Մեղքը հաստատող ապացույց չկա | Aravot.am

ՄԵՂՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ – Aravot.am.

Ոստիկանությունում Հովակիմյանին խոշտանգել են, այդ մասին տեղեկացվել է նաեւ ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտիին

Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ՝ Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ:
Քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մինչեւ 2011թ. հունվարի 11-ը գործը քննել է դատավոր Արմեն Խաչատրյանը, որի տեղափոխման պատճառով այժմ գործի վարույթը հանձնվել է դատավոր Մխիթար Պապոյանին:
Չնայած գողությունը «Մոսկվա» կինոթատրոնում կատարվել է 2010թ. հունվարի 10-ին, քրեական գործը հարուցվել է միայն փետրվարի 6-ին: Այդ ընթացքում Ս. Հովակիմյանը 2 անգամ, առանց պատշաճ ծանուցման եւ որեւէ արձանագրություն կազմելու, կանչվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, ենթարկվել է խոշտանգումների՝ իր եւ իր ընկերների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, սակայն Ս. Հովակիմյանը նման ցուցմունքներ չի տվել: Փետրվարի 6-ին՝ իբր զրուցելու պատրվակով, Ս. Հովակիմյանը կանչվել է ոստիկանության Երեւանի վարչություն եւ իր կամքով ներկայացել այնտեղ: Այս անգամ մոտ 9 ժամ շարունակ ենթարկվել է խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի, ոստիկանները նույնիսկ փորձել են ստորացնել նրա արժանապատվությունը: Չդիմանալով տեւական ժամանակ նման անմարդկային վերաբերմունքի, ի վերջո, Ս. Հովակիմյանի դիմադրությունը կոտրվել է, եւ նա ոստիկանների թելադրանքով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, թե իբր գողությունը կազմակերպել է ինքը, իսկ անձամբ կատարել է Վ. Քերոբյանը: Այս ողջ գործողությունների ընթացքում Ս. Հովակիմյանին չեն պարզաբանվել իր՝ որպես հանցագործության մեջ կասկածվողի նույնիսկ տարրական իրավունքները, եւ նա զրկված է եղել իրավական օգնություն ստանալու, հարազատներին իր գտնվելու վայրի մասին տեղյակ պահելու իրավունքից:
Միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ մեթոդներով կորզված «ինքնախոստովանական» ցուցմունքը միակ ապացույցն է, որ դրված է քրեական գործի հիմքում: Բացառապես միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաեւ Վ. Քերոբյանը: Նրանք մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում են նախնական կալանքի տակ:
Քրեական գործում Ս. Հովակիմյանի եւ Վ. Քերոբյանի մեղքը հաստատող որեւէ ապացույց չկա: Դեպքի վայրում նրանց մատնահետքերը չկան, գողացված գումարը նրանց մոտ չի հայտնաբերվել: Կինոթատրոնի տեսախցիկների արձանագրած եւ անհայտ պատճառներով մոնտաժված տեսագրությունում ֆիքսված անձն իր արտաքին հատկանիշներով չի համապատասխանում նրանց, վերջիններիս հագուստների շարքում չի հայտնաբերվել այն հագուստը, որը կրել է կադրերում արձանագրված ենթադրյալ հանցագործը:
Չնայած Ս. Հովակիմյանն իր նկատմամբ կիրառված ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների մասին գործի քննությունը ստանձնած քննիչին հայտնել է իրեն ձերբակալելուց եւ դրանից հետո հոր հրավիրած փաստաբանին ներգրավելուց անմիջապես հետո՝ պաշտոնական քննություն սկսելու առաջին իսկ օրը եւ դրանից 2 օր անց՝ դատարանում իրեն կալանավորելու հարցը քննարկելու ժամանակ, սակայն նրա հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննություն չի կատարվել, ինչպես պահանջում են Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումները եւ վատ վերաբերմունքի դեպքերի քննության վերաբերյալ CPT-ի չափանիշները:
Դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ գործի դատական քննության ընթացքում Ս. Հովակիմյանի նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված դաժանությունների վերաբերյալ պաշտպանական կողմի պնդումները պատշաճ արձագանք չեն ստացել, դատախազի եւ դատավորի կողմից խորհուրդ է տրվել այդ հարցով դիմել «համապատասխան» մարմիններ:
Հայաստանում նման մարմին է հանդիսանում Հատուկ քննչական ծառայությունը, որը ոստիկանների վերաբերյալ քրեական գործ քննելու իրավասություն ունեցող միակ պետական մարմինն է: Ս. Հովակիմյանը հիշյալ ծառայությանը ներկայացրել է հանցագործության մասին պաշտոնական հաղորդում՝ հնարավորինս մանրամասն նշելով իր նկատմամբ բռնություններ կիրառելու հանգամանքները եւ նկարագրելով դրանք իրականացրած ոստիկաններին, նույնիսկ նշելով նրանցից ոմանց անուններն ու այլ անհատականացնող տվյալներ: Նույն հաղորդման պատճեններն ուղարկվել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, պարոն Թոմաս Համմարբերգին: Սակայն պատշաճ արձագանքներ ստացվել են միայն իրավապաշտպան կազմակերպություններից, որոնք գործի նկատմամբ իրականացնում են մոնիտորինգ, իսկ ՀՔԾ-ն հաղորդումը վերահասցեագրել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությանը: Վերջինս գտնվում է նույն ոստիկանության կառուցվածքում եւ հիմնական գործառույթը ոստիկանների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների քննությունն է: Միայն այդ պատճառով տվյալ մարմինը չի կարող հանդիսանալ ոստիկանների կողմից ենթադրաբար կատարված վատ վերաբերմունքի դեպքի անկախ եւ անաչառ քննություն իրականացնող մարմին, քանի որ այնտեղ գերակայում է գերատեսչական-խմբային համերաշխությունը:
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը առանց՝ խոշտանգումների ենթադրյալ զոհ հանդիսացող Ս. Հովակիմյանին լսելու կամ քրեական գործի նյութերին ծանոթանալու, տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ հաղորդումը թողել է անհետեւանք: Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազին, ապա նրա հանձնարարությամբ Ս. Հովակիմյանի հաղորդումն ուղարկվել է գողության գործը քննող դատարան՝ համատեղ ընթացք տալու համար:
Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի քրեական գործի որոշ նյութեր ներկայացված են Stepanhovakimyan.wordpress.com կայքում:

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հոդվածներ, Քրեական գործ, Առավոտ օրաթերթ and tagged , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s