ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ | «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ: Նրանց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Արդեն մեկ տարի նրանք կալանավորված են: Քր. գործի հիմքում դրված միակ ապացույցը Ստեփան Հովակիմյանի «ինքնախոստովանական» ցուցմունքն է, որը կորզվել է խոշտանգումների միջոցով:
«Մոսկվա» կինոթատրոնում գողությունը կատարվել է 2010թ. հունվարի 10-ին, քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին: Հովակիմյանի առնչությունը կինոթատրոնին, ըստ նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանի, սահմանափակվում է այն հանգամանքով, որ նրա ընկերուհին` Գոհարը աշխատել է կինոթատրոնում որպես տոմսավաճառողուհի: Հենց նա էլ զանգահարել է ընկերոջն ու ասել, որ կինոթատրոնում գողություն է կատարվել: Իրավապահ մարմինները տեսագրությունից հետո գողություն կատարող երիտասարդին նմանեցրել են նախ Ստեփանին եւ նրան որպես կասկածյալներ տարել ոստիկանություն:
Փետրվարի 6-ին Ստեփանին երրորդ անգամ կանչում են ոստիկանություն (նախկինում նա հերքել էր իր մասնակցությունը գողությանը-ՀՀ): Այդ օրը նրան մահակով ծեծում են, շորերը հանում են, անարգում եւ դիմում նվաստացնող գործողությունների:
«Արժանապատվությունը չստորացնելու համար Ստեփանը գրում է այն, ինչ թելադրում են ոստիկանները: «Ինքնախոստովանության» մեջ նա գրում է, որ գողացել է 4.5 միլիոն դրամ եւ ուղարկել Ռուսաստան, որովհետեւ պարտքեր է ունեցել: Գողությունը կազմակերպել է ընկերոջ` Վահան Քերոբյանի հետ», «Փաստաբանների պալատում» ասաց Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Նախաքննության ժամանակ Ստեփանը հայտնում է, որ ինքնախոստովանական բացատրությունը եւ ցուցմունքը գրվել են ծեծի, խոշտանգումների ու հոգեբանական ճնշումների ազդեցությամբ:
«3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորըՙ քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռետինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: Որոշ ժամանակ ծեծելուց հետո նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ շարունակեն ավելի ուժեղ ու նաեւ բերման ենթարկեն ընկերուհուս` Գոհարին: Միաժամանակ Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ», ասել է Հովակիմյանը:
Ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարութան ընթացքում խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններին որեւէ ընթացք չի տրվել:
Վահան Քերոբյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն էլ հավելում է, որ ինքնախոստովանության մեջ գրված փաստերն ու թվերը չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանների թելադրանքով Հովակիմյանը գրել է, որ գողացել է 4.5 միլիոն դրամ, մինչդեռ կինոթատրոնից գողացել են 5 միլիոն 80.000 դրամ եւ 10.000 ռուսական ռուբլի: «Ինքնախոստովանության» մեջ Հովակիմյանը գրել է, թե գումարը նա փոխանցել է ընկերոջը` Արթուրին: Քննիչը, սակայն, Արթուրից ցուցմունք չի վերցրել: Մինչդեռ փաստաբաններն ունեն Արթուրի դիմումը, համաձայն որի, նա հաստատում է, որ այդ ժամանակահատվածում եղել է Հայաստանում, սակայն Ստեփանից գումար չի վերցրել:
Կողմնակալ եւ փաստերի ոչ բազմակողմանի քննությամբ է ընթացել նաեւ դատավարության գործընթացը: Դատարանը մերժել է հետազոտել պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր այն ապացույցները, որոնք կարող էին հաստատել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքի հորինված լինելն ու ոստիկանության նրան խոշտանգումների ենթարկելու փաստը:
Դատարանում փաստաբանների ներկայացրած բոլոր միջնորդությունները առանց պատճառաբանության մերժվել են: Դա հիմք է տվել փաստաբաններին ենթադրելու, որ դատարանն ու մեղադրող կողմը համագործակցում են: Մասնավորապես փաստաբանները պահանջել են առգրավել «Մոսկվա» կինոթատրոնում տեղակայված անվտանգության տեսախցիկներն ու թույլ տալ դատարանին դիտել տեսագրությունը ոչ թե մոնտաժված տարբերակով, այլ` ամբողջությամբ, սակայն դատարանը մերժել է: Փաստաբանը հավելում է, որ քննիչը քննություն չի կատարել, տուժող կողմի ցանկությամբ հայտնվել է գրառումներ կատարողի դերում:
«Ոստիկանությունը պլանացուցակային մեթոդներով է աշխատում: Սա այն համակարգն է, որտեղ այդպես էլ բարեփոխումներ չկատարվեցին», ասում է Տիգրան Սաֆարյանը: Նա հավելում է, որ որեւէ ապացույց չկա, որով կարող են Քերոբյանին եւ Հովակիմյանին մեղադրել: Գումարը չի հայտնաբերվել, հագուստը` նույնպես: Փաստաբանը համոզված է` իր պաշտպանյալին թույլ չեն տվել իրավական առումով իրեն պաշտպանել, ինչը մարդու իրավունքների խախտում է:
Դեպքի վերաբերյալ փաստաբանները դիմել են միջազգային իրավական մի շարք կազմակերպությունների, որոնք թեմայի առնչությամբ մոնիտորինգ են անցկացնում: Փաստաբանը հիշեցրեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատերը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ընկերն է, եւ հենց դրանով էլ բացատրեց ոստիկանության համառ ջանքերը «քավության նոխազներ» գտնելու գործում: «Սա ոստիկանության անզորության ապացույցն է, որովհետեւ նորմալ մեթոդներով չեն կարողացել հայտնաբերել իրական հանցագործներին», ասաց Սաֆարյանը: Քրեական գործի դատաքննությունը նշանակված է փետրվարի 22-ին ժամը 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-02-2011

http://azg.am/AM/2011021725

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հոդվածներ, Ազգ օրաթերթ, Առավել հետաքրքիրները. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s