Մամուլի հաղորդագրություն 2

2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել գողություն: Կասկածյալի նկատմամբ ոստիկանությունում կիրառվել են բռնություններ: Խոշտանգումների արդյունքում կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, որի հիման վրա էլ «սարքվել» է քրեական գործ: Չնայած ամբաստանյալի, փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին ու ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին, պատկան մարմինները հրաժարվում են կատարել օրենքի պահանջը` հետաքննել խոշտանգման փաստը: 

Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է 2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնից կատարված առանձնապես խոշոր չափի գումարի գողությունը կազմակերպելու մեջ:

Գողության փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է միայն  փետրվարի 6-ին: Այդ ընթացքում Ս. Հովակիմյանը երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. որտեղ փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները:

Ս. Հովակիմյանը ինչպես քննիչին, այնպես էլ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Պողոսյանին հայտնել է, որ գողության կատարման հետ ինքը ոչ մի կապ չունի և տված իր բացատրությունն ու նույն օրը Կենտրոնականի քննչական բաժնում որպես կասկածյալ տված ցուցմունքը, որոնցում ընդունել է գողության կատարման հետ առնչությունը, չեն համապատասխանում իրականությանը և գրվել են իր նկատմամբ կիրառված բռնությունների ազդեցության տակ:

Սակայն քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Հովակիմյանի կողմից հայտնած տվյալները ստուգելու ուղղությամբ իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից գործնական որևէ միջոց չի ձեռնարկվել:

2010թ. դեկտեմբերին Ս. Հովակիմյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ա. Խաչատրյան) իր տված ցուցմունքում մանրամասն նկարագրել է ոստիկանների ապօրինությունները և իր նկատմամբ կիրառված բռնությունները: Սակայն դատարանի և մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել, փոխարենը հնչեցվել են մտքեր հետևյալ բովանդակությամբ. «Եթե գտնում եք, որ եղել են անօրինականություններ, դիմեք համապատասխան մարմիններ»:

2010թ. դեկտեմբերի 27-ին lragir.am-ում հրապարակված «Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել» հոդվածին 2011թ. հունվարի 25-ին արձագանքել է  ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը` այն ուղարկելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն կատարելու համար:  Արդյունքը սպասելի էր` 15.02.2011թ. խմբագրությունը ստացել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Բաբաջանյանի ստորագրությամբ գրությունը, որում, մասնավորապես ասված է, որ «…Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու  վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք և որոշվել է անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալ դատաքննության ավարտից հետո»:

Այսպես կոչված «ուսումնասիրության» ընթացքում ոստիկանները չեն լսել նույնիսկ Ս. Հովակիմյանին (տվյալ դեպքում հնարավոր կամ ենթադրյալ «զոհ»-ին):

Չհամաձայնվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության նման գործելակերպին Ս. Հովակիմյանը 15.02.2011թ. հաղորդում է ներկայացրել կատարված հանցագործության մասին ՀՀ հատուկ քննչական ծառայություն` մանրամասն նկարագրելով տեղի ունեցածը և բռնություններ գործադրած ոստիկաններին (տես. https://stepanhovakimyan.wordpress.com/2011/02/14/hqc-report/):

19.02.2011թ. ստացվել է ՀՔԾ պետ Ա. Միրզոյանի 17.02.2011թ. գրությունը` ուղղված ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա.Բաբաջանյանին, Ս. Հովակիմյանին և նրա պաշտպանին, որով Ս. Հովակիմյանի ներկայացրած հաղորդումն ու այդ կապակցությամբ ներկայացված պաշտպանի հիմնավորումները ուղարկվել են «ծառայողական քննության» նյութերի հետ համատեղ ընթացք տալու համար: Այսինքն` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իրականում կամ էլ ոչ այդքան, անտեղյակ լինելով, որ ոստիկանության կողմից «ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք», կրկին անգամ օրենքով միմիայն իր վրա դրված պարտականությունների կատարումը վերահանձնարարել է ոստիկանությանը:

Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացվել ՀՔԾ պետ Ա. Միրզոյանի գործողությունների և անգործության դեմ` խնդրելով օրենքով սահմանված կարգով քննարկելու և լուծելու Ս. Հովակիմյանի` հանցագործության մասին հաղորդումը:

Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ցուցումով ՀՀ ՀՔԾ-ի ՀԿԳ  քննիչ Կ. Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվել, սակայն ոչ թե Ս. Հովակիմյանի հաղորդման հիման վրա, այլ ՀՔԾ-ի անգործության դեմ Ս. Հովակիմյանի պաշտպան Տ. Սաֆարյանի բողոքի վերաբերյալ:

Այդ ընթացքում ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի կողմից բացատրություն է վերցվել Ս. Հովակիմյանից, որի ժամանակ վերջինս ամբողջությամբ պնդել է հանցագործության մասին հաղորդման մեջ նշվածը և բացատրությանը կից ներկայացրելով հաղորդման պատճենը` խնդրելով այն ընդունել որպես բացատրություն:

2011թ. ապրիլի 14-ին ստացվել է ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության պետ Ա. Գարբուզյանի գրությունը, որով տեղեկացվել է, որ Ս. Հովակիմյանի, նրա հոր` Բ. Հովակիմյանի և պաշտպան Տ. Սաֆարյանի դիմումները ստացվել և քննարկվել են և “քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում թիվ 13106910 քրեական գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հովակիմյանի պաշտպան Տ. Սաֆարյանի բողոքի հիման վրա նախապատրաստվում են նյութեր, ուստի ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունում անցկացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է և որոշվել է դրանց անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի վերջնական ընթացքը լուծելուց հետո ու դատաքննության արդյունքներով”:

2011թ. ապրիլի 16-ին ստացվել է ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի որոշումը` նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Ինչպես ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանի կայացրած որոշումը, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության գործողություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին, ՀՀ կողմից վավերացված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մաս կազմող Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներով ու Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ընդունած չափանիշներով սահմանված` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների վերաբերյալ արդյունավետ քննություն կատարելու պահանջներին:

Քննիչ Կ. Թորոսյանի որոշումը կայացվել է հիմնվելով միմիայն ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության կողմից կատարված ծառայողական քննության ընթացքում ոստիկաններից վերցված բացատրությունների վրա, որոնք մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը և ոստիկաններն ուղղակիորեն ստել են:

Ինչպես ՀՔԾ-ին, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությանը Ս. Հովակիմյանը և նրա պաշտպանը ներկայացրել են որոշ նյութեր և տեղեկություններ, միաժամանակ հայտնելով իրենց պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերն ու ողջ տեղեկատվությունը:

Մասնավորապես, ներկայացվել են դատարանում Ս. Հովակիմյանի կողմից տրված գրավոր ցուցմունքի պատճենը, որով վերջինս մանրամասն նկարագրել է իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնությունները, ինչպես նաև  դատարանում քննվող գործին կցված, Ս. Հովակիմյանի հայր Բենիամին Հովակիմյանին հարցման ենթարկելու մասին արձանագրության պատճենը, որով վերջինս հաստատել է Ս. Հովակիմյանին մինչև 2010թ. փետրվարի 6-ը ընկած ժամանակահատվածում երկու անգամ ապօրինի ոստիկանության Կենտրոնական բաժին “տանելը”, նրա նկատմամբ բռնություններ և այլ ապօրինություններ կիրառելու փաստերը:

Ներկայացվել են նաև գործին կցված` Ս. Հովակիմյանի քրոջ ամուսին Կարեն Զոհրաբյանին և Ս. Հովակիմյանի ընկեր Մհեր Կարապետյանին հարցման ենթարկելու արձանագրությունների պատճենները, որոնցից Կ. Զոհրաբյանը նույնպես հաստատել է երկու անգամ ապօրինաբար Ս. Հովակիմյանին ոստիկանության Կենտրոնական բաժին տանելու փաստը, իսկ Մ.Կարապետյանը հայտնել է, որ գողությունը կատարելու իբր կասկածանքով իրեն 2010թ. հունվարին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որից հետո բերել են նաև Ս. Հովակիմյանին:

Ս. Հովակիմյանին 2010թ. հունվարի 11-ին ոստիկանություն տանելու փաստը հաստատվում է ոչ միայն նշված անձանց կողմից, այլ նաև “Մոսկվա” կինոթատրոնի աշխատակիցների կողմից դատարանում քննվող քրեական գործի քննության ընթացքում տրված ցուցմունքներով:

Ներկայացվել են նաև Ս. Հովակիմյանի խցակիցների հայտարարությունները` ուղղված Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որոնք հայտնել են, որ բանտախուց բերվելուց հետո Ստեփան Հովակիմյանը մի քանի օր անընդհատ բողոքում էր գլխի, մեջքի և ոտքերի ցավերից և պատմել է, որ իրեն ծեծել են Երևանի քաղաքային վարչությունում ու ստիպել են ընդունել “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցած գողության կատարումը:

Չնայած այդ նյութերի և տեղեկատվության տրամադրմանը, իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը տրամադրելու պատրաստակամությանը, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունը բացարձակապես որևէ “հետաքրքրասիրություն” չեն ցուցաբերել այդ ամենին, չեն հարցրել նույնիսկ, թե ինչ նյութեր են գտնվում Ս. Հովակիմյանի ու պաշտպանի տրամադրության տակ, այլ որպես վերջին ճշմարտություն ընդունելով ոստիկանների ակնհայտ սուտ բացատրությունները, ուղղակի հրաժարվել են պատշաճ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը կատարելուց:

Ոստիկանների կողմից թույլ տրված խախտումներով “զբաղվելու” իրավասություն ունեցող երկու պետական մարմին` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ֆուտբոլ են խաղում Ս. Հովակիմյանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ հաղորդման հետ, ՆԱ վարչությունը գրությամբ հայտնում է, որ կասեցնում է ծառայողական քննությունը, քանի որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ վերջինս էլ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման հիմքում դնում է բացառապես ծառայողական քննության ընթացքում ոստիկանների տված սուտ բացատրությունները:

Այս ընթացքում միմիայն խոշտանգումներով կորզված “ինքնախոստովանական” ցուցմունքի հիման վրա Ս. Հովակիմյանն ու նրա ընկեր Վ. Քերոբյանը շարունակում են մնալ նախնական կալանքի տակ (Ս. Հովակիմյանը կալանքի տակ է գտնվում 2010թ. փետրվարի 6-ից, իսկ Վ.Քերոբյանը` 2010թ. մարտի 12-ից):

Գործին վերաբերող այլ տեղեկատվություններ կարելի է ստանալ Ստեփան Հովակիմյանի բլոգից` https://stepanhovakimyan.wordpress.com/ հասցեով:

Առաջիկա դատական նիստը նշանակված է ս.թ. մայիսի 25-ին, ժամը 14:30:

Մամլո ասուլիսը տեղի է ունենալու 2011թ. մայիսի 17-ին, ժամը 11.30-ին ՀՀ Փաստաբանների պալատում` ք.Երևան, Զաքյան 3 հասցեում:

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s