Երևանի «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար պրն Մ. Ատովմյանին

Երևանի «Շահերի պաշտպանության և
աջակցության կենտրոնի ղեկավար
պարոն Մ. Ատովմյանին
Քաղաքացի Բենիամին Հովակիմյանից
Հասցե` Երևան, Դավթաշեն 1թաղ., 22շ. բն. 30
Հեռ. 37493-65-44-95, 37410-36-71-93
e-mail: bhovakimyan@gmail.com
Հարգարժան պարոն Մ. Ատովմյան
Դիմում եմ Ձեզ, որպես իրավական խորհրդատվություն և աջակցություն տրամադրող  կազմակերպության ղեկավարի:
Որդիս` Ստեփան Հովակիմյանը, մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ` ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Շուրջ մեկ տարի է, ինչ նա կալանավորված է: Քր. գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում: Դատավարությունը, մինչև ս.թ. հունվարի 11-ը, վարում էր դատավոր Արմեն Խաչատրյանը, այժմ գործի վարույթը հանձնվել է դատավոր Մխիթար Պապոյանին:
Գողությունը «Մոսկվա» կինոթատրոնում կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. որտեղ փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ  արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները: Ոչ մարդկային մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որ այսօր դրված է քր. գործի հիմքում: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը`Վ. Քերոբյանը:
Քր. գործում, բացառությամբ նշված «ինքնախոստովանական» ցուցմունքի, Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի հանցնաքը հաստատող որևէ այլ ապացույց չկա: Ավելին, ցուցմունքում  գրված մանրամասները որևէ կերպ չեն հաստատվել: Մեղադրական եզրակացությունը կազմելիս քննիչը առաջնորդվել է  ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ ճիշտ հակառակը` գործը կառուցված է գողությունը այս տղաների կողմից կատարելու ենթադրության և տուժող կողմի անհիմն կասկածի հիման վրա:
Նույն` կողմնակալ և փաստերի ոչ համակողմանի քննությամբ էլ, ընթանում է դատավարության գործընթացը: Դատարանի կողմից  հենց սկզբից մերժվել է քննության ենթարկել բոլոր այն ապացույցները, որոնք կարող էին վկայել Ս. Հովակիմյանի` ինքնախոսովանական ցուցմունքի` հորինված լինելու կամ ոստիկանությունում նրան խոշտանգումների ենթարկելու մասին:
Որդիս` Ս. Հովակիմյանը դատարանում հայտարարել է, որ ինքնախոստովանական ցուցմունքները գրվել են ծեծի, խոշտանգումների և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ. «3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: …Որոշ ժամանակ ծեծելուց հետո, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին` ընկերուհուս: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»:
Ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարության ընթացքում (դատավոր Արմեն Խաչատրյան) խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններին որևէ ընթացք չի տրվել:
Դատական պրոցեսն ընթանում է արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների ակնհայտ խախտումներով: Տուժող և մեղադրող կողմերի ներկայացրած բոլոր փաստարկները, առանց քննության, ընդունվում են որպես ճշմարտացի: Իսկ ամբաստանյալների փաստաբանների (Տիգրան Սաֆարյան և Գիվի Հովհաննիսյան) ներկայացրած միջնորդությունները, որոնք կարող են նպաստել գործի բազմակողմանի քննությանը, մերժվում են:  Մասնավորապես, «Մոսկվա» կ/թ կողմից ներկայացված գողոնի չափը հաստատող ֆինանսական փաստաթղթերում առկա են կեղծ ստորագրություններ, կասկածելի անհամաձայնություններ: Մեղադրանքի հիմքում դրված են երկու տարբեր մոնտաժված տեսաերիզներ: Քր. գործում փորձագիտական որևէ կարծիք կասկածյալների և կադրերում երևացող երիտասարդի նույնականության մասին չկա:
Խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելը, առանց հիմնավորումներ հրապարակելու կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, դատաքննությունը կողմնակալ և ոչ բազմակողմանի վարելը հաստատում են մտավախությունն այն մասին, որ  դատական գործընթացը նպատակաուղղված է ոչ թե արդարադատության հաստատմանը, իրական հանցագործների բացահայտմանը, այլ մեղադրող կողմի կարծիքի և ենթադրությունների հիման վրա կասկածյալների դատապարտմանը` առանց ուղղակի ապացույցների առկայության:
Այս ընթացքում եղել են բազմաթիվ հրապարակումներ մամուլում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է Lragir.am լրատվամիջոցում 2010թ. դեկտեմբերի 27-ին հրապարակված «Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել» հոդվածին` այն ուղարկելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն կատարելու համար: Սակայն կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է հրապարակման հիման վրա նյութեր նախապատրաստելով հարուցեր քրեական գործ և կատարեր անաչառ քննություն: Մտավախություն ունենք, որ ընդամենը ծառայողական քննություն կատարելու միջոցով փորձ է արվելու «կոծկել» կատարված ծանր հանցագործությունը:
Խնդրում ենք Ձեր իրավասությունների և հնարավորությունների սահմաններում աջակցել, որ իրականանա արդար դատավարություն:
Անհրաժեշտության դեպքում քր. գործում առկա թերությունների և բացթողումների վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնել բազմաթիվ այլ մանրամասներ: Գործին առընչվող հրապարակումներին և այլ փաստերի կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում` https://stepanhovakimyan.wordpress.com/:
Բենիամին Հովակիմյան

 

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Նամակներ and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s