Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել | Lragir.am

Դատավոր Արմեն Խաչատրյան

Դատավոր Արմեն Խաչատրյան

«Ես ժխտել եմ դա, կրկնել, որ ես կամ իմ ընկերները ոչ մի կապ չունենք գողության հետ, որից հետո 3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը երիտասարդ ոստիկաններ` քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: Չնայած պատճառած ցավն ուժեղ էր, ես ուժ եմ գտել ու նրանց ուզածը չեմ ասել: Որոշ ժամանակ ծեծելուց հետո, տեսնելով, որ ես նորից իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում ինձ, շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին (ընկերուհուս), ասելով. «նա էլ հո էսքան չի դիմանա»: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»,- գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը պատմում է, թե ինչպես են Երեւանի գլխավոր քննչական վարչությունում իրենից ինքնախոստովանական ցուցմունքներ կորզել:

Նրա դատապաշտպան Տիգրան Սաֆարյանից տեղեկացանք, որ Անտոնյանը հրահանգել է մերկացնել Ստեփանին եւ «դուբինկան մտցնել …»:

«Ոստիկաններն ինձ նորից տարան սենյակ ու սկսեցին շորերս քաշքշել, որպեսզի հանեն, ու միաժամանակ երկու հոգի գնացին Գոհարի հետևից: Տեսնելով, որ նրանց արածն արդեն անցնում է ամեն սահման, և ինքնասիրությունս ու արժանապատվությունս պահելու համար ես նրանց խնդրեցի չստորացնել ինձ, որին պատասխանեցին, որ ուրեմն իրենց ասածով պետք է անեմ, քանի որ այլ տարբերակ չունեմ: Ստիպված ես համաձայնվեցի ասել այն, ինչ իրենք էին ցանկանում, իսկ նրանք խոստացան, որ ինձ հանգիստ կթողնեն ու այլևս չեն ծեծի և Գոհարին էլ չեն բերի»,- խոշտանգման միջոցով կորզված բացատրությունն ու ցուցմունքներն էլ դրվել են Ստեփանին եւ նրա ընկերոջը` Վահրամ Քերոբյանին, առաջադրված մեղադրանքի հիմքում:

Ըստ այդ մեղադրանքի`Ստեփան Հովակիմյանը 2010 թվականի հունվարի 10-ին, ժամը 23:00-ին կազմակերպել և ղեկավարել Մոսկվա կինոթատրոնին պատկանող դրամարկղ-տոմսարկղից Վահրամ Քերոբյանի կողմից կատարված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակությունը:

2010 թվականի փետրվարի 6-ին, երբ դատարանը որոշում է կայացրել Ստեփանին կալանքի վերցնելու մասին, վերջինս դատավոր Գագիկ Պողոսյանին տեղեկացրել է, որ իրեն ծեծել ու ստորացրել են, սակայն դատարանը պատշաճ ձեւով չի արձագանքել նրա հայտարարությանը, դատախազությանը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, ինչը պարտավոր էր անել: Մինչ այդ տված իր ցուցմունքներում եւս Ստեփանը գրել է իրեն ծեծի ենթարկելու մասին, սակայն նրան դատաբժշկական փորձաքննության չեն ենթարկել՝ պարզելու համար նա վնասվածքներ ունի, թե ոչ: Ստեփանը չգիտի իրեն ծեծող ոստիկանների անունները, բայց հորն ասել է, որ տեսնելու դեպքում կճանաչի նրանց:

Նշենք, որ Ստեփանին գողության մեջ կասկածելու հիմնական պատճառն այն է եղել, որ նրա ընկերուհին` Գոհար Մանուկյանը, աշխատել է Մոսկվա կինոթատրոնում, եւ ըստ մեղադրանքի, Ստեփանը հաճախ է այցելել նրան, հետեւաբար եւ ծանոթ է եղել դրամարկղում պահվող գումարների մասին: Սակայն, ինչպես Ստեփանն է նշել, այս գործը գտնվել է ոստիկանապետի «կանտռոլի տակ», քանի որ «Մոսկվա»
կինոթատրոնի տնօրեն Ադոյանը Ալիկ Սարգսյանի մտերիմ ընկերն է, և որ քննիչներին ճնշել են գործը շուտ բացահայտելու համար:

«Նաև ասում էին, որ իրենց զզվեցրել են, իրանք էլ ինձ են ճնշելու ու զզվացնելու մինչև ես չխոստովանեմ, որ գողությունն իբր կատարել եմ ես, քանի որ միակ կասկածյալը ես եմ և իմ ընկերները: Դրանով եմ ես բացատրում ոստիկանների, մասնավորապես քաղաքային վարչության ոստիկանների «ջանասիրությունը»: Դրա համար էլ նրանք ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առել, որպեսզի ինձանից կորզեն իբր խոստովանական ցուցմունքներ, հաշվի չառնելով նույնիսկ այն, որ իրենց ասածն ու իմ գրածը անտրամաբանական է ու հեշտությամբ պարզվելու է, որ չի կարող գտնվել որևէ փաստ, որ ապացուցի իմ ասածի համապատասխանությունը իրականությանը»,- դատարանին հայտնել է Ստեփան Հովակիմյանը:

Նա վստահեցնում է, որ իր հետ նույն խցում գտնված կալանակիցները կարող են հաստատել, որ ինքը ծեծի եւ խոշտանգումների է ենթարկվել:

«Մի քանի օր շարունակ ես չէի կարողանում նույնիսկ հանգիստ քայլել, ունեի ուժեղ ցավեր մեջքիս, գլխիս և ոտքերիս մասերում»,- հիշում է Ստեփանը:

Դատաքննության ընթացքում փաստաբան Տիգրան Սաֆարյանը մի շարք միջնորդություններ է ներկայացրել դատարանին, այդ թվում ծեծի արդյունքում գրված բացատրությունն անընդունելի ճանաչելու եւ մի շարք անձանց որպես վկա հարցաքննելու մասին, սակայն դատավոր Արմեն Խաչատրյանը մերժել է դրանք:

«Դատավորն ասում է՝ ես զարմանում եմ, թե Դուք ինչու եք նույն միջնորդությունները ներկայացնում, եթե գիտեք, որ ես նույն հիմքով մերժում եմ»,- ասում է փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Վաղը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: 28 եւ 24 ամյա երիտասարդները մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 միլիոն ՀՀ դրամ եւ 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու մեջ:

Ի դեպ, քրեական գործում առկա է տեսագրություն, որտեղ երեւում է, որ սպիտակ գլխաշորով մի երիտասարդ տղա մոտենում է դրամարկղին եւ որոշ ժամանակ անց հեռանում է այնտեղից: Ըստ մեղադրանքի՝ այդ տղան Վահրամ Քերոբյանն է, սակայն քրեական գործում բացակայում է փորձագիտական եզրակացությունը Վահրամ Քերոբյանի եւ կադրերում երեւացող տղայի նույնականության մասին: Իսկ վերջինիս դեմքը տեսանելի չէ, որպեսզի անզեն աչքով հնարավոր լինի պարզել՝ դա Վահրամն է, թե ոչ:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

Գործին վերաբերող մյուս մանրամասները կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներում:

Լուսանկարում` դատավոր Արմեն Խաչատրյանը
http://www.lragir.am/armsrc/right42435.html3

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s