Ոստիկանական բեսպրեդել | Հայկական Ժամանակ

Փետրվարի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2010-ի հունվարին «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից 5 միլիոն դրամ եւ 10 հազար ռուսական ռուբլի գողանալու գործով դատավարությունը: Նշված գործով գողություն կատարելու մեջ մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը եւ Վահրամ Քերոբյանը: Չնայած այս գործով դատավարությունը սկսել է անցած տարվա հուլիսին, սակայն դրա վերջը չի երեւում: Այս գործով իրադարձությունները զարգացել են Հայաստանի դատաիրավական համակարգին բնորոշ սցենարով: Նախաքննական մարմինը հայտարարել է, որ գործն ամբողջությամբ բացահայտված է եւ որպես ապացույց ներկայացրել է մեղադրյալների ինքնախոստովանական ցուցմունքները:
Այնուհետեւ մեղադրական եզրակացությունը կազմել եւ ուղարկել են դատարան: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են մեղադրյալների խոշտանգումների եւ նրանց մերձավորներին ստորացնելու արդյունքում: 28-ամյա Ստեփան Հովակիմյանը, դատարանում իրեն գողություն կատարելու մեջ մեղադրելու, իր հարցաքննության եւ ինքնախոստովանական ցուցմունք գրելու մասին պատմել է. «Ես ժխտել եմ դա (իր կողմից գողություն կատարելու մեղադրանքը.- Վ.Հ.), կրկնել, որ ես կամ իմ ընկերները ոչ մի կապ չունենք գողության հետ, որից հետո 3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը երիտասարդ ոստիկաններ` քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: Չնայած պատճառած ցավն ուժեղ էր, ես ուժ եմ գտել ու նրանց ուզածը չեմ ասել: Որոշ ժամանակ ծեծելուց հետո, տեսնելով, որ ես նորից իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում ինձ, շարունակեն ավելի ուժեղ ու նաեւ բերման ենթարկեն Գոհարին (ընկերուհուս), ասելով. «Նա էլ հո էսքան չի դիմանա»: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»: Այս ամենը տեղի է ունեցել Երեւանի գլխավոր քննչական վարչությունում: Երբ ոստիկանները տեսել են, որ երիտասարդը չի կոտրվում եւ հրաժարվում է ինքնախոստովանական ցուցմունք գրել, հայտարարել են, որ նրան կանարգեն: «Ոստիկաններն ինձ նորից տարան սենյակ ու սկսեցին շորերս քաշքշել, որպեսզի հանեն, ու միաժամանակ երկու հոգի գնացին Գոհարի հետեւից: Տեսնելով, որ նրանց արածն արդեն անցնում է ամեն սահման, ինքնասիրությունս ու արժանապատվությունս պահելու համար ես նրանց խնդրեցի չստորացնել ինձ, որին պատասխանեցին, որ ուրեմն իրենց ասածով պետք է անեմ, քանի որ այլ տարբերակ չունեմ: Ստիպված ես համաձայնվեցի ասել այն, ինչ իրենք էին ցանկանում, իսկ նրանք խոստացան, որ ինձ հանգիստ կթողնեն ու այլեւս չեն ծեծի եւ Գոհարին էլ չեն բերի»,- պատմել է Ստեփան Հովակիմյանը: Վերջինս գողություն կատարելու համար կասկածվել է, քանի որ նրա ընկերուհին Գոհար Մանուկյանը աշխատել է «Մոսկվա» կինոթատրոնում:
Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը ու Գիվի Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրել են այս գործով վերջին զարգացումները: Ստեփան Հովակիմյանից եւ նրա ընկերոջից խոշտանգումներով ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու մասին մամուլում եղած հրապարակումներից հետո ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն իբր ծառայողական քննություն է իրականացրել եւ պարզել, որ. «Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ենթարկելու վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետեւանք»: Ըստ փաստաբան Տիգրան Սաֆարյանի, ծառայողական քննության ընթացքում Ստեփան Հովակիմյանը չի հարցաքննվել, եւ ոչ ոք նրան չի հարցրել, թե ով եւ ինչպես է իրեն խոշտանգել: Այսինքն, ՀՔԾ-ի քննիչների նպատակը եղել է խնդրի ֆորմալ կողմը ապահովելը, ինչի համար նրանք մի քանի փաստաթղթեր են ստուգել եւ դրանց հիման վրա կազմել իրենց որոշումը: ՀՔԾ-ի քննիչների կողմից նման որոշում կայացնելը լրիվ բնորոշ է Հայաստանի իրավապահ համակարգում տիրող բարքերին: Զարմանալի կլիներ, եթե հանկարծ իրադարձությունները հակառակ` օրինական ընթացքով զարգանային:

http://www.armtimes.com/22858

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հայկական Ժամանակ, Հոդվածներ and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s