ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին

Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ` ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Քր. գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում: Դատավարությունը, մինչև ս.թ. հունվարի 11-ը, վարում էր դատավոր Արմեն Խաչատրյանը, այժմ գործի վարույթը հանձնվել է դատավոր Մխիթար Պապոյանին:
Գողությունը «Մոսկվա» կինոթատրոնում կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում Ս. Հովակիմյանը երկու անգամ առանց պատշաճ ծանուցման տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, այնտեղ ենթարկվել է խոշտանգումների` փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Սակայն բերման ենթարկելու մասին որևէ  արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները: Ոչ մարդկային մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որ այսօր դրված է քր. գործի հիմքում: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը`Վ. Քերոբյանը:
Առաջին իսկ դատական նիստի ժամանակ, երբ որոշվում էր խափանման միջոցը, Ս. Հովակիմյանը դատարանին հայտնել է, որ ցուցմունքը կորզվել է խոշտոնգումների միջոցով և այն ամբողջությամբ հորինված ու սուտ է իսկ քննիչը մեղավորության որևէ ապացույց չի բերել: Սակայն դատարանը խափանման միջոց ընտրել է կալանքը, իսկ այդ հայտարարությանը ընթացք չի տվել:
Հետագայում ևս Ս. Հովակիմյանը դատարանում հայտարարել է, որ ինքնախոստովանական ցուցմունքները գրվել են ծեծի, խոշտանգումների և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ. «3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: …Որոշ ժամանակ ծեծելուց հետո, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին` ընկերուհուս: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»:
Դատավոր Արմեն Խաչատրյանը ոչ միայն ընթացք չի տվել Ս. Հովակիմյանի` խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններին, այլև մերժել է ամբաստանյալների փաստաբանների (Տիգրան Սաֆարյան և Գիվի Հովհաննիսյան) ներկայացրած այն միջնորդությունները, որոնք կարող են վկայել ինքնախոսովանական ցուցմունքի` հորինված լինելու կամ ոստիկանությունում կատարված խոշտանգումների մասին և նպաստել գործի համակողմանի քննությանը:
Այս ամենի վերաբերյալ եղել են հրապարակումներ նաև մամուլում (տես հղումները ստորև): Սակայն մինչ օրս պատկան մարմինները որևէ կերպ չեն արձագանքել:
Խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելը, առանց հիմնավորումներ հրապարակելու կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, դատաքննությունը կողմնակալ և ոչ համակողմանի վարելը հաստատում են մտավախությունն այն մասին, որ  դատական գործընթացը նպատակաուղղված է ոչ թե արդարադատության հաստատմանը, իրական հանցագործների բացահայտմանը, այլև մեղադրող կողմի կարծիքի հիման վրա կասկածյալների դատապարտմանը` առանց ուղղակի ապացույցների առկայության:
Դիմող` Բենիամին Հովակիմյան

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Նամակներ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , . Bookmark the permalink.

2 Responses to ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին

  1. Pingback: Համմարբերգը տեղյակ է բլոգից | Ստեփան Հովակիմյան

  2. Pingback: 2011 in review | Ստեփան Հովակիմյան

Comments are closed.