ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ | Lragir.am

Մոսկվա կինոթատրոնից գողություն կատարելու մեջ մեղադրվող երկու երիտասարդներից մեկի` Ստեփան Հովակիմյանի նկատմամբ բռնություն գործադրելու և խոստովանական ցուցմունքներ կորզելու մասին մենք արդեն գրել ենք և ստացել ենք հատուկ քննչական ծառայության արձագանքը ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ:

Այս գործով կալանքի տակ գտնվող երկրորդ երիտասարդը 24-ամյա Վահրամ Քերոբյանն է, ում դատապաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը որակեց ապօրինի.
«Վահրամը հանցագործություն չի կատարել, այդքանը բավարար չէ, նույնիսկ ապացուցված չէ մեղադրանքը: Լինում են դեպքեր, երբ անձը անմեղ է լինում, բայց նրա դեմ փաստեր են լինում: Այս դեպքում երկու հանգամանքներն էլ բացակայում են»,- ասում է փաստաբանը:
Գիվի Հովհաննիսյանը նշում է, որ Վահրամի նկատմամբ հայտարարված հետախուզումը ֆորմալ բնույթ է կրել, քանի որ քննիչը իմացել է երիտասարդի գտնվելու տեղը, սակայն նրան պաշտոնական ծանուցում չի ուղարկել` հարցաքննությանը ներկայանալու համար: 24-ամյա Վահրամը չի թաքնվել նախաքննական մարմնից, մեղադրանք առաջադրելուց 3 օր անց նրան «բերման են ենթարկել» տնից, սակայն քրեական գործում ֆիքսվել է, թե բերման են ենթարկել տան մոտից:
«Մինչ այդ քննիչն ու Վահրամի մայրը հանդիպել են, զրուցել են, փոխանակել են հեռախոսահամարներ, այնպես որ եթե քննիչը ուզեր, կարող էր զանգահարել Ռուզաննա Քերոբյանին եւ նրա միջոցով տղային հրավիրել հարցաքննության»,- ասում է դատապաշտպանը: Գիվի Հովհաննիսյանը նշում է, որ մեղադրանքը հիմնավորվում է ապացույցների համադրմամբ, իսկ Վահրամին առաջադրված մեղադրանքի հիմքում մյուս մեղադրյալի` Ստեփան Հովակիմյանի «ինքնախոստովանական» ցուցմունքն է դրած, որն էլ, ինչպես Ստեփանն է հավաստում, իրենից ծեծելով են կորզել:
«Ընդ որում, Ստեփանի գրած ցուցմունքն ու մեղադրանքը իրար հակասում են, ըստ մեղադրանքի, «Մոսկվա կինոթատրոնի» դրամարկղից գողացվել է 5 մլն 48 հազար դրամ եւ 10 հազար ռուբլի, իսկ Ստեփանը ցուցմունքներում 4.5 միլիոն դրամ է գրված»,- նշում է Գիվի Հովհաննիսյանը:
Ստեփան Հովակիմյանը նույնպես դատարանում տված իր ցուցմունքում անդրադարձել է այս հակասությանը.
«Այն, որ ես ու Վահրամը որևէ կապ չունենք կատարված գողության հետ, հաստատվում է նաև այն փաստով, որ նույնիսկ իբր մեր կողմից գողացված գումարի չափն է սխալ գրված եղել: Դա բացատրվում է միայն մի կերպ. իրականում ոստիկաններն են ինձ թելադրել այդ չափը: Այս դեպքում կամ իրենք տեղյակ չեն եղել գողացված գումարի չափի մասին` կինոթատրոնի ղեկավարության կողմից իրենց չասելու պատճառով, կամ էլ հենց կինոթատրոնում չեն իմացել գողացված գումարի չափի մասին և ոստիկաններին տվել են նման տեղեկություն: Փաստը մնում է փաստ, որ եթե ես կամ Վահրամը կատարած լինեինք գողությունը, ապա կիմանայինք գումարի իսկական չափը և եթե ես իրականում խոստովանած լինեի գողությունն իբր իմ կողմից կատարված լինելը, ապա կնշեի նաև գումարի ճիշտ չափը: Հակառակն անելու տրամաբանություն ուղղակի չկա: Միևնույն է, իմ նշած չափը անցնում է երեք միլիոնը և նույնպես հանդիսանում է առանձնապես խոշոր չափ»:
Նշենք, որ քրեական գործում առկա է տեսագրություն, որտեղ երեւում է, որ ինչ-որ երիտասարդ տղամարդ մոտենում է կինոթատրոնի դրամարկղին եւ որոշ ժամանակ անց հեռանում է այդտեղից: Տղամարդը գլխարկով է, նրա դեմքը չի երեւում: Դատափորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ տեսանյութի «հերոսին» հնարավոր չէ նմանեցնել Վահրամին կամ Ստեփանին:
«Քրեական գործում առկա է երկու տեսագրություններից մոնտաժված մի տեսանյութ, երկու տեսագրությունների ժամերն էլ տարբեր են, սակայն նշված է, որ գողությունը կատարվել է ժամը 23-ի սահմաններում: Մենք միջնորդել էինք դատարանին, որպեսզի ամբողջական տեսագրությունները ներկայացնեին եւ զննության ենթարկեին, որպեսզի տեսնեինք, թե ողջ օրվա ընթացքում ինչ է կատարվել այնտեղ»,- ասում է դատապաշտպանը: Սակայն դատարանը մերժել է ինչպես այդ, այնպես էլ մյուս միջնորդությունը, որը վերաբերում էր կինոթատրոնի դրամարկղի համակարգիչը փորձաքննության ենթարկելուն: Այդ միջնորդության նպատակը դրամարկղում առկա գումարի չափը ճշտելն է եղել:
«Եթե պաշտպանական կողմը շատ միջնորդություններ է ներկայացնում, դա նշանակում է, որ քրեական գործը թերի է քննվել, համակողմանի չէ»,- ասում է Գիվի Հովհաննիսյանը` ավելացնելով, որ դատավորը հնարավորություն չի տվել իրենց արդյունավետ պաշտպանություն իրականացնելու:
Պաշտպանական կողմը նաեւ միջնորդել է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերությունից պահանջել բաժանորդներին սպասարկող ալեհավաքների մասին տեղեկություն, քանի որ քրեական գործում նշված է, թե գողության ժամին Ստեփանի եւ Վահրամի հեռախոսազրույցները սպասարկվել են «Մոսկվա կինոթատրոնի» վրա տեղադրված ալեհավաքից, ինչն էլ քննիչին առիթ է տվել ենթադրելու, որ տղաները գտնվել են կինոթատրոնում:
Նշենք, որ մեղադրյալ Ստեփան Հովակիմյանը դատարանում տված իր ցուցմունքում հայտնել է, որ ինքը գողության պահին եղել է ոչ թե կինոթատրոնում, այլ նրան մոտ գտնվող Թումանյան փողոցում, այդ պատճառով էլ իր զանգերը սպասարկվել է կինոթատրոնում տեղադրված ալեհավաքի կողմից:
«Մենք ուզում էինք, որպեսզի համապատասխան մասնագետ հրավիրվի դատարան եւ ասի, թե այդ ալեհավաքը քանի մետր շառավղով է սպասարկում բաժանորդներին, քանի որ այդ ալեհավաքը միայն «Մոսկվա կինոթատրոնի» շենքը չի սպասարկում»,- ասում է փաստաբանը: Այս միջնորդությունը եւս մերժվել է: Տեսնելով, որ դատավոր Արմեն Խաչատրյանը մերժում է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները` փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նրան, սակայն դա էլ է մերժվել:
Հիշեցնենք, որ դատավոր Արմեն Խաչատրյանին տեղափոխել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից, եւ քրեական գործը հանձնել են դատավոր Մխիթար Պապոյանին: Գործի վերաքննությունը նոր դատավորի նախագահությամբ կսկսվի այսօր, ժամը 12:00-ին: Գիվի Հովհաննիսյանը պատրաստվում է նույն միջնորդությունները ներկայացնել նաեւ նորանշանակ դատավորին, քանի որ կարծում է, որ այդ միջնորդությունները բավարարվելու դեպքում կապացուցեն, որ Վահրամ Քերոբյանն անմեղ է:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

http://lragir.am/armsrc/right43760.html

07/02/2011

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s