Համմարբերգին առաջարկել են` պատժամիջոցներ Հայաստանի դեմ | Առավոտ

2011-01-19

Պատմում են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ երեկվա հանդիպումների մասնակիցները:


Թոմաս Համմարբերգին հանդիպումներում ուղեկցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի Հայաստանում նախկին հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ներկա ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:

Իրավապաշտպանների հետ հանդիպումից

Երեկ կեսօրին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանին: Վերջինս «Առավոտին» պատմեց. «Համմարբերգը հիմնականում լսում էր, քանի որ իր խնդիրը մեզ լսելը եւ հետագայում մեր տեսակետները հաշվի առնելով՝ Հայաստանի պաշտոնյաներից հանդիպումների ընթացքում պարզաբանումներ ստանալն էր, որից հետո, ինչպես ինքն ասաց, կաշխատի իր զեկույցի վրա: Զրույցի հիմնական թեմաներն էին բանակի խնդիրները, ԶԼՄ-ների ազատության խնդիրը, «մարտի 1»-ի դեպքերի հետագա ընթացքը, հավաքների եւ երթերի ազատությունը: Անդրադարձ եղավ նաեւ մի քանի այլ թեմաների, որոնցից ամենակարեւորն, իմ կարծիքով, ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումներն են: Ասենք, ինքս որպես օրինակ նշել եմ Ստեփան Հովակիմյանի դեպքի մասին, որին 9 ժամ խոշտանգել են, հետո սպառնացել սեռական բռնություններով, ասել են, թե կձերբակալեն ընկերուհուն: Դրանից հետո նա ինքնախոստովանական ցուցմունք էր գրել, որից ավելի ուշ հրաժարվել էր: Եվ դատի ընթացքում փաստաբանները որքան էլ միջնորդություններ էին արել խոշտանգումների վերաբերյալ՝ դատավորը հաշվի չէր առել»:
Միքայել Դանիելյանը պատմեց. «Երբ խոսում էինք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին եւ ասում, թե 2008-ի մարտի 1-ից հետո երկրում ոչինչ չի փոխվել, ՀՀ-ն չի ուզում կատարել ԵԽ պահանջները եւ ստանձնած հանձնառությունները, ես նշեցի, թե մնում է մի հնարավորություն՝ Հայաստանի նկատմամբ էլ, ինչպես Բելառուսի դեպքում է, կիրառել տարբեր պատժամիջոցներ՝ նաեւ տնտեսական, կրճատել ֆինանսական օգնությունը: Սաքունցն առաջարկեց, թե կարելի է իշխանության մի քանի ներկայացուցիչների ցուցակ ներկայացնել, որոնց մուտքը եվրոպական երկրներ պետք է արգելվի: Չհասցրի՝ ժամանակ չեղավ, ես կառաջարկեի նույնիսկ սառեցնել որոշ պաշտոնյաների բանկային հաշիվները»: Հարցին, թե այս առաջարկներին ինչպես է արձագանքել պրն Համմարբերգը՝ Միքայել Դանիելյանը պատասխանեց. «Նա այն քիչ մարդկանցից է, որը ցույց չի տալիս իր վերաբերմունքը. միայն լսում է»:

Լրագրողական կազմակերպությունների հետ հանդիպումից

Թոմաս Համմարբերգը հանդիպել է նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին, Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանին, «Ինտերնյուսի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանին, «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչ Նադյա Հակոբյանին եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, որը պատմեց. «Զրույցը խոսքի, տեղեկատվության ազատության, ԶԼՄ-ների գործունեության, իրավունքների խախտումների շուրջ էր: Ամենակարեւոր թեման, իհարկե, թվայնացման խնդիրներն էին: Եվ այս կապակցությամբ անդրադարձ եղավ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը լրամշակող աշխատանքային խմբին, որին մաս կազմող ԵՄԱ-ի եւ «Ինտերնյուս»-ի ղեկավարները նշեցին, թե այն այնքան էլ արդյունավետ չի գործում: Եվ ես ասացի, թե ցավոք՝ իրականություն դարձավ մեր այն մտավախությունը, թե աշխատանքային այս խումբը ստեղծելն իմիտացիոն բնույթ էր կրում, եւ դա էր պատճառը, որ ԽԱՊԿ-ն օգոստոսին ստեղծեց աշխատանքային սեփական խումբը՝ օրենսդրական, տեխնիկական եւ հանրային համաձայնության հասնելու հարցերի շուրջ առաջարկությունների փաթեթ պատրաստելու նպատակով եւ դրանք ներկայացրեց դեկտեմբերին: Մենք առաջարկեցինք պրն Համմարբերգին, որ ինքը կամ իր աշխատակազմը ծանոթանան մեր առաջարկներին, որոնք շուտով հրապարակելու ենք նաեւ անգլերեն: Մեր առաջարկները ներկայացնելու ենք ե՛ւ ԱԺ բոլոր խմբակցություններին, ե՛ւ գործադիր իշխանության համապատասխան մարմիններին, ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին»:
Երբ անդրադարձ է եղել հեռարձակման մրցույթներին՝ Էդիկ Բաղդասարյանն ասել է, թե իրականում ոչ մի մրցույթ տեղի չի ունենում. «Ի սկզբանե է որոշվում հաղթողը, թե ով պետք է լինի եթերում»: Նաեւ խոսել է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման անհրաժեշտության մասին:

Բանակի շուրջ  հանդիպումից

Առավոտյան պրն Համմարբերգը հանդիպել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Պաշտպանության նախարարը Թոմաս Համմարբերգին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումները: Սեյրան Օհանյանը եւ Թոմաս Համմարբերգը կիսել են այն կարծիքը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման եւ իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ»:
Ավելի ուշ՝ 16.30-ին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել էր իրավապաշտպանների, որոնք հատուկ զբաղվում են բանակի խնդիրներով: Մասնակիցների կազմը կիսով չափ նույնն է եղել, ինչ կեսօրի հանդիպման ժամանակ՝ էլի ներկա են եղել Միքայել Դանիելյանը եւ Ավետիք Իշխանյանը, նրանց միացել են «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արման Դանիելյանը: Ավետիք Իշխանյանը պատմեց. «Համմարբերգին շատ էին մտահոգում բանակում կատարվող դեպքերը, դրանց պատճառները, եւ սպասում էր առաջարկների, թե ինչ կարելի է անել, որ փոխվի այդ իրավիճակը, բանակում հաստատվի կարգուկանոն: Ես անդրադարձա նախ եղած դեպքերի մասին թվերի իրարամերժ լինելուն. հենց պաշտոնակա՛ն տվյալներն են իրարամերժ: Վերջին շրջանում դրանք համարվում են գաղտնիք ու չեն էլ տրամադրվում: Խոսեցի պատճառների մասին. հիմնականներից մեկն այն է, որ շատ հաճախ հրամանատարները պատերազմի նախկին մասնակիցներ են եւ համարվում են անձեռնմխելի: Կարեւոր պատճառներից մեկն անպատժելիությունն է, քանի որ այդ դեպքերից հետո զինվորների հարազատների մխիթարությունը կարող է միայն այն համարվել, որ պատժվեն իրական մեղավորները: Բայց տարիներ են անցնում, եւ իրական մեղավորները չեն պատժվում, գործը կասեցվում է՝ այդպիսի մի քանի դեպքերի մասին փաստեր ես նրանց տրամադրեցի, ասենք, Արայիկ Հարությունյանի, Տիգրան Օհանջանյանի եւ այլն: Բանակում տուժողների մեծ մասը սոցիալապես անապահով խավերից են՝ նրանց ներկայացուցիչները շատ հաճախ չեն կարողանում պաշտպան վարձել, իսկ ըստ «Հանրային պաշտպանի մասին» օրենքի՝ տուժողները չեն կարող ունենալ նման պաշտպան: Առաջարկեցի, որ նրանց անվճար տրամադրվի տուժողի ներկայացուցիչ փաստաբան: Նաեւ առաջարկել եմ, որ ռազմական ինստիտուտում հատուկ դասընթացներ լինեն իրավաբանության, մարդու իրավունքների վերաբերյալ՝ դա կարող է ինչ-որ չափով օգտակար լինել: Եվ ստեղծվի այնպիսի վիճակ բանակում, որ մարդիկ կարողանան բողոքել: Ասացի, որ ծառայելիս, զորացրվելուց հետո էլ զինվորները չեն ուզում խոսել բանակի վիճակի մասին. սա նշանակում է, որ մթնոլորտն առողջ չէ: Գուցե հարկ է բողոքների համար հատուկ փոստարկղ դնել՝ կողպեքով, որը կարող է բացել միայն օմբուդսմանը: Բայց դա էլ չի օգնի, եթե չստեղծվի մթնոլորտ, որ զինվորները կարող են բողոքել»:

«Ա1+»-ի եւ «Գալա»-ի հետ հանդիպումից

Համմարբերգը հանդիպել է «Ա1+» եւ «Գալա» հեռուստաընկերությունների ղեկավարներին: «Գալա»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանն ընդգծել է, որ հեռարձակման մրցույթը հնազանդներից ամենահնազանդներին ընտրելուն էր վերաբերում: Իսկ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պատմեց, որ Համմարբերգը շատ է զարմացել՝ լսելով, թե ինչ իրավիճակ է եղել մրցույթների ընթացքում. «Նրան դա շատ էր հետաքրքրում, քանի որ լսել էր, թե մենք խախտումներով ենք մասնակցել մրցույթին: Համմարբերգի առաջին հարցը հենց դա էր՝ դուք հասնելով հաղթանակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչպե՞ս գնացիք նման խախտումների: Պատասխանեցի, թե մի՞թե ես ոչ ողջամիտ մարդու տպավորություն եմ թողնում, որը միտումնավոր կաներ նման քայլ: Կարծում եմ՝ ոչ: Մինչդեռ Գրիգոր Ամալյանը տարածում է, թե հատուկ եմ նման փաստաթղթեր ներկայացրել, քանի որ չեմ ցանկանում եթեր ունենալ: Սա ուղղակի հիվանդ տրամաբանություն է: Նման բան բացառվո՛ւմ է: Եվ ասացի, որ ինքներս ենք փորձում պարզել կատարվածը, եւ մեղավորը կպատժվի: Համմարբերգին նաեւ շատ հետաքրքրեց, թե ինչպե՞ս են թույլ տվել, որ նման խախտումներ ունեցող փաթեթը մասնակցի մրցույթին: Առաջարկեցի, որ այդ հարցն ուղղի Գրիգոր Ամալյանին եւ ՀՀ նախագահին, քանի որ պատասխանն ինձ էլ է հետաքրքրում: Մանավանդ որ՝ մրցույթում թողնելուց հետո էլ 6 չափորոշիչներով «Ա1+»-ին նշանակել են 0: Համմարբերգն ասաց, որ այս խնդրին հանգամանորեն անդրադառնալու է զեկույցում»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/politics/87562/view

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հոդվածներ, Առավոտ օրաթերթ and tagged , , , , , . Bookmark the permalink.