«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆ | Lragir.am

«Հատուկ քննչական ծառայությունը «պաս է տալիս» ոստիկանությանը, վերջինս էլ «պաս է տալիս ՀՔԾ-ին, արդյունքում իրական հանցագործները մնում են չբացահայտված»,- իրավապահ համակարգի գործողություններն այսպես է մեկնաբանում Ստեփան Հովակիմյանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը:
  Ստեփանն ու նրա ընկեր Վահրամը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործի հիմնական եւ կարելի է ասել միակ ապացույցը Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որը, ինչպես Ստեփանն է վստահեցնում, ինքը գրել է խոշտանգման արդյունքում: Ստեփանի ցուցմունքից պարզ է դառնում, որ նախաքննության ընթացքում նրան փորձել են ստորացնել, մերկացրել ու ծեծել են:
Ստեփան Հովակիմյանին խոշտանգելու վերաբերյալ մեր հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունը ծառայողական քննություն կատարեց, սակայն քրեական գործ չհարուցեց, որից հետո Ստեփանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, որտեղ Ստեփանը մանրամասն շարադրել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում իր հետ կատարված բոլոր ապօրինությունները:
Հատուկ քննչական ծառայությունը մեր գրավոր հարցմանը ի պատասխան նշել է, որ Տիգրան Սաֆարյանի բողոքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը «մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»:
Իսկ ՀՀ ոստիկանությունից ստացել ենք Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության վերաբերյալ կազմված տեղեկանքը, որտեղ նշված է, որ «ծառայողական քննության ընթացքը կասեցվել եւ որոշվել է դրանց անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի վերջնական ընթացքը լուծելուց հետո եւ դատաքննության արդյունքներով»:
 
ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության ընթացքում հարցաքննվել են այն անձինք, որոնց անունները Ստեփանը նշել էր որպես իրեն խոշտանգումների ենթարկողների` ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀ բաժանմունքի պետ Արթուր Հովհաննիսյանը, նույն բաժանմունքի օպերլիազորներ Կարեն Հովհաննիսյանն ու Սենիկ Երանոսյանը:
Նրանք հերքել են Ստեփան Հովակիմյանի հայտարարությունները` հայտնելով, թե «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության մասին իմացել են միայն փետրվարի 6-ին, երբ այդ կապակցությամբ հայտարարություն է տրվել, եւ «հնարավոր չէ, որ 2010 թվականի հունվարի 11-ին եւ 14-ին Ստեփան Հովակիմյանը նշված գողության փաստի առթիվ բերման ենթարկվեր կամ հրավիրվեր ոստիկանության կենտրոնական բաժին»:
 
Առնվազն տարօրինակ է, որ Կենտրոնի բաժնի աշխատակիցները միայն փետրվարի 6-ին են իմացել տեղի ունեցած գողության մասին, երբ դեպքի օրը` հունվարի 10-ին, արդեն իսկ ոստիկաններ են այցելել կինոթատրոն եւ զրուցել աշխատակիցների հետ: Այս փաստը դատարանում հարցաքննության ժամանակ հաստատեցին կինոթատրոնի գանձապահները:
Իսկ ավագ օպերլիազոր Աշոտ Ղարիբյանը հայտնել է, թե ինքը երբեք չի զանգահարել Ստեփան Հովակիմյանին, եւ երբ վերջինիս պաշտպանը ներկայացրել է զանգ կատարելու վերաբերյալ գրավոր ապացույց, օպերլիազորն ասել է, թե այդ հեռախոսազանգը սխալմունքի արդյունք է, քանի որ իր մի քանի ընկերների հեռախոսահամարները նմանություն ունեն Ստեփան Հովակիմյանի հեռախոսահամարին:
Դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը վստահ է, որ իրականում ոչ ՀՔԾ, ոչ առավել եւս ՀՀ ոստիկանությունը շահագրգռված չեն իրական հանցագործներին բացահայտելու հարցում, քանի որ եթե ապացուցվի, որ Ստեփանին խոշտանգելով են կորզել ինքնախոստովանական ցուցմունքը, ամբողջ քրեական գործը գլխիվայր կշրջվի, եւ նախաքննական մարմինը ստիպված կլինի նոր մեղադրյալներ փնտրել:
«Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը ՀՀ ոստիկանությունից անկախ մարմին չէ եւ չի կարող բացահայտել ոստիկանների կողմից գործած հանցագործությունները»,- կարծում է փաստաբանը:
Տիգրան Սաֆարյանը պատմեց, որ Ստեփանի հետ առաջին հարցաքննությունն անցել է առանց իր մասնակցության, քանի որ քննիչը չի ցանկացել սպասել մինչեւ Ստեփանի պաշտպանի ներկայանալը: «Առաջին հարցաքննությունը կիսատ է մնացել, իսկ երկրորդ անգամ, երբ նույն մարդը եկավ Ստեփանին հարցաքննելու, ես նրա մոտ էի: Բայց նա չշարունակեց հարցաքննությունն իմ ներկայությամբ, միայն ասաց, թե ղեկավարության հետ կճշտի իմ մասնակցության հարցը: Էդ գնալն էր, որ գնաց, այլեւս չի եկել Ստեփանի մոտ»,- ասում է Տիգրան Սաֆարյանը` նշելով, որ նախաքննության ընթացքում եւս Ստեփանը զրկված է եղել պաշտպան ունենալու իրավունքից:
Դատապաշտպանը պատրաստվում է բողոքարկել Հատուկ քննչական ծառայության կայացրած որոշումը, քանի որ գտնում է, որ արդյունավետ քննություն չի իրականացվել: Այս «ֆուտբոլային» քննությունը նաեւ ժամանակավրեպ է, քանի որ Ստեփան Հովակիմյանը վաղուց է հայտնել իր հետ տեղի ունեցած խոշտանգումների մասին, սակայն դրանց ընթացք տրվեց միայն այն ժամանակ, երբ Երեւանում գտնվող Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եւս ծանոթացավքրեական գործի մանրամասներին:
Վերջում ավելացնենք, որ 28-ամյա Ստեփան Հովակիմյանը եւ 24-ամյա Վահան Քերոբյանն արդեն մեկ տարուց ավելի է գտնվում են նախնական կալանքի տակ, իսկ քրեական գործի դատաքննության ողջամիտ ժամկետի սահմանը վաղուց անցել է: Հիշեցնենք, որ դատաքննության ողջամիտ ժամկետի մասին նշված է ոչ միայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում, այլեւ գոյություն ունի ՀՀ դատարանների նախագահների թիվ 98 որոշումը, որը սահմանում է. «Գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում»։
Այնինչ «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են առնվազն 10 օր ժամանակով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 14:30-ին, որի ընթացքում կշարունակվի վկաների հարցաքննությունը:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
http://www.lragir.am/armsrc/right46989.html

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s