Բենիամին Հովակիմյանի ցուցմունքը

Բենիամին Ստեփանի Հովակիմյան
/ծնվ. 03.01.1952թ. Գյումրի քաղաքում,
ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն
կրթությամբ, տեխնիկական գիտությունների
թեկնածու, ամուսնացած, աշխատում է «Զիգզագ»
ՍՊ ընկերությունում որպես ծրագրավորող,
բնակվում է ք.Երևան Դավիթաշեն 1-ին թաղ. 22շ., բն.30,
հանդիսանում է Ստեփան Բենիաիմինի Հովակիմյանի հայրը,
անձնագիր` AB 0214576, տրվ. 26.11.1996թ. 012-ից/
Հարցման ենթարկվող Բենիամին Հովակիմյանը հայտնեց հետևյալը.
Ես ունեմ բարձրագույն կրթություն, տեխնիկական գիտությունների թեկնածու եմ, մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ունեմ հինգ երեխա: Ամուսնացել եմ 1980 թ. Կարինե Մկրտչյանի հետ: Մենք ունեցել ենք երեք երեխա` Տաթևիկ Հովակիմյանը, ով ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը և այժմ աշխատում է որպես սրտաբան, երկրորդը` Ստեփան Հովակիմյանը, և երրորդը` Կարին Հովակիմյանը, ով այժմ սովորում է Մոսկվայի Պետական Իրավաբանական համալսարանի առաջին կուրսում: Կարինի ծննդյան ժամանակ 1983թ.  մահացավ իմ կինը` Կարինե Մկրտչյանը: Հետագայում, 2004թ. ես ամուսնացել եմ երկրորդ անգամ և ունեցել եմ ևս երկու զավակ` Ավետիս և Արևիկ Հովակիմյանները:
Իմ որդին` Ստեփան Հովակիմյանը, ավարտել է Երևանի Քվանտ վարժարանը 1999 թվականին և նույն տարին բավական բարձր գնահատականներով ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Ռադիոֆիզիկայի» ֆակուլտետը պետական պատվերի շրջանակներում: Ուսման ընթացքում, նյութական դժվարությունների պատճառով, Ստեփանը ստիպված էր երբեմն ուսումը համատեղել աշխատանքի հետ: Նյութական դժվարություններից բացի կային նաև հոգեբանական դժվարություններ` կապված իր մայրիկի մահվան հետ: Մոր անժամանակ մահը լուրջ հետք թողեց նրա կյանքում:  Դրանից հետո իմ երեխաների հոգսը իր վրա վերցրեց մայրս` Ծաղկանուշ Բաղդասարյանը: Սակայն ցավոք, երբ Ստեփանը դեռ սովորում էր երկրորդ կուրսում, մահացավ նաև մայրս, որը, նույնպես, շատ ծանր տարավ Ստեփանը:  Նա հոգեբանական դեպրեսիայի մեջ 2001թ. իր դիմումի համաձայն դուրս եկավ Պետական համալսարանից և մեկնեց ծառայության ՀՀ Զինված ուժերում: Բանակում ծառայելուց հետո նա չէր ցանկանում շարունակել ուսումը` մեր սոցիալական պայմանները ծանր էին: Ես մնացել էի մենակ իմ երեք երեխաների հետ, որոնցից մեծը դեռ սովորում էր բժշկական համալսարանում, իսկ փոքրը` տասը տարեկան չկար:
2007թ. Ստեփանը վերականգնեց իր ուսումը Պետ. համալսարանի «Ռադիոֆիզիկայի» ֆակուլտետում:  2009թ., ավարտելով նշված ֆակուլտետը, Ստեփանը փորձում էր մասնագիտական աշխատանք գտնել: Սակայն իմ և իր բոլոր փորձերը ավարտվեցին անհաջողությամբ` մենք չկարողացանք որևէ հարմար աշխատանք գտնել նրա համար: Այդ ընթացքում Ստեփանը իմ մորաքրոջ տղայի` Սարիբեկ Մկրտչյանի հետ, փորձում էր կոշիկների արտահանում կազմակերպել Հայաստանից դեպի ՌԴ Պյատիգորսկ քաղաք: Որոշ փոքր քանակներ նույնիսկ ուղարկեցին: Սակայն դա անհրաժեշտ արդյունք չտվեց: Ես տեղյակ եմ, որ Սարիբեկ Մկրտչյանը որոշակի գումար էր պարտք մնացել Ստեփանին, և աստիճանաբար  մարում էր:
2009թ. ամռանը Ստեփանը մեկնեց արտագնա աշխատանքի ՌԴ Պյատիգորսկ քաղաք, որտեղ բնակվում էին իմ հարազատ քույրը և եղբայրը իրենց ընտանիքներով: Այնտեղից նա վերադարձավ հոկտեմբեր ամսի սկզբներին: Ես իմացել էի, որ նա այնտեղ` Պյատիգորսկի շուկայում, զբաղվել էր փափուկ խաղալիքների վաճառքով, և վաստակել էր որոշակի գումար: Նա այդ գումարից մոտ երկու հազար ԱՄՆ դոլար պարտքով տվել է իմ հարազատ քրոջը` Արփենիկ Վարդանյանին, գնել է իր համար հագուստներ, մեզ համար փոքրիկ նվերներ և իր հետ էլ բերել էր որոշ գումար: Երբ Ստեփանը ուզում էր դառնալ իր ընկերոջ` Արմենի երեխայի կնքահայրը, նա դիմեց ինձ, բայց ես չկարողացա ֆինանսապես նրան օգնել: Այդ ժամանակ նա դիմել էր իր ընկեր Վահե Բեգյանին և նրանից պարտքով դրամ խնդրել: Հետագայում ես, արդեն Ստեփանի ձերբակալվելուց հետո, Վահեից իմացա, որ նա գրավ էր դրել իր ոսկե շղթան: Այդ գրավի գումարը քիչ քիչ, քսան, քսանհինգ հազար դրամով ես եմ տվել Վահեին, որ նա կարողանա հանել գրավադրված շղթան: Վերջին գումարը տվել եմ Վահեին նրա բանակ մեկնելուց մեկ շաբաթ առաջ:
2009թ. նոյեմբերի սկզբին Ստեփանը մի քանի օրով նորից մեկնեց ՌԴ Պյատիգորսկ քաղաք պայմանավորվելու հետագա աշխատանքների համար: Ես տեղյակ էի, որ նա ճանապարհածախսը պարտքով վերցրել էր իր ընկեր Մհերից և խոստացել էր վերադառնալիս վերադարձնել: Մի քանի օրից վերադարձավ, բայց իր հետ դրամ չէր բերել:
Հունվարի 11-ին, երկուշաբթի օրը, երբ ես գտնվում էի իմ աշխատավայրում, մոտ կեսօրին, ճշգրիտ ժամը չեմ հիշում, ինձ զանգեց Ստեփանը և հայտնեց, որ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել գողություն և կասկածում են իր ընկերուհուն` Գոհարին: Ես խորհուրդ տվեցի շատ չանհանգստանալ, բայց մի փոքր անց ինքս գնացի «Մոսկվա» կինոթատրոն: Այնտեղ ես Ստեփանին չգտա: Ստեփանի բջջային հեռախոսը անհասանելի էր: Հետո իմացա, որ ոստիկանները նրա ձեռքի հեռախոսը վերցրել և անջատել էին: Ցանկացա տեսնել տնօրենին` պարոն Մարտին Ադոյանին, սակայն ասացին, որ նա տեղում չի: Հանդիպեցի փոխտնօրենին` պարոն Նորիկ Ասատրյանին, ներկայացա և խնդրեցի ասել, թե ինչ է կատարվել: Նա ինձ ասեց, որ նախորդ օրը երեկոյան ուշ տեղի է ունեցել  գողություն: Գողացել են դրամարկղում եղած տոմսերի վաճառքից առաջացած ողջ հասույթը: Նա նաև ասեց, որ ինքը անձամբ որևէ մեկին չի կասկածում, բայց աշխատակիցներից ոմանք, երբ տեսել են նկարված տեսաերիզները, այնտեղ երևացող մեկին նմանեցրել են Ստեփանի ընկեր Մհերին: Այդ պատճառով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Ստեփանին և Գոհարին տարել են բաժին հարցաքննության: Ես զանգեցի իմ հորեղբոր տղային` Սամվել Սևադային, պատմեցի կատարվածը և գնացի ոստիկանության Կենտրոնական բաժին իմանալու, թե ինչ է կատարվել: Ոստիկանության շենքին մոտենալ պարզապես հնարավոր չէր, քանի որ այդ օրը բերման էին ենթարկել երկու օլիգարխների թիկնազորներից բազմաթիվ մարդկանց: Իմ հարցերին հերթապահները պատասխանում էին շատ անորոշ, և կոպիտ բառերով հեռացնում էին անգամ շենքի մուտքից: Ես սկսեցի զանգել Ստեփանի ընկերներին: Զանգահարել եմ մասնավորապես Մհերին, Վարազդատին, Վահագնին: Նրանք նույնպես ոչնչից տեղյակ չէին: Ես, հուսահատված որ կկարողանամ որևէ բան ճշտել, արդեն բավականին ուշ, գնացել եմ տուն` ընթրելու և նորից վերադառնալու ոստիկանություն: Ես տանն էի, երբ, ճիշտ ժամը չեմ հիշում, Ստեփանը դուրս  եկավ ոստիկանության շենքից ու զանգահարեց ինձ: Երբ եկավ տուն, պատմեց կատարվածի մանրամասները: Նա մասնավորապես պատմեց, որ □Մոսկվա□ կինոթատրոնում իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով երկու մարդ, պարտադրանքով իրեն մտցրել են ոստիկանության մեքենան և տարել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեռ մեքենայում վերցրել են բջջային հեռախոսը և թույլ չեն տվել որ որևէ մեկին զանգահարի: Այնտեղ իրեն` Գոհարին և երկու ընկերներին` Արմանին և Սերգեյին, որոնց նույնպես տարել էին բաժին, պահել են առանձին սենյակներում: Ժամանակ առ ժամանակ մոտեցել են ինչ որ աշխատակիցներ, ոմանք խոսքերով, ոմանք կոպիտ բառերով և ծեծելով փորձել են համոզել, որ Ստեփանը խոստովանի, որ ինքն է արել այդ գողությունը իր ընկեր Մհերի հետ: Ես ասացի, որ զանգել եմ իր ընկերներին, մասնավորապես, Մհերին և նա տեղյակ է որ իրեն տարել են ոստիկանության բաժին: Ստեփանը նաև ասեց, որ իրեն համոզում էին, որ ավելի լավ է ինքը խոստովանական ցուցմունք տա: Ասել են, թե իբր Գոհարն արդեն ցուցմունք է տվել և պատմել, որ ինքն է տվել Ստեփանին դրամարկղի սենյակի մուտքի բանալին, որը Ստեփանը իբր փոխանցել է իր ընկեր Մհերին, որը և կատարել է գողությունը: Բայց ինքը հրաժարվել է նման բան գրել, քանի որ անտեղյակ է կատարվածից: Նա անընդհատ պնդել է, որ ոչ ինքը, ոչ Գոհարը, ոչ էլ Մհերը տեղյակ չեն այդ գողությունից: Ստեփանը նաև պատմեց, որ բաժնում իրեն ծեծել են և թողել են պայմանով, որ ինքը հաջորդ օրը հանդիպի Մհերի հետ և այդ ժամանակ ոստիկանները գան և Մհերին իր հետ միասին բռնեն:
Այդ նույն օրը` հունվարի 11-ին ժամը մոտ 3-ին եկավ իմ հորեղբոր տղան Սամվել Սևադան, ում հետ մենք հանդիպեցինք «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն պարոն Մարտին Ադոյանին: Մենք երեքով սուրճ խմեցինք երկրորդ հարկի սրճարանում և այդ ընթացքում պարոն Ադոյանը մեզ պատմեց կատարված գողության մասին: Նա նաև ասաց, որ ինքը անձամբ որևէ մեկին չի կասկածում, բայց աշխատակիցներից ոմանք, երբ տեսել են նկարված տեսաերիզները, այնտեղ երևացող մեկին նմանեցրել են Ստեփանի ընկեր Մհերին, որին ինքը չի էլ ճանաչում: Այդ պատճառով էլ կասկածում են իմ տղային` Ստեփանին:
Դեպքից մի երկու օր անց, հունվարի 13-ին կամ 14-ին Ստեփանին է զանգել ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակից Աշոտ Ղարիբյանը և ասել, որ Ստեփանը ներկայանա բաժին: Ստեփանը զանգել է ինձ, տեղյակ պահել, որ իրեն նորից կանչում են ոստիկանության Կենտրոնական բաժին: Ես նրան հարցրել եմ, թե կարող է կարիք կա անհանգստանալու, որին նա պատասխանել է բացասաբար և ասել, որ ինքը բացարձակ տեղյակ չի այդ գողությունից: Ես նրան խնդրեցի կապ պահել ինձ հետ: Որոշ ժամանակ հետո ես զանգել եմ Ստեփանին, սակայն նրա հեռախոսը անհասանելի էր: Ես անհանգստացա և նորից գնացի ոստիկանության Կենտրոնական բաժին: Բավական ժամանակ անցնելուց հետո, իմ համառ ջանքերի հետևանքով ես կարողացել եմ մտնել բաժին և հանդիպել Աշոտ Ղարիբյանին: Նա ինձ ընդունեց շատ քաղաքավարի և ասաց, որ գողության մեջ կասկածում են իմ տղային` Ստեփանին և նրա ընկերոջը` Մհերին: Ես հարցրեցի, թե ինչ ապացույցներ ունեն, որին նա պատասխանեց, որ կինոթատրոնի տեսախցիկները նկարահանել են գողություն կատարողին և աշխատակիցները այդ անձին նմանեցրել են Ստեփանի ընկերոջը: Ես ներսում մնացի որոշ ժամանակ, որից հետո Աշոտ Ղարիբյանը ասեց, որ տեսաերիզների տղան Մհերը չի, քանի որ Մհերը ակնհայտ ավելի բարձրահասակ է, քան այդտեղ երևացող կասկածյալը: Որոշ ժամանակ անց, իրենց պետի մոտ խորհրդակցելուց հետո, Ստեփանին և Մհերին բաց թողեցին: Երբ դուրս եկանք, ես տեսա, որ դռանը սպասում էր Մհերի մայրը և եղբայրը: Նրանցից էլ իմացա, որ Մհերը կարճ ժամանակ առաջ վիրահատվել էր և դեռ լիովին չէր առողջացել:
Ոստիկանությունից դուրս գալուց հետո Ստեփանը ինձ պատմել է, թե ինչ է այնտեղ կատարվել: Նրան փորձել են համոզել, որ Մհերը գրել է խոստովանական ցուցմունք և լավ կլինի, եթե ինքն էլ խոստովանի, որը Ստեփանը մերժել է և պնդել, որ ոչ ինքը, ոչ Գոհարը, ոչ էլ Մհերը տեղյակ չեն այդ գողությոնից: Ստեփանը նաև պատմեց, որ բաժնում իրեն ծեծել են: Ես ասեցի, որ չեմ հավատում, որ Աշոտ Ղարիբյանը կարող էր իրեն ծեծել: Նա էլ ասեց, որ Աշոտը, այո, իրեն չի ծեծել, բայց ծեծել են այլ, ավելի երիտասարդ երկու աշխատակիցներ: Ստեփանը պնդում էր, որ իրենք իսկապես ոչ մի առընչություն չունեն այդ գողության հետ: Այդ ընթացքում ես անընդհատ փորձում էի հասկանալ, թե Ստեփանը իսկապես առընչություն չունի կատարվածին, թե ինձ խաբում է: Ես հասկացա, որ նա ինձ չի խաբում:
Ես, որպես Ստեփանի հայր, բավական լավ եմ ճանաչում իրեն և ներքին զգացողությամբ զգում եմ` ինքը խաբում է ինձ թե ոչ: Բացի դրանից ես մաթեմատիկոս ծրագրավորող եմ և բավականին լավ տեսնում եմ գործերի մանրամասները և ներկայացված ցանկացած նյութի ներքին հակասությունները: Ես վկայում եմ, որ այդ օրը, ինչպես նաև առ այսօր ես որևէ ձևով չեմ զգացել, թե նրանք որևէ առնչություն ունեցել են այդ գողությանը: Ինչպես նաև չեմ նկատել որևէ փաստ, որը գոնե անուղղակիորեն վկայեր այդ մասին: Մասնավորապես` այդ օրերին Ստեփանի մոտ չի նկատվել ավելորդ գումար: Նա նույն ձևով ինձանից էր խնդրում իր օրվա ծախսի փողը, ոչ մի շռայլություն ես չեմ նկատել: Նշեմ, որ ինքը շատ է սիրում իր փոքր երկու տարեկան քրոջը` Արևիկին և վեց տարեկան եղբորը` Ավետիսին: Եթե նրա մոտ ավելորդ փող լիներ, նա անպայման նվերներ կգներ նրանց համար կամ կտաներ որևէ տեղ, բայց նման բաներ նույնպես չեն եղել: Ստեփանը սիրում է նաև գեղեցիկ հագնվել, նա նոր հագուստի թուլություն ունի, սակայն այդ օրերին նա որևէ նոր հագուստ չի գնել իր համար: Ես համոզված եմ, որ փող լինելու դեպքում նա չէր դիմանա գայթակղությանը և իր համար հագուստներ կգներ:
2010թ. փետրվարի 6–ին` կեսօրին մոտ, ես գտնվում էի իմ աշխատավայրում, երբ ինձ զանգեց Ստեփանը և հայտնեց, որ գնում է հանդիպելու ոմն ոստիկանի` Մոսոյի հետ միլիցիայի քաղաքային վարչության շենքի մոտ: Ես նրան ասեցի, որ մենակ չգնա, այլ սպասի ինձ: Նա ասեց, որ ոչինչ չի կարող պատահել, քանի որ ինքը ոչ մի հանցավոր արարք չի արել: Ես պնդում էի, որ նա գոնե չմտնի վարչության շենք, այլ դրսում զրուցի այդ Մոսո կոչվածի հետ կամ, եթե ինչ-որ բան այնպես չլինի, զանգի ինձ: Ցավոք, ես որոշ պատկերացում ունեմ, թե ինչեր են կատարվում այդ` օրենքը պահպանելուն կոչված հաստատություններում: Որոշ ժամանակ անց ես զանգեցի Ստեփանին, նրա հեռախոսն արդեն անհասանելի էր: Դա մոտ տասներկուս անց կես էր: Շատ անհանգստացա և անհապաղ գնացի ոստիկանության քաղաքային վարչություն: Ժամը 13-ին ես արդեն այնտեղ էի: Քաղաքային վարչության հերթապահ մասի աշխատակիցները սկզբում ինձ ասում էին, որ ոչինչ չգիտեն իմ տղայի մասին: Սակայն ես համառորեն պնդում էի, որ իմ տղան այդտեղ է և խնդրում էի իրենց, որ իմանային թե կոնկրետ որտեղ և ում մոտ է նա գտնվում: Համառ ջանքերից հետո, նրանցից մեկը, հավանաբար խղճալով ինձ, կամ հարգելով իմ տարիքը, զանգեց քրեական բաժին և այնտեղից ճշտեց, որ Ստեփանը իրենց մոտ է ու ինձ ասեց այդ մասին և, որ անհագստանալու բան չկա, զրուցում են, ինչ որ հարցեր են ճշտում և շուտով բաց կթողնեն: Արդեն ժամը 17-ի մոտերքը շենքից դուրս էին գալիս երկու քաղաքացիական հագուստներով մարդիկ: Հերթապահ մասի տղաները ասեցին, որ նրանցից մեկը քրեական բաժնի պետի տեղակալն է և նրան հայտնեցին, որ ես Ստեփանի հայրն եմ: Նա մոտեցավ ինձ ու համոզում էր տուն գնամ, քանի որ Ստեփանը որևէ հարցում չի կասկածվում և, որ շուտով, որոշ հարցեր ճշտելուց հետո նրան կթողնեն: Ես կասկածեցի իր ասածներին և բառացի ասացի այս խոսքերը. □Ես Ձեզ ինչպես մարդը մարդուն խնդրում եմ Ստեփանին չծեծել և, եթե մի բան կա ինձ ուղիղ ասել□: Հետո ավելացրեցի, որ հավանաբար ինքն էլ հայր է և ունի զավակներ: Այս խոսքերից հետո մեզ մոտեցավ մեկ ուրիշը և առանց ներկայանալու հրահանգեց հերթապահներին ինձ դուրս շպրտել շենքից: Ես, ուղղակի, կարկամեցի: Փոխվեց նաև առաջին անձը և սկսեց շատ կոպիտ ձևով ինձ դուրս անել շենքից: Մոտեցան հերթապահները և, բառացիորեն հրելով ինձ դուրս հանեցին շենքից և նույնիսկ չէին թողնում կանգնել շենքի բակում: Մի որոշ ժամանակ էլ թափառելով քաղաքային վարչության շենքի դիմաց, երբ արդեն մութն ընկել էր, ես հուսահատ տուն գնացի: Ինձ համար ակնհայտ էր, որ այդ պարոնները սուտ էին ասում, նրանց համար մարդը ընդհանրապես արժեք չի:
Տանը ես կատարվածը և իմ ապրումները պատմել եմ իմ կնոջը` Աննա Սարգսյանին, այդ ժամանակ մեր տանը գտնվող իմ աղջկան` Տաթևիկ Հովակիմյանին և փեսայիս` Կարեն Զոհրաբյանին: Երեկոյան 9-ի կողմերը  Ստեփանի հեռախոսից ինձ զանգեց Աշոտ Ղարիբյանը և հայտնեց, որ իմ տղան ձերբակալված է, գտնվում է Կենտրոնական քննչական բաժնում, բացատրեց տեղը և ասեց, որ գործը գտնվում է ավագ քննիչ Տիգրան  Կիրակոսյանի վարույթում և ես պետք է տանեմ Ստեփանի անձնագիրը: Նա նաև նշեց, որ Ստեփանի մեղավորությունը լրիվ ապացուցված է և նա գրել է ինքնախոստովանական ցուցմունք: Մենք խառնվեցինք իրար, զանգեցի իմ բարեկամներին գտնելու որևէ վստահելի փաստաբան: Մեկը խորհուրդ տվեց Արթուր Աթարբեկյանին: Ես զանգեցի նրան, պայմանավորվեցինք հանդիպել քննչականի մոտ և փեսայիս` Կարենի հետ շտապ գնացինք այնտեղ: Երբ մենք տեղ հասանք այնտեղ տեսանք Ստեփանի քեռուն` Նելսոն Մկրտչյանին, նրա փեսային` Վարազդատին, Ստեփանի ընկերոջը` Վահագնին: Վարազդատը և Վահագնը իրենց մեքենաներով էին: Քիչ անց եկավ նաև մեր փաստաբանը` Արթուր Աթարբեկյանը: Մենք թակեցինք քննչականի դուռը, սակայն ոչ մի արձագանք չեղավ, չնայած մի պատուհան կար, որտեղ լույսը վառվում էր: Հետագայում ես իմացա, որ այդ լուսավոր պատուհանը Տիգրան Կիրակոսյանի աշխատասենյակի պատուհանն է: Դիմեցինք հարևանությամբ գտնվող ոստիկանության բաժին, սակայն նրանք որևէ տեղեկություն չունեին: Արթուրը ուներ այդ քննիչի` Տիգրան Կիրակոսյանի բջջային հեռախոսի համարը: Մենք` ես և Արթուրը, պարբերաբար զանգում էինք նրան, զանգերը գնում էին, սակայն նա չէր պատասխանում: Արթուրը կասկած հայտնեց, որ կարող է Ստեփանը գտնվում է ոչ թե քննչականում, այլ ոստիկանության շենքում: Մենք` ես և Արթուրը իր մեքենայով արագ գնացինք ոստիկանություն: Ճանապարհին ես զանգեցի Աշոտ Ղարիբյանին, նա ասեց, որ Ստեփանը գտնվում է քննչականում: Մենք հետ դարձանք: Մոտեցանք քննչականին, ծեծում էինք դուռը, սակայն ապարդյուն, ոչ ոք չէր պատասխանում: Արթուրը փոքրիկ քարով խփեց այդ լուսավոր պատուհանին: Քիչ անց դուրս եկավ մի բարձրահասակ երիտասարդ, որին Արթուրը ճանաչում էր և հայտնեց, որ Տիգրանը այդտեղ չի, այլ գտնվում է ոստիկանության շենքում: Մենք նորից երկու` փաստաբան Արթուրի և Վարազդատի մեքենաներով գնացինք դեպի ոստիկանության շենքը: Ճանապարհին ես նորից զանգեցի Աշոտ Ղարիբյանին և նա կրկին ասեց, որ Ստեփանը ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանի հետ գտնվում է քննչական բաժնում: Այդ ընթացքում մենք զանգում էինք նաև քննիչի հեռախոսահամարով, բայց քննիչը այդպես էլ չպատասխանեց: Ակնհայտ էր, որ նրանք ինչ-որ բան են թաքցնում: Մենք ոստիկանությունում չգտնելով ոչ ոքի, հետ եկանք քննչական բաժին:
Մի կարճ ժամանակ անց, ճշգրիտ ժամը չեմ հիշում, բայց ժամը 23-ի և 24-ի միջակայքում,  դուռը բացեց անձամբ ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը: Ես և մեր փաստաբանը ներս մտանք: Ստեփանը գտնվում էր այն նույն լուսավոր պատուհանով սենյակում: Երբ ես տեսա Ստեփանին, հասկացա, որ նրան ոչ թե ծեծել են, այլ ուղղակի ջարդել են: Նա ոտքի կանգնեց, որ մոտենա ինձ, բայց չէր կարողանում ուղիղ քայլել: Մի փոքր անց Արթուր Աթարբեկյանը գրանցվեց որպես ինձ հետ պայմանագիր կնքած փաստաբան և Ստեփանը իսկույն համաձայնվեց, որ փաստաբան ունենա: Արթուրի առաջին հարցը Ստեփանին սա էր. «Դու՞ ես արել», որին Ստեփանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չի և իրեն պարտադրել, ստիպել են գրել ինքնախոստովանական ցուցմունք: Այս ընթացքում քննիչը ինձ և փաստաբան Արթուր Աթարբեկյանին ասել է, որ իզուր են մեր բոլոր ջանքերը, քանի որ իրենք ունեն անհերքելի ապացույցներ, գիտեն, որ Ստեփանը ունեցել է մեծ պարտքեր ու այդ փողերով մարել է իր պարտքերը: Հետո Ստեփանը հարցրեց քննիչին, թե կարող է արդյոք ինձ մի բան առանձին ասի, որին քննիչը դրական պատասխանեց: Ստեփանը վեր կացավ տեղից, մի կերպ ոտքերը շարժելով մոտեցավ ինձ, փաթաթվեց և ասեց. □Պապ ջան, հավատա, ես չեմ արել: Միայն մի բանի մասին եմ մտածում, որ դու քեզ վատ չզգաս□: Ես էլ նրան ասեցի, որ եթե դու չես արել, ապա մենք կկարողանանք դա ապացուցել, միայն դու մեզ ճիշտը ասա: Հետո Ստեփանի փաստաբանը սկսեց պնդել, որ քննիչը շարունակի հարցաքննությունը, բայց նա հրաժարվեց, պատճառաբանելով, որ իր աշխատանքային ժամը ավարտվել է և այդպես էլ չֆիքսեց, որ Ստեփանը հենց այդ օրը հրաժարվել է իր □ինքնախոստովանական□ ցուցմունքից: Այդ ընթացքում Ստեփանի քեռին` Նելսոնը և Վարազդատը գնացին և ուտելիքներ բերեցին, որը մենք քննիչի համաձայնությամբ փոխանցեցինք Ստեփանին: Նա մեր բերած ուտելիքները իր հետ տարավ մեկուսարան:
Հետագայում ես շատ եմ մտածել այդ օրվա դեպքերի մասին: Երևանի ոստիկանության վարչության և Կենտրոնական քննչական բաժնի մոտ տեղի ունեցած դեպքերը իմ մոտ վստահություն առաջացրեցին, որ այդ այսպես կոչված բացատրությունը և «ինքնախոստովանական ցուցմունքը» ոստիկանները կորզել են ճնշումներով, ծեծելով և մարդուն ոչ հարիր մեթոդներով: Այդ մասին վկայում են հետևյալ դրվագները`
  • Ոստիկանական վարչություն Ստեփանը գնացել է ինքնակամ մոտ ժամը 14-ին, սակայն ձևակերպել են, թե իբր բերման են ենթարկել ժամը 17-ին: Ես վկայում եմ, որ սա ակնհայտ սուտ է:
  • Ես, Ստեփանի հայրը վարչության դիմաց հինգից վեց ժամ փորձել եմ իմանալ իմ որդու վիճակի մասին, սակայն ինձ միայն սուտ տեղեկություններ են տվել: Այն մարդը, որին ներկայացրեցին քրեականի պետի տեղակալ, ինձ ակնհայտորեն խաբել է և կոպիտ, անմարդկային մեթոդներով դուրս է արել ոստիկանությունից:
  • Ստեփանի հեռախոսը անջատել են և թույլ չեն տվել զանգել ինձ և տեղյակ պահել կատարվածի մասին:
  • Այն փաստը, որ պարոն ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը գտնվելով Ստեփանի հետ քննչականում, մոտ երկու ժամ անընդհատ դուռը չէր բացում, չէր պատասխանում մեր զանգերին և, ավելին, մեկ այլ քննիչ մեզ պարզապես խաբում էր, ասելով, որ նրանք այդտեղ չեն: Բոլորին էլ պարզ է, թե ինչու նա չէր բացում դուռը, որովհետև չէր ավարտել Ստեփանից` մարդուն ոչ հարիր մեթոդներով ցուցմունք կորզելը:
  • Այն, որ Ստեփանը իսկույն համաձայնվեց փաստաբան ունենալ, վկայում է, որ նա չէր կարող ինքնակամ հրաժարվել փաստաբանի ծառայություններից, ուրեմն դա արվել է ճնշման հետևանքով:
  • Այն որ նրան ծեծել են, երևում էր անզեն աչքով. Ստեփանի երեսին գույն չկար, չէր կարողանում հանգիստ քայլել, և ուներ խիստ վախեցած տեսք:
Երեք օր անց փետրվարի 9-ին, երկուշաբթի օրը լսվում էր Ստեփանի կալանքի հարցը: Ես և մեր հարազատները` մորաքույրը` Նելլին, նրա երկու տղաները և աղջիկը` Եգորը, Արտակը և Լիլիանան, իմ աղջիկը` Տաթիկը, նրա ամուսինը` Կարենը,  հավաքվել էինք դատարանի շենքում դատը սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ, հույս ունենալով տեսնել կամ հանդիպել Ստեփանին: Ստեփանը եկավ երկու ուղեկցողների և քննիչի հետ: Ուղեկցողները Ստեփանին տարան դատարանի երկրորդ հարկ բարձրացող աստիճանների հետևի կողմը և ձեռնաշղթաներով կապեցին այնտեղ գտնվող նստարանին: Մենք վախվորած փորձեցինք մոտենալ նրան: Ի զարմանս մեզ, ուղեկցողները չխանգարեցին, ուղղակի հետևում էին, որ որևէ բան չփոխանցենք իրեն: Մոտ մեկ ժամ մենք զրուցել ենք Ստեփանի հետ: Նա անընդհատ ասում էր, որ պետք չի անհանգստանալ, ինքը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ և, որ իրեն ստիպել են գրել այդ ցուցմունքները: Ուղեկցողներից մեկը այդ ընթացքում նաև ասեց, որ սրտից գանգատներ ունի: Ես էլ իրեն ասեցի, որ իմ աղջիկը սրտաբան է և կարող է քննել իրեն` պարզելու լուրջ բան կա, թե ոչ: Մեր հարաբերությունները շատ մարդկային էին: Ես նրանցից թույտվություն խնդրեցի Ստեփանի համար ուտելիքներ և ծխախոտ բերել: Նրանք համաձայնվեցին, բայց ասեցին, որ բերեմ քննչականի մոտ:
Մենք, բոլորս անհամբեր սպասում էինք, միամտաբար սպասելով, որ կարող է նախնական կալանքը չհաստատվել: Սակայն, ցավոք դատարանը հաշվի չառավ Ստեփանի պնդումները, որ իրեն ծեծել են և դրա հետևանքով է գրել այդ չարաբաստիկ ինքնախոստովանական ցուցմունքը: Ապա ես վերցրեցի կատարած գնումները և տարա քննչականի մոտ: Երբ Ստեփանը մեքենայի մեջ նստած էր իր երկու ուղեկցողների հետ, ես մոտեցա նրանց և փոխանցեցի մեր գնումները: Այդ ժամանակ Ստեփանը ինձ ասեց, որ գտնեմ իր ընկեր Վահրամին և տեղյակ պահեմ, որ ինքը □ատկազ□ է արել իր ցուցմունքից և, որ նա առանց փաստաբանի չներկայանա: Այդ ժամանակ ես մի փոքր հեռացա և զանգեցի Ստեփանի ծանոթներից մեկ-երկուսին` հույս ունենալով պարզել Վահրամիկի հեռախոսահամարը, բայց անհաջող: Հաշվի առնելով մեր ոստիկանության բարքերը և այն ամենը ինչ պատմվում և գրվում է նրանց մասին թերթերում, հասկանալի է, թե ինչու նա այդ բանը ասեց: Պարզ է, որ Վահրամին կարող էին ցույց տալ Ստեփանի գրած ինքնախոստովանական ցուցմունքը և դրանով համոզել, որ նա էլ նման մի բան գրի: Իհարկե քննիչը չէր ասի, որ Ստեփանը հետո հրաժարվել է իր գրած ցուցմունքից: Իսկ փաստաբանը պետք էր, որ նրա հետ նույն խաղերը չխաղային. ծեծելով ու պարտադրելով: Քննիչի հետագա քայլերը առավել քան համոզեցին, որ նման վախը անհիմն չէր:
Մի քանի օր հետո, երբ ես քննչականի մոտ էի  և փորձում էի ինչ-որ լուր ստանալ Ստեփանի մասին, ինձ մոտեցան քննչականի երկու աշխատակիցներ, և գրեթե պարտադրելով, ինձ ներս տարան: Այնտեղ նրանք բռնագրավեցին իմ հեռախոսը, որը վերադարձրեցին մի քանի օր հետո: Հետո ես հասկացա, որ նրանք ուզում էին պարզել, թե այդ ժամանակ ես ում եմ զանգել: Այնտեղ նրանք չեն հայտնաբերել ոչ մի զանգ` արված Վահրամին:
Այդ օրերին քննիչ Կիրակոսյանի հետ հերթական հանդիպման ժամանակ ես նրան հարցրեցի` լավ, եթե Ստեփանը գողացել է, ապա ի՞նչ է արել այդ փողերը: Նա պատասխանեց, որ Ստեփանը Պյատիգորսկ քաղաքում պարտք է եղել ոմն ոստիկան Արմանին մոտ տասը հազար ԱՄՆ դոլար և այդ փողերը ուղարկել է իրեն: Ես իրեն ասեցի,  որ դա անհնար է, քանի որ Ստեփանը այնտեղ աշխատել է և ես գիտեմ, որ նա նույնիսկ պարտքով իմ հարազատ քրոջը` Արփենիկ Վարդանյանին երկու հազար ԱՄՆ դոլարի չափ գումար է տվել: Սակայն նա ինձ վստահեցնում էր, որ իրենք ունեն ապացույցներ: Հետագայում, մի քանի օր անց, մեկ այլ հանդիպման ժամանակ նա ասեց, որ ճիշտ է, որ Ստեփանը Պյատիգորսկում պարտքեր չի ունեցել, բայց մոտ երկու միլիոն դրամ նա այստեղ է պարտք եղել ինչ- որ մեկին: Հիմա ես հասկանում եմ, որ նա այդ պարտքի մասին պարզապես սուտ էր ասում:
Ասեմ նաև, որ ես քննիչ Տիգրան Կիրակոսյանին տեղյակ եմ պահել, որ այն Արթուրը, որի մասին գրել է Ստեփանը, որին իբր նա տվել է գումարը, որ նա տանի Պյատիգորսկ, գտնվում է Գյումրիում: Սակայն քննիչը ակտիվ քայլեր չի ձեռնարկել գտնելու կամ հարցաքննելու նրան:
Ձերբակալությունից մոտ մեկ շաբաթ անց ես տեսակցություն ունեցա Ստեփանի հետ: Այդ ժամանակ նա մանրամասն պատմեց, թե ինչպես են ոստիկանության քաղաքային վարչությունում իրեն նախ համոզել, հետո վախեցրել, ծեծել, նսեմացրել և պարտադրել գրել ինքնախոստովանական ցուցմունք: Մեր հանդիպման օրը դեռ նա ուներ ցավեր գլխի, մեջքի և ոտքերի հատվածներում: Նա ինձ պատմեց բաներ, որ ես չեմ կարող հանգիստ հիշել: Եթե դատարանը ցանկանա իմանալ նաև այդ մանրամասները, ես պատրաստ եմ պատմել:
Հարց է առաջանալու. ինչու՞ ես որպես ծնող չեմ բողոքել դատախազություն կամ այլ ատյաններ այդ անօրինությունների վերաբերյալ: Մի քանի անգամ այդ հարցը քննարկել եմ փաստաբան Աթարբեկյանի հետ: Նա ամեն անգամ պատմում էր իրենց պրակտիկայից դեպքեր, որոնք ապացուցում էին, որ միևնույն է ես հաջողության չէի հասնի, և ընդամենը ավելորդ հոգսեր կունենայինք ու ես համոզվում էի: Սակայն այսօր մտածում եմ, որ սխալվել եմ, որ չեմ բողոքել: Ճիշտ է` արդյունք իսկապես չէր լինի, բայց փոխարենը ես կունենայի Ձեզ ներկայացնելու մի շարք չբավարարված դիմումներ:

Բենիամին Հովակիմյան

About these ads

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Քրեական գործ and tagged , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s