասին և, որ կասկածում են Գոհարին: Այդ ժամանակ մեզ մոտեցան մի խումբ անծանոթ տղամարդիկ, որոնք առանց ներկայանալու ոլորեցին ձեռքերս և ինձ, Գոհարին, Արմանին ու Սերգեյին տարան ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ մեզ պահել են առանձին սենյակներում: Բաժնում ոստիկաններից մեկը, ներկայանալով որպես Աշոտ Ղարիբյան, ասաց, որ ինձ կասկածում են կինոթատրոնից վեց միլիոն դրամ գողանալու մեջ, որից հետո ինձ խուզարկեցին` ասելով, որ ավելի լավ է ես ինքնախոստովանական ցուցմունք տամ: Քիչ անց եկավ մեկ այլ ոստիկան ու ասեց, թե իբր Գոհարն արդեն ցուցմունք է տվել, ասելով, որ ինքն է ինձ տվել կինոթատրոնի դրամարկղի սենյակի մուտքի բանալին, որը ես իմ հերթին իբր փոխանցել եմ իմ ընկեր Մհերին, որ նա կատարի գողությունը: Քանի որ նման բան չէր եղել, ես հենց սկզբից ասել եմ, որ այդ ամենը սուտ է ու կատարված գողությունից ես և  Գոհարը անտեղյակ ենք: Դրանից հետո ոստիկանները սկսել են ինձ ծեծել ու ստիպել, որպեսզի ես էլ տամ իբր Գոհարի ցուցմունքի պես ցուցմունք և հայտնեմ Մհերի գտնվելու վայրը, որպեսզի նրան էլ բռնեն: Չնայած ինձ ծեծել են որոշ ընդմիջումներով մինչև երեկո, ես ոստիկանների ուզած ցուցմունքը չեմ տվել, ասելով, որ նման բան չի եղել: Վերջում ինձ է մոտեցել Ղարիբյանը, ասելով, որ ինձ կթողնի մի պայմանով, եթե ես հաջորդ օրը նրանց հանձնեմ Մհերին, այսինքն Մհերին կանչեմ ինչ-որ տեղ ու նրանից թաքուն զանգեմ իրեն, իրենք էլ գան ու երկուսիս միասին բռնեն: Ես այլ տարբերակ չունենալով ու նպատակ ունենալով դուրս գալ ոստիկանությունից, ստիպված համաձայնվել եմ, որից հետո ինձ ու ընկերներիս ոստիկանները բաց են թողել: Մեզ բաց թողնելուց ես Գոհարին չտեսա, քիչ անց նա զանգահարեց ինձ ու ասաց, որ ինքն արդեն տանն է, իրեն տուն է տարել իրենց հարևան Հարությունը, որին նաև Մոս են ասում ու որը ոստիկանության աշխատակից է: Երեկոյան ուշ ես գնացել եմ տուն, ծնողներիս հայտնել եմ, որ «Մոսկվա» կինոթատրոնից կատարվել է գողություն ու, որ ոստիկաններն ինձ են կասկածում, սակայն ես դրանից ոչ մի տեղեկություն չունեմ: Ասել եմ նաև, որ ոստիկանությունում ինձ ծեծել են պահանջելով խոստովանել, որ ես եմ կատարել գողությունը:

Հաջորդ օրը, հունվարի 12-ին  հանդիպել եմ Գոհարին, որը պատմեց, որ իրեն նույնպես ստիպել են ցուցմունք գրել, թե իբր ինքն է բանալին տվել ինձ ու գողությունը կատարել եմ ես իմ ընկեր Մհերի հետ, սակայն ինքը նույնպես չի գրել: Գոհարն ասաց նաև, որ կինոթատրոնում նայելով տեսախցիկների նկարահանածը, աշխատակիցներից ոմանք նկարում երևացող անծանոթ տղային նմանեցրել են Մհերին: Ես հասկացա, թե ինչու են ոստիկանները մտածում, որ մենք ենք կատարել գողությունը: Այդ ժամանակ ես Գոհարից իմացա նաև, որ դրամարկղում եղել է երեք օրվա գումար և որ դրամարկղի սենյակի չհրկիզվող պահարանի բանալին իրենք պահել են Մարինեի համակարգչի ստեղնաշարի մոտ: Չնայած ես Աշոտ Ղարիբյանին խոստացել էի «հանձնել» իրենց Մհերին, սակայն իրականում նման նպատակ չունեի ու չէի կարող նման անազնիվ արարք թույլ տալ ընկերոջս հանդեպ, քանի որ համոզված էի, որ նման պայմաններում Մհերին տանելով ոստիկանություն, նրա նկատմամբ հաստատ բռնություն էին կիրառելու, առավել ևս, որ կինոթատրոնում նրան էին իբր նմանեցրել տեսագրված տղային: Ես ուղղակի համոզված էի, որ Մհերը նույնպես որևէ կապ չի կարող ունենալ կատարված գողության հետ: Տեսնելով, որ ես չեմ զանգահարում, այդ օրը Ա.Ղարիբյանն ինձ զանգեց իր բջջային 094 884848 համարից ու հայհոյանքներ տալով ինձ անպատվեց, ասելով, թե ինչու չեմ կատարում խոստումս: Ես նրան ասացի, որ իբր չեմ կարողանում գտնել Մհերին: Այդ օրը` 2010թ. հունվարի 12–ին ՌԴ-ից եկել էր իմ բարեկամ Արթուրը, որի հետ Սարիբեկն ինձ ուղարկել էր 300 ԱՄՆ դոլար կոշիկների պարտքից: Ես այդ գումարը վերածել եմ ՀՀ դրամի: Ճշգրիտ օրը չեմ հիշում, բայց այդ օրերին այդ գումարով գրավից հանել ենք Վազգենի մատանին:

Դրանից երկու օր անց` հունվարի 14-ին առավոտյան ինձ կրկին զանգել է ոստիկան Ղարիբյանը, հարցնելով, թե ինչքան ժամանակից կարող եմ ներկայանալ ոստիկանություն: Ես նրան պատասխանել եմ, որ մոտ կես ժամից կարող եմ լինել ու դուրս գալով տնից, գնացել եմ ոստիկանության Կենտրոնական բաժին: Երբ հասա այնտեղ, իմացա, որ այնտեղ է նաև իմ ընկեր Մհերը: Ոստիկաններն ինձ ասեցին, թե իբր Մհերը խոստովանել է ու ասել է, որ ես Գոհարից վերցնելով դրամարկղի բանալին, տվել եմ իրեն, բացատրել եմ չհրկիզվող պահարանի բանալու տեղը ու ինքը կատարել է այդ գողությունը: Ես նորից ասեցի, որ նման բան չի եղել ու այդ պատճառով չէր կարող Մհերը այդպիսի ցուցմունք տալ, որից հետո նորից մի քանի հոգով ինձ սկսեցին ծեծել` ընթացքում պարտադրելով, որ ես խոստովանեմ գողությունը, քանի որ իրենք համոզված են, որ տեղյակ եմ կատարված գողությունից: Նորից մինչև ուշ երեկո պահելով ոստիկանությունում, սակայն տեսնելով, որ ես ու Մհերը չենք խոստովանում, մեզ բաց թողեցին: Այդ օրը ոստիկանների մոտ էր գտնվում նաև կինոթատրոնի տեսախցիկների տեսագրությունը, որը ցույց են տվել նաև ինձ: Այնտեղ ֆիքսված էր մի հոգի, սակայն ոստիկաններին նույնպես ակնհայտ էր, որ այդ ֆիքսված անձնավորությունը ո’չ ինձ է նման, ո’չ էլ Մհերին: Հաջորդ օրը ոստիկան Ղարիբյանը նորից է զանգահարել ինձ ու ճշտել Մհերի հեռախոսահամարը:

Դրանից հետո անցել էր բավականին ժամանակ, սակայն Վահրամը Վարազդատի գումարն այդպես էլ չէր տվել, իսկ ես խոստացել էի Վարազդատին, որ եթե մինչև հունվարի վերջ Վահրամը գումարը չտա, ապա ես կտամ այդ գումարը: Այդպես էլ եղավ, Վահրամը չէր կարողանում գումար ճարել, ես ստիպված դիմեցի Գոհարին, նա ասաց, որ գումար չունի, սակայն ունի ոսկե շղթա, որը կարելի է գրավ դնել: Ես զանգեցի Վահրամին ու խնդրեցի գնալ Գոհարենց տնից վերցնել այդ շղթան ու գրավ դնել գրավատանը, վերցրած գումարով վերադարձնել Վարազդատի պարտքը: Վահրամը Գոհարից վերցնելով նրա ոսկե թևնոցը այն գրավ էր դրել ու վերադարձրել Վարազդատի գումարը, իսկ ավելացած գումարը ես վերցրել եմ Վահրամի մոտից, որպեսզի տամ Բեգյան Վահեին` իր վզնոցը գրավից հանելու համար, սակայն քանի որ համալսարանում դասերը դեռ չէին սկսվել, ես մի քանի օր գումարը պահել եմ մոտս, բայց այդպես էլ չեմ կարողացել տալ իրեն:

2010թ. փետրվարի 6–ին ինձ է զանգահարել Գոհարն ու ասել, որ իրենց հարևան` ոստիկանության աշխատակից Մոսն ուզում է, որ իրեն զանգեմ ու փոխանցել է նրա հեռախոսի համարը: Ես զանգահարել եմ նրա 099 990202 համարին: Մոսն ասաց, որ ցանկանում է ինձ հետ զրուցել ու մենք պայմանավորվել ենք հանդիպել Երևան քաղաքի ոստիկանության վարչության շենքի դիմաց: Այդ մասին ես հեռախոսով հայտնել եմ հորս, որն ասաց, որ միայնակ չգնամ, սակայն ես նրան հանգստացրեցի, ասելով, որ ուզում են հետս զրուցել ու ինքս չեմ պատկերացրել, թե ինչ է ինձ սպասում: Ժամը 12–ի մոտ ես հանդիպել եմ Մոսին: Նա ինձ հրավիրեց վարչության շենք ու բարձրացել ենք 4–րդ հարկ: Այնտեղ ոստիկանները սկզբից բառերով ու հոգեբանական ճնշում գործադրելով նորից ստիպում էին, որպեսզի ես իբր խոստովանեմ կինոթատրոնից գողությունը, սակայն ես հրաժարվել եմ ու կրկին բացատրել, որ ես այդ գողության հետ բացարձակ ոչ մի կապ չունեմ: Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ ինձ չեն կարողանում համոզել, տարել են քրեական հետախուզության պետ Եգոր Անտոնյանի մոտ, որին հայտնել են, որ ես իբր ճիշտ ցուցմունք չեմ տալիս: Նրանց պետն ասաց, որպեսզի իմ նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով ստիպեն, որ ես ճիշտ ցուցմունք տամ, ասելով, որ ծեծից հետո ես ամեն ինչ իբր կհասկանամ: Ոստիկաններն ինձ տարել են նույն սենյակը, բերել են թղթեր, որտեղ երևում էր, որ ես զանգեր եմ կատարել Վահրամի, Վազգենի, Գոհարի, Մհերի համարներին ու ասացին, որ այդ զանգերից երևում է, որ ես գողությունն իբր կատարել եմ Գոհարի, Վահրամի ու Վազգենի հետ: Ես նորից ժխտել եմ դա, կրկնել, որ ես կամ իմ ընկերները ոչ մի կապ չունենք գողության հետ, որից հետո երեք-չորս ոստիկաններով սկսել են ինձ ծեծել: Ինձ ծեծել են երեք-չորս հոգով, բոլորը երիտասարդ ոստիկաններ` քրեական հետախուզության աշխատակիցներ, հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով գլխիս: Չնայած պատճառած ցավն ուժեղ էր, ես ուժ եմ գտել ու նրանց ուզածը չեմ ասել: Որոշ ժամանակ ծեծելուց հետո, տեսնելով, որ ես նորից իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում ինձ, շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին, ասելով. «նա էլ հո էսքան չի դիմանա»: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ: Ոստիկաններն ինձ նորից տարան սենյակ ու սկսեցին շորերս քաշքշել, որպեսզի հանեն ու միաժամանակ երկու հոգի գնացին Գոհարի հետևից: Տեսնելով, որ նրանց արածն արդեն անցնում է ամեն սահման և ինքնասիրությունս ու արժանապատվությունս պահելու համար ես նրանց խնդրեցի չստորացնեն ինձ, որին պատասխանեցին, որ ուրեմն իրենց ասածով պետք է անեմ, քանի որ այլ տարբերակ չունեմ: Ստիպված ես համաձայնվեցի ասել այն, ինչ իրենք էին ցանկանում, իսկ նրանք խոստացան, որ ինձ հանգիստ կթողնեն ու այլևս չեն ծեծի և Գոհարին էլ չեն բերի: Չնայած ոստիկանները պնդում էին, որ ես գրեմ, որպեսզի Վահրամի ու Վազզգենի հետ եմ կատարել գողությունը, ես նրանց կարողացա համոզել, որ գրեմ միայն Վահրամի անունը, իսկ Վազգենի մասին գրեմ, թե իբր նրան էլ եմ առաջարկել մասնակցել գողությանը, բայց նա հրաժարվել է: Այդպես ես տվել եմ բացատրություն, որն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում: Բացատրությունում գրված յուրաքանչյուր նախադասություն թելադրվել է իրենց կողմից: Դա երևում է նաև ձևակերպումներից և բառապաշարից, որոնք հատուկ են ոստիկանությանը: Այդ պատճառով էլ ես բավական մանրամասն եմ գրել իբր իրականությունը: Գումարի չափը նույնպես ասել են ոստիկանները: Երբ արդեն պետք է գրեի, թե ինչ եմ արել գումարը, նրանք ասացին, որ գրեմ, թե իբր իմ ծանոթներից մեկին եմ տվել, որը գնացել է արտասահման ու ներկայումս Հայաստանում չէ: Դա արվեց ամենայն հավանականությամբ այն նպատակով, որպեսզի հնարավոր չլինի ոչ ճշտել, ոչ էլ հերքել այդ հանգամանքը: Քանի որ իմ բարեկամ Արթուրն էր այդ ընթացքում Ռուսաստանից եկել Երևան, ես էլ գրեցի, թե իբր տվել եմ նրան, որ իբր ինչ-որ ոստիկան Արմանին ունեցած պարտքս տա, սակայն դա լրիվ հորինված է, իրականում նման բան չի եղել: Ես հատուկ եմ գրել Արթուրի անունը, որ հնարավոր լինի ստուգել իմ ասածը ճիշտ է, թե ոչ: Ես ստիպված եմ եղել, որովհետև այլ տարբերակ չեմ ունեցել և այլևս չէի կարող դիմանալ ոստիկանների դաժան ու անմարդկային վերաբերմունքին: Բացատրությունս գրելուց հետո ոստիկանները կազմել են նաև իբր ինձ բերման ենթարկելու արձանագրություն, չնայած ես ինքս էի գնացել նրանց կանչով, սակայն ստիպված ստորագրել եմ նաև այդ արձանագրությունը: Ոստիկաններն ինձ ասացին, որ տանելու են քննիչի մոտ ու նույնությամբ ցուցմունք տամ նաև նրա մոտ, հակառակ դեպքում նորից իրենց հետ գործ կունենամ ու կանեն այն, ինչ չեն արել: Արդեն ուշ երեկոյան տանելով Կենտրոնի քննչական բաժին, ինձ հանձնել են քննիչ Տ.Կիրակոսյանին, որն էլ ինձանից վերցրել է ցուցմունք: Ցուցմունքում ես գրել եմ այն, ինչ բացատրությունում: Քննիչը անմիջապես կազմել է ինձ ձերբակալելու մասին արձանագրություն, ինչպես նաև արձանագրություն պաշտպանից հրաժարվելու մասին, չնայած այն հանգամանքին, որ ես նրան խնդրում էի հնարավորություն տալ կապնվելու հորս հետ, ասելով, որ ոչինչ չեմ գրի մինչև չզրուցեմ հորս հետ: Ես ցանկանում էի, որպեսզի հորս տեղյակ պահեմ այդ ամենի մասին, որ ինձ համար փաստաբան հրավիրի: Սակայն քննիչն ասաց, որ արդեն ուշ ժամ է, ինքը պարտավոր չէ իմ պատճառով ուշ գնա տուն և ցուցմունքս ու մնացած գործողությունները վերջացնելուց հետո նոր միայն թույլ կտա զանգել հորս: Հակառակ դեպքում կվերադարձնի ինձ քաղաքային ոստիկանության վարչություն և առավոտյան նոր կհարցաքննի ինձ: Այդպես ճնշված ու անօգնական վիճակում ես ցուցմունքումս գրել եմ այն, ինչ արդեն գրել էի բացատրությունումս, կրկնելով, թե իբր գողությունը իմ խնդրանքով կատարել է Վահրամը: Երբ որ ես գտնվում էի քննիչի մոտ, հայրս փաստորեն երկար ժամանակ ինձանից լուր չունենալով և անհանգստանալով, կանչել էր փաստաբան Ա.Աթարբեկյանին, փեսայիս և ընկերոջս` Վարազդատի հետ եկել էր Կենտրոնի քննչական բաժին: Այդ ժամանակ քննչական բաժնի այդ մասնաշենքում, որտեղ գտնվում էր քննիչ Տ.Կիրակոսյանի աշխատասենյակը, կար ևս մեկ քննիչ, որի սենյակը հակառակ կողմում էր և Տ.Կիրակոսյանը նրա հետ փոխվեց սենյակներով ու ինձ տարավ մյուս քննիչի սենյակ: Պատճառն այն էր, որ Տ.Կիրակոսյանի պատուհանը նայում է դեպի ծառայողական մուտքի կողմը և այնտեղ գտնվող հարազատներս փաստորեն կարող էին ինձ տեսնել, կամ լսել ձայներս, իսկ այդ մյուս սենյակում գտնվելու ընթացքում` ոչ: Ցուցմունքս գրելու ժամանակ այդ մասնաշենքի մուտքի դուռը բանալիով փակ էր ու այդ ընթացքում լսեցի, թե ինչպես է հայրս թակում դուռը, իսկ մյուս քննիչը նրան խաբելով ասում, որ Կիրակոսյանը այստեղ չէ, այլ գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում: Փաստորեն դրանով Կիրակոսյանը ժամանակ էր ձգում, որպեսզի ինձանից վերցնի այսպես կոչված խոստովանական ցուցմունքը ու փաստաբանը կամ որևէ այլ անձ չխանգարի իրեն: Այդ ընթացքում քննիչը շտապեցնում էր ինձ: Մինչ հարազատներս գնացին ոստիկանություն ու ճշտելով, որ ես այնտեղ չեմ գտնվում, վերադարձան քննչական բաժին, անցել էր մոտ մեկ ժամ: Ես արդեն ավարտել էի ցուցմունքս ու քննիչը այդ ժամանակ միայն բացելով դուռը հորս ու փաստաբանին թույլ տվեց մտնել ներս: Երբ հայրս տեսավ իմ վիճակը, փաթաթվեց ինձ ու ես նրա ականջին ասեցի, որ ստիպել են ընդունեմ գողությունը, բայց այն ես չեմ կատարել: Դա արդեն ժամը 00.25-ն էր, քննիչը կազմեց արձանագրություն փաստաբանի ներկայանալու մասին, սակայն չնայած փաստաբանս իմանալով տեղի ունեցածը պահանջեց լրացուցիչ հարցաքննել ինձ, քննիչն այլևս ինձանից ցուցմունք չվերցրեց, ասելով, որ իր աշխատանքային օրը վաղուց ավարտվել է ու ինքը պետք է գնա տուն: Ավելացնեմ, որ ոստիկանության Երևանի վարչությունում բացատրություն վերցնելուց առաջ ոստիկանների կողմից ինձ չեն պարզաբանվել իմ իրավունքները, որ կարող եմ հրաժարվել բացատրություն տալուց կամ բացատրություն տալ փաստաբանի ներկայությամբ, դեռ ավելին, երբ ես խնդրում էի ինձ հնարավորություն տալ, որպեսզի կապնվեմ հորս հետ, նրանք զայրանում էին ինձ վրա ու շարունակում ծեծել:

Հարգելի դատարան. Չնայած ես պարտավոր չեմ ապացուցելու իմ անմեղությունը, այլ մեղադրանքի կողմը պետք է ապացուցի իմ մեղավորությունը, այդուհանդերձ կներկայացնեմ որոշ փաստարկներ, որոնք ցույց են տալիս մեղադրող կողմի առաջադրած մեղադրանքի անհիմն լինելը, անհեթեթությունը և հաստատում իմ անմեղությունը:

Նախ, ինքնախոստովանական ցուցմունքի վերաբերյալ ասեմ, որ այնտեղ գրված ոչ մի այսպես կոչված «փաստ» չի հաստատվում:

  • Ես ՌԴ Պյատիգորսկ քաղաքում որևէ պարտք չեմ ունեցել, այլ հակառակը, գումար վաստակած եմ եկել Երևան ու դեռ ավելին, ինքս եմ պարտքով գումարներ տվել հորաքրոջս` Արփենիկ Վարդանյանին: Դեռ ավելին, բարեկամիս` Սարիբեկ Մկրտչյանն է ինձ գումար պարտք եղել:
  • Չկա ոչ մի ոստիկան Արման, որին իբր ես գումար եմ պարտք եղել, դա ստիպված հորինել եմ ոստիկանների պահանջով, որ ինչ-որ կերպ իբր պատճառաբանվի իբր գողացված գումարի ծախսը:
  • Գողացված գումարն ինձ մոտ չի հայտնաբերվել ու չէր էլ կարող հայտնաբերվել:
  • Ես չեմ արել այնպիսի ծախսեր, որպեսզի դրանց միջոցով երևար, որ ինձ մոտ խոշոր գումար է եղել: Ավելին, շատերը կարող են փաստել, որ այդ օրերին ես, ֆինանսական առումով, նույն կերպ եմ ապրել, ոնց որ մինչ այդ: Դեռ ավելին, ստիպված եմ եղել Գոհարի ոսկյա զարդը գրավ դնել:
  • Ես իմ ծանոթ Արթուր Հարությունյանին որևէ գումար չեմ տվել իբր այդ ոստիկան Արմանին փոխանցելու համար:
  • Իմ որպես կասկածյալ տված ցուցմունքում, որն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը ու գրված է հոգեբանական ու ֆիզիկական բռնություն գործադրելու արդյունքում, նշված է, թե իբր այդ ոստիկան Արմանն ինձ անհանգստացրել է, շտապեցրել է, որ այդ իբր եղած պարտքը վերադարձնեմ: Սակայն նման բան չի եղել, նրա անհանգստացնելու եղանակը կարող էր լինել միայն ինձ այնտեղից հեռախոսով զանգահարելը, բայց իմ վերծանումներում չկա Ռուսաստանից կատարված որևէ զանգ: Դրանով էլ հաստատվում է այն փաստը, որ նման բան չի եղել: Իմ վերծանումներում առկա ռուսաստանյան 4192520 համարն իմ ծանոթ Կատյայինն է, որի հետ պարբերաբար կապ եմ պահել sms-երի միջոցով, իսկ 4490420 համարը Արթուրինն է, որն ինձ sms–ով 2010թ. հունվարի 12–ին տեղյակ էր պահել իր գալու մասին: Այս ամենը հեշտությամբ կարելի է ստուգել ու համոզվել իմ ասածների ճշմարտության մեջ: Քննիչը ևս համոզված է եղել, որ այդ իմ գրածները լիովին չեն համապատասխանում իրականությանը, այդ իսկ պատճառով դրանք ստուգելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:
  • Բացի այդ, որպես կասկածյալ տված ցուցմունքում նշել եմ, թե իբր դեպքից մի քանի օր առաջ, երբ Գոհարը տանն է եղել, ես Գոհարի պայուսակից նրանից գաղտնի վերցրել եմ դրամարկղի բանալին ու պատճենահանել եմ, հետո նորից նրանից թաքուն հետ դրել պայուսակի մեջ: Դա հերթական աբսուրդն է, որ ես ստիպված գրել եմ ոստիկանների պահանջով: Քանի որ Գոհարը այս տարվա հունվարին աշխատել է կենտ օրերին, նշանակում է, որ իմ ասած բանալին իբր պատճենահանել եմ զույգ օրերին` նրա հանգստյան օրերին: Դեպքից մի քանի օր առաջ գնալով ստացվում է, որ ես այդ բանալին իբր պատճանահանել եմ հունվարի 6–ին կամ 4–ին կամ էլ 3–ին, 2-ին, 1-ին, երբ Գոհարը չի աշխատել: Հունվարի 10–ին կամ 8–ին դա չէր կարող լինել, քանի որ նշել եմ, թե իբր մի քանի օր առաջ: Դուրս է գալիս, որ ես իբր այդ բանալու պատճենահանումը կատարել եմ Նոր տարվա տոն օրերին այն դեպքում, երբ այդ ընթացքում սպասարկման բոլոր օբյեկտները, այդ թվում նաև բանալի պատրաստելու արհեստանոցները փակ են եղել: Այն, որ այս միտքը նույնպես աբսուրդ է, հաստատվում է նաև նրանով, որ քննիչը ոչ միայն ինձ չի հարցրել, թե կոնկրետ որտեղ եմ իբր բանալին պատճենահանել, այլև այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել` համոզված լինելով, որ իմ ասած այս դրվագները ևս սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և նա իզուր ժամանակ է վատնելու փորձելով հաստատել կամ ժխտել դրանք, քանի որ հնարավոր չէ պարզել կամ հաստատել մի բան, որն իրականում տեղի չի ունեցել:
  • Բացի այդ, տեսագրությունում ֆիքսված անձը բացարձակապես նման չէ ոչ ինձ, ոչ էլ Վահրամին, նման հագուստներ մենք չունենք ու չենք ունեցել: Վկաներից որևէ մեկը, որ տեսել են այդ կադրերը, չեն նմանեցրել Վահրամին, չնայած շատերը ցուցմունք տվեցին, որ ճանաչում են նաև նրան: Դեռ ավելին, որևէ մեկը նույնիսկ չի ասել, որ մենք նման հագուստ ենք ունեցել: Միայն մեկը ասեց, որ կադրում երևացող մարդու կոշիկները նմանացրել է իմ կոշիկներին: Սակայն նման որակի տեսագրություն դիտելիս, կարծում եմ շատերի կոշիկները նման կլինեն իրար:

Հարգելի դատարան. Մի հանգամանք ևս, որ ես ուզում եմ նշել: Քաղաքային վարչությունում եղած ժամանակ ոստիկանները մի քանի անգամ ասել են, որ այս գործը գտնվում է իրենց նախարարի «կանտռոլի տակ», քանի որ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Ադոյանը ՀՀ ոստիկանության պետ Ա.Սարգսյանի մտերիմ ընկերն է և, որ իրենց ճնշում են շուտ բացահայտելու այն: Նաև ասում էին, որ իրենց զզվեցրել են, իրանք էլ ինձ են ճնշելու ու զզվացնելու մինչև ես չխոստովանեմ, որ գողությունն իբր կատարել եմ ես, քանի որ միակ կասկածյալը ես եմ և իմ ընկերները: Դրանով եմ ես բացատրում ոստիկանների, մասնավորապես քաղաքային վարչության ոստիկանների չակերտավոր ասած «ջանասիրությունը»: Դրա համար էլ նրանք ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առել, որպեսզի ինձանից կորզեն իբր խոստովանական ցուցմունքներ, հաշվի չառնելով նույնիսկ այն, որ իրենց ասածն ու իմ գրածը անտրամաբանական է ու հեշտությամբ պարզվելու է, որ չի կարող գտնվել որևէ փաստ, որ ապացուցի իմ ասածի համապատասխանությունը իրականությանը:

Քննիչի կողմից ինձ մեղադրանք առաջադրելուց ես ուղղակի նշել եմ, որ նախորդ ցուցմունքս տվել եմ հոգեբանական և վախի ճնշման ներքո, իսկ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ արդեն դատարանում հայտնել եմ, որ այսպես կոչված խոստովանությունը կատարել եմ ֆիզիկական և հոգեբանական ճնշմամբ, ծեծի հետևանքով, որը կիրառվել է ոստիկանների կողմից, սակայն Հայաստանում արդեն սովորական դարձած արատավոր պրակտիկայի համաձայն քննիչի կողմից ոչ մի գործնական քայլ չի կատարվել իմ փաստարկները ստուգելու կամ պարզելու ուղղությամբ: Ընդամենը ՁՊՎ-ից ու քրեակատարողական հիմնարկից գրավոր պատասխան է ստացել, որ իբր իմ վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դա ուղղակի ծիծաղելի է, քանի որ նշված վայրեր մտնելիս ոչ մեկի մարմինը չի ստուգվում ընդհանրապես, միայն նայում են դեմքին վնասվածք չկա և անմիջապես արձանագրում են, իսկ մեր ոստիկաններն էլ այնքան «խելոք» են ու այնպես են հմտացել մարդկանց առանց հետքերի ծեծելու մեջ, որ գոնե դեմքին հարվածներ չեն հասցնում: Այն, որ ես իրոք ենթարկվել եմ խոշտանգման, դաժան ու անմարդկային վերաբերմունքի և ծեծի, կարող են հաստատել նաև այն կալանավորները, որոնք իմ հետ գտնվել են նույն խցում, երբ ես տեղափոխվել եմ քրեակատարողական հիմնարկ: Մի քանի օր շարունակ ես չէի կարողանում նույնիսկ հանգիստ քայլել, ունեի ուժեղ ցավեր մեջքիս, գլխիս և ոտքերիս մասերում:

Բացի այդ, նախաքննական վարկածի համաձայն ես դրսից իբր հեռախոսի զանգերով ուղղություն եմ տվել Վահրամին կինոթատրոնի ներսում կողմնորոշվելու համար, որը տևել է առնվազն 42 րոպե: Նախ ասեմ, որ եթե ես Վահրամին եմ խնդրել, որ նա գողությունը կատարի, որպեսզի ես չֆիքսվեմ, ուրեմն զգուշացել եմ, որ ինձ կարող են ճանաչել: Ես ավարտել եմ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը «Ռադիոֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտությամբ: Ես շատ լավ գիտեի, որ բջջային հեռախոսների զանգերը և անտենաները, որտեղից կատարվում են զանգերը, ֆիքսվում են: Դրանց միջոցով հեշտությամբ կարելի է որոշել անձի գտնվելու մոտավոր տարածքը: Այս պարագայում, ցանկության դեպքում միթե՞ մենք չէինք կարող ուրիշ հեռախոսներով զանգել միմյանց: Դա այդքան էլ դժվար գործ չէ: Բացի այդ, եթե Վահրամին կողմնորոշելու կարիք լիներ, ապա կարող էի հեռախոսին միացնել ականջակալներ ու այսպես ասած «օնլայն»` առանց խոսակցությունն ավարտելու նրան ուղղություն տալ: Կարծում եմ, եթե ես կատարած լինեի գողությունը` իմանալով, որ մեծ գումար ենք «վաստակելու», ապա այդքան տևողությամբ խոսելու վրա մի քանի հարյուր դրամ ծախսելը գոնե չէինք ափսոսա և ավելի հարմար կլիներ, քան այդքան մեծ տևողության ընթացքում մի քանի րոպեն մեկ զանգեր կատարելը: Զանգերի տևողությունից էլ պարզ է, որ ուղղություն տալու մասին խոսք չի կարող լինել: Իրականում ես նրան անընդհատ զանգել եմ, քանի որ Վարազդատն իր գումարին էր սպասում, իսկ ինքն անընդհատ ասում էր, հեսա հասնում եմ ու բացի այդ այն կարճ տևողությամբ զանգերն ուղղակի չեն լսվել, քանի որ ինչպես նշեցի, գտնվել եմ նկուղային հարկում և խոսակցությունը չի լսվել: Մեղադրող կողմի ենթադրությունը, թե այդ մի քանի վայրկյան տևած զանգերով ես կողմորոշել  և ուղղություն եմ տվել Վահրամին, անտրամաբանական է: Ինչ է դուրս գալիս, թե իբր մի քանի րոպեն մեկ զանգել եմ ու Վահրամին ասել եմ աջ կամ ձախ շարժվի՞: Դա ծիծաղելի է և անտրամաբանական: Քանի որ դրամարկղը գտնվում է կինոթատրոնի սպասասրահում և նույնիսկ առաջին անգամ կինոթատրոն մտնելիս անձը հեշտությամբ կարող է գտնել դրամարկղի գտնվելու վայրը ու կարծում եմ գողություն կատարելուց էլ անձը մինչև մտնելը գոնե մոտավոր կիմանար դրա գտնվելու վայրը. այլ ոչ թե բավական ժամանակ կանցկացներ կինոթատրոնի ներսում և միայն բազմաթիվ զանգերով կողմնորոշվելուց հետո կգտներ այն: Իսկ վերջին զանգերը մի քիչ երկար են տևել, որովհետև ես արդեն նրան բացատրում էի, որ կոպիտ ասած քաշում է և’ ինձ, և’ Վարազդատին, քանի որ այդ տղան սպասում էր իրեն, որ գումարը բերեր: Միթե ակնհայտ չէ, որ գողություն անող մարդիկ կաշխատեին ընդհանրապես միմյանց հետ հեռախոսային կապ չհաստատել: Այս զանգերի առկայությունը նույնպես վկայում է այն մասին, որ այդ գողությունը մենք չենք կատարել:

Բացի այդ, այն, որ ես ու Վահրամը որևէ կապ չունենք կատարված գողության հետ, հաստատվում է նաև այն փաստով, որ նույնիսկ իբր մեր կողմից գողացված գումարի չափն է սխալ գրված եղել: Դա բացատրվում է միայն մի կերպ. իրականում ոստիկաններն են ինձ թելադրել այդ չափը: Այս դեպքում կամ իրենք տեղյակ չեն եղել գողացված գումարի չափի մասին` կինոթատրոնի ղեկավարության կողմից իրենց չասելու պատճառով, կամ էլ հենց կինոթատրոնում չեն իմացել գողացված գումարի չափի մասին և ոստիկաններին տվել են նման տեղեկություն: Փաստը մնում է փաստ, որ եթե ես կամ Վահրամը կատարած լինեինք գողությունը, ապա կիմանայինք գումարի իսկական չափը և եթե ես իրականում խոստովանած լինեի գողությունն իբր իմ կողմից կատարված լինելը, ապա կնշեի նաև գումարի ճիշտ չափը: Հակառակն անելու տրամաբանություն ուղղակի չկա: Միևնույն է, իմ նշած չափը անցնում է երեք միլիոնը և նույնպես հանդիսանում է առանձնապես խոշոր չափ:

Բացի այդ, միթե տրամաբանական է, որ առաջադրված մեղադրանքի համաձայն, երբ ես իբր Վահրամի անմիջական կատարմամբ գողանայի այդչափ գումար, նրան կտայի գողացածի համեմատ առնվազն ծիծաղելի գումար ու Վահրամն էլ խելոք կվերցներ և չէր պահանջի իր արածին համարժեք գումար: Կարծում եմ այդպես չի կարող լինել ու եթե երկու հոգի գողություն են կատարում, ապա գողացված գումարը կիսում են հավասար կամ հավասարին մոտիկ չափերի: Դա ևս խոսում է այն մասին, որ մենք չենք կատարել գողությունը:

Հարգելի դատարան, ուսումնասիրելով քրեական գործը իմ մոտ ստեղծվել է տպավորություն, որ քննիչը ոչ թե ուզեցել է համակողմանի ուսումնասիրել և բացահայտել կատարված գողությունը, այլ ջանացել է ամեն ինչ անել ցույց տալու համար, որ իբրև թե այդ գողությունը մենք ենք կատարել: Այդ նկատառումներով իմ մոտ առաջացել են մի քանի հարցեր, որոնք պահանջում են պատասխաններ: Քանի դեռ այդ հարցերի պատասխանները տրված չեն, ոչ ոք չի կարող ասել, որ քննությունը կատարվել է անկաշառ և ամբողջական: Դրանք են.

  • Նախ, ակնհայտ է, որ ամեն կերպ ուզեցել են թաքցնել գողության հաջորդ օրերին ոստիկանության կատարած գործողությունները: Ինչու՞:
  • Ոստիկանները այդ օրերին կատարե՞լ են արդյոք դեպքի վայրի զննություն, մատնահետքեր վերցրել են թե ոչ: Եթե այդ ամենը չի արվել, ապա ինչ պատճառով:
  • Իրենց տրամադրված տեսաերիզները մոնտաժված են եղել թե ամբողջական:
  • Ոստիկաններից ո՞վ է մասնակցել տեսաերիզների մոնտաժմանը:
  • Ի՞նչ պարագայում են կորել տեսախցիկների նկարահանած ամբողջական երիզները: Չէ որ առաջին օրերին նրանք դեռ կային: Ո՞վ է մոնտաժել այդ կադրերը և ու՞մ պատվերով են ընտրվել  հենց այս դրվագները և անհետ կորցրել մնացածը:
  • Ինչու՞ է քննիչը պահանջել տեսախցիկների նկարահանումները գործը սկսելուց 10 օր անց միայն:
  • Ինչու՞ քննիչը չի տրամադրել մեր փաստաբաններին տեսախցիկների նկարահանած ֆիլմերը և միայն դատարանի միջնորդությամբ մենք այն ստացանք:
  • Ինչու՞ իրավաբանորեն ճիշտ ձևով չի ձևակերպվել նկարահանող սերվերի ժամանակի սխալ լինելը և որքա՞ն է եղել սխալի մեծությունը: Չէ որ պարզ է, որ գողության ժամանակը ճիշտ ֆիքսելը շատ կարևոր է գործը բացահայտելու համար: Ինչու՞ չեն հարցաքննվել այդ կոմպյուտերների հետ անմիջական աշխատող մարդիկ ճշտելու համար ժամացույցների սխալների մեծությունները:
  • Ինչու՞ չեն հարցաքննվել այդ օրվա պահակները, որոնք կարող էին գոնե ճշգրիտ ասել, թե ժամը քանիսին են փակել կինոթատրոնի դռները և երեկոյան ժամերին ուրիշ ովքեր են մտել, դուրս եկել կինոթատրոն:
  • Ինչու՞ են պնդում, որ այդ օրը առաջին հարկի սրճարանը չի աշխատել, չնայած երկու դրվագներում երևում է, որ այն աշխատել է: Եւ, եթե աշխատել է, ինչու՞ քննիչը սրճարանի աշխատակիցներին չի հարցաքննել, թե նրանք այդ օրը երեկոյան կասկածելի ինչ որ բաներ տեսել են թե ոչ:

Այս հարցերի անպատասխան լինելը բացատրվում է մի բանով. այս գործը ամեն գնով ցանկացել են ավարտել, այն բարդելով իմ և Վահրամի վրա: Հավանաբար տեսաերիզներում երևում են նաև այլ մարդիկ, որոնց ցանկացել են թաքցնել: Ենթադրում եմ, որ որոշ մարդկանց ձեռնտու չի եղել գործի բացահայտումը և, միաժամանակ, մեծ է եղել ցանկությունը զեկուցելու ղեկավարությանը, որ գողությունը բացահայտված է և այն կատարել ենք մենք:

Հարգելի դատարան, կրկնում եմ, որ ես կամ Վահրամը որևէ կապ չունենք կատարված գողության հետ: Մենք այստեղ ենք գտնվում միայն մեկ բանի հետևանքով, որ կինոթատրոնի ղեկավարությունը համոզված է նրանում, որ գողությունն իբր կատարվել է իմ կողմից, սակայն դա որևէ կերպ չի հաստատվում գործում առկա ապացույցներով: Հավանաբար իմ անձի նկատմամբ չգիտեմ, թե ինչ պատճառով ունեցած նախատրամադրվածությունն է նման համոզվածություն ունենալու համար հիմք տվել, սակայն հավաստիացնում եմ, որ ես բացարձակապես որևէ առնչություն չունեմ գողության հետ: Իմ բերած փաստարկները արդեն բավարար են համոզվելու համար, որ այս գործը շինծու է, այնտեղ չկա իմ դեմ վկայող ոչ մի ապացույց և, որ ես և իմ ընկեր Վահրամը անմեղ ենք:

Ստեփան Հովակիմյան

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

2 Responses to Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը դատարանում

  1. Pingback: 2011 in review | Ստեփան Հովակիմյան

  2. Pingback: Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազին | Ստեփան Հովակիմյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s