Վերաքննիչ Բողոք 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ

Ստորև ներկայացնում ենք Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ որոշ ոչ էական խմբագրական փոփոխություններով:
Ամբողջական բողոքը, տողատակերի ամբողջական հղումներով, word ֆայլի տեսքով կարելի է ներբեռնել այտեղից`  http://dl.dropbox.com/u/30492539/Stepan/Appeal%201%20Original.doc

1. Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.

Ստեփան Բենիամինի Հովակիմյանը մեղադրվում է 2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնից կատարված առանձնապես խոշոր չափի գումարի գողությունը կազմակերպելու մեջ: Ներկայումս նրա վերաբերյալ քրեական գործը քննվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գողության փաստի առթիվ 06.02.2010թ. հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ս.Հովակիմյանը գործը քննող քննիչին, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Պողոսյանին հայտնել է, որ գողության կատարման հետ ոչ մի կապ չունի և 06.02.2010թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում իր կողմից տրված բացատրությունը, ինչպես նաև նույն օրը Կենտրոնականի քննչական բաժնում որպես կասկածյալ տված ցուցմունքը, որոնցում ընդունել է գողության կատարման հետ առնչությունը, չեն համապատասխանում իրականությանը, գրվել են իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ազդեցության տակ:

Ս.Հովակիմյանի հայտնած տվյալները ստուգելու ուղղությամբ որևէ գործնական միջոցներ չեն ձեռնարկվել:

2010թ. դեկտեմբերի 27-ին http://www.lragir.am ինտերնետային լրատվամիջոցում հրապարակվել է «Ծեծելով ցուցմունք են կորզել»[1] հոդվածը, որում հակիրճ նշվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ս.Հովակիմյանի տված ցուցմունքը` ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ Ս.Հովակիմյանն իր ցուցմունքում մանրամասն հայտնել է կիրառված բռնությունների մասին, այդուհանդերձ դատարանի կողմից նույնպես որևէ քայլեր չեն ձեռնարկվել:

Վերոհիշյալ հրապարակումից շուրջ մեկ ամիս անց նույն լրատվամիջոցում  հրապարակվել է «Ծառայողական քննություն» վերտառմամբ հոդվածը[2], որի համաձայն. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն որոշել է ծառայողական քննություն կատարել lragir.am-ում դեկտեմբերի 27-ին հրապարակված “Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել” հոդվածում Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների կողմից Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու առնչությամբ:

Այս մասին http://www.lragir.am ինտերնետային լրատվամիջոցի խմբագրությանը պաշտոնական գրությամբ տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը:

Ս.Հովակիմյանը 15.02.2011թ. հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` մանրամասն նկարագրելով իր նկատմամբ տեղի ունեցածը և բռնություններ գործադրած ոստիկաններին:[3]

15.02.2011թ. նույն www.lragir.am լրատվամիջոցում հրապարակվել է «Ոստիկանական ստուգում» հոդվածը, որի համաձայն. «Խմբագրությունը ստացել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Բաբաջանյանի գրությունը, որում ասվում է, որ “կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ և ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ ընդունվելիս Ս.Հովակիմյանի մարմնի քննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել և չեն արձանագրվել: Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու  վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք և որոշվել է անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալ դատաքննության ավարտից հետո”: [4]

Այսպես կոչված «ուսումնասիրության» ընթացքում ոստիկանները չեն լսել նույնիսկ Ս.Հովակիմյանին /տվյալ դեպքում հնարավոր «զոհ»-ին/:

19.02.2011թ. ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի 17.02.2011թ. թիվ 18-03մ/դ-11 գրությունը` ուղղված ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա.Բաբաջանյանին, Ս.Հովակիմյանին և ինձ, որով Ս.Հովակիմյանի ներկայացրած հաղորդումն ու այդ կապակցությամբ ներկայացված իմ հիմնավորումները ուղարկվել են «ծառայողական քննության» նյութերի հետ համատեղ ընթացք տալու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անտեսելով, որ «ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք», օրենքով միմիայն իր վրա դրված պարտականությունների կատարումը կրկին անգամ վերահանձնարարել է ոստիկանությանը:

Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի գործողությունների և անգործության դեմ` խնդրելով վերջինիս գրավոր ցուցում տալ օրենքով սահմանված կարգով քննարկելու և լուծելու Ս.Հովակիմյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը:

Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի ցուցումով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ  քննիչ Կ.Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվել, սակայն ոչ թե Ս.Հովակիմյանի հաղորդման հիման վրա, այլ Հատուկ քննչական ծառայության կողմից այդ հաղորդումը քննարկելուց հրաժարվելու դեմ Ս.Հովակիմյանի պաշտպանի` Տ.Սաֆարյանիս բողոքի վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի կողմից բացատրություն է վերցվել Ս.Հովակիմյանից, որի ժամանակ Ս.Հովակիմյանն ամբողջությամբ պնդել է հանցագործության մասին հաղորդման մեջ նշված տեղեկությունները և դրանք մեկ անգամ ևս չկրկնելու նպատակով բացատրությանը կից ներկայացրել է հաղորդման պատճենը` խնդրելով այն ընդունել որպես բացատրություն:

2011թ. ապրիլի 14-ին ստացվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա.Գարբուզյանի 08.04.2011թ. թիվ 22/197 գրությունը, որով տեղեկացվել է, որ Ս.Հովակիմյանի, նրա հոր` Բ.Հովակիմյանի և պաշտպան Տ.Սաֆարյանի դիմումները ստացվել և քննարկվել են ՆԱ վարչությունում և “քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում թիվ 13106910 քրեական գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս.Հովակիմյանի պաշտպան Տ.Սաֆարյանի բողոքի հիման վրա նախապատրաստվում են նյութեր, ուստի ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունում անցկացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է և որոշվել է դրանց անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի վերջնական ընթացքը լուծելուց հետո ու դատաքննության արդյունքներով”:

2011թ. ապրիլի 16-ին ստացվել է ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի որոշումը` նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Նշված որոշման դեմ 21.04.2011թ. բողոք է բերվել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի 13.04.2011թ. “Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին” որոշումը, հարուցել քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Բողոքը բերվել է այն հիմքերով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն. “Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել”: Տվյալ դեպքում և’ առկա են եղել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթը` Ս.Հովակիմյանի հաղորդումը, և’ քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքերը:

Մինչդեռ քննիչ Կ.Թորոսյանի որոշումը կայացվել է հիմնվելով բացառապես ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության ընթացքում ոստիկանության աշխատակիցներից վերցված բացատրությունների վրա, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներ Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Հովհաննիսյանը և Սենիկ Երանոսյանը հայտնել են, թե իբր “Մոսկվա” կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության մասին իմացել են միայն 2010թ. փետրվարի 6-ին, երբ այդ կապակցությամբ հաղորդում է տրվել, և հնարավոր չէ, որ 2010թ. հունվարի 11-ին և 14-ին Ստեփան Հովակիմյանը նշված գողության փաստի առթիվ բերման ենթարկվեր կամ հրավիրվեր Կենտրոնական բաժին:

Բողոքին կից ներկայացվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ստեփան Հովակիմյանի կողմից տրված գրավոր ցուցմունքի պատճենը, որում վերջինս մանրամասն նկարագրել է իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնություններն ու ապօրինությունները, ինչպես նաև նույն դատարանում քննվող քրեական գործին կցված` “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կարգով Ս.Հովակիմյանի հայր Բենիամին Հովակիմյանին հարցման ենթարկելու մասին արձանագրության պատճենը, որով վերջինս հաստատել է Ս.Հովակիմյանին մինչև 2010թ. փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում երկու անգամ ապօրինի ոստիկանության Կենտրոնական բաժին “տանելը”, նրա նկատմամբ բռնություններ և այլ ապօրինություններ կիրառելու փաստերը:

Որպես բողոքի հիմնավորում, ներկայացվել են նաև դատարանում քննվող քրեական գործին կցված` Ս.Հովակիմյանի քրոջ ամուսին Կարեն Զոհրաբյանին և ընկեր Մհեր Կարապետյանին հարցման ենթարկելու մասին արձանագրությունների պատճենները, որոնցից Կ.Զոհրաբյանը նույնպես հաստատել է երկու անգամ ապօրինաբար Ս.Հովակիմյանին ոստիկանության Կենտրոնական բաժին տանելու փաստը, իսկ Մ.Կարապետյանը հայտնել է, որ նույն գողությունը կատարելու իբր կասկածանքով իրեն նույնպես բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որից հետո բերել են նաև Ս.Հովակիմյանին /Մհեր Կարապետյանն այն անձն է, ում “Մոսկվա” կինոթատրոնի աշխատակիցներից մի քանիսը նմանեցրել են գողության կատարման ժամանակահատվածը ֆիքսած տեսագրություններում երևացող անձին/:

Բողոքում նշվել է նաև, որ Ստեփան Հովակիմյանին 2010թ. հունվարի 11-ին ոստիկանություն տանելու փաստը հաստատվում է ոչ միայն նշված անձանց կողմից, որոնք քրեական հետապնդման մարմնի մոտ կարող է ինչ-որ չափով անարժանահավատ թվան` իբր Ս.Հովակիմյանի մտերիմները լինելու պատճառաբանությամբ, այլ նաև “Մոսկվա” կինոթատրոնի մի շարք աշխատակիցների կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատական քննության ընթացքում տրված ցուցմունքներով:

Բացի այդ, բողոքին կից ներկայացվել են նաև Ստեփան Հովակիմյանի խցակիցներ` ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արթուր Նորայրի Առաքելյանի, Կարեն Սենիկի Կարապետյանի, Արթուր Մարտիկի Մարտիրոսյանի հայտարարությունները` ուղղված գործը քննող դատավորին, որոնք հայտնել են, որ բանտախուց բերվելուց հետո Ս.Հովակիմյանը պատմել է, որ իրեն ծեծել են Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում և ստիպել են ընդունել “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցած գողության կատարումը:

Չնայած մեր կողմից ներկայացված հիմնավորումներին, 05.05.2011թ. ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Ժ.Մուրադյանի 02.05.2011թ.-ի թիվ 44-4/6-11 գրությունը հետևյալ բովանդակությամբ. “Ձեր 21.04.2011թ. ՀՀ Գլխավոր դատախազին հասցեագրված բողոքի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի 13.04.2011 նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը օրինական և հիմնավոր է` այն վերացնելու հիմքեր չկան:”

Ինչպես Հատուկ քննչական ծառայությանը, այնպես էլ Ներքին անվտանգության վարչությանը ներկայացրել ենք մեր տրամադրության տակ ունեցած որոշ նյութեր և տեղեկություններ` հայտնելով մեր պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր ունեցած բոլոր նյութերն ու ողջ տեղեկատվությունը:

Սակայն ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը բացարձակապես որևէ “հետաքրքրություն” չեն ցուցաբերել հիշատակված նյութերին ու հավաստիացումներին, չեն հարցրել նույնիսկ, թե այդ ինչ նյութեր են գտնվում մեր տրամադրության տակ, դրանով իսկ ուղղակի հրաժարվելով պատշաճ և արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը կատարելուց:

Ըստ էության, ոստիկանների կողմից թույլ տրված խախտումներով “զբաղվելու” իրավասություն ունեցող երկու պետական մարմին` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը “ֆուտբոլ են խաղում” Ս.Հովակիմյանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ հաղորդման հետ, ՆԱ վարչությունը գրությամբ հայտնում է, որ կասեցնում է ծառայողական քննությունը, քանի որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ վերջինս էլ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման հիմքում դնում է բացառապես ծառայողական քննության ընթացքում ոստիկանների տված սուտ բացատրությունները:

Մինչդեռ ոստիկանության աշխատակիցներին տրված բացատրությունների նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում նույնիսկ աննշան քննադատական և տրամաբանական մոտեցում ցուցաբերելու դեպքում ակնհայտ կդառնար, որ բացատրություններում նշվածը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև խմբային շահերից ելնելով փորձ է արվում պարտակել կատարված ծանր հանցագործությունը:

2011թ. հունիսի 6-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոք է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի` 2011թ. ապրիլի 13-ին կայացված “Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին” որոշումը և այն օրինական ու հիմնավոր լինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Ժ.Մուրադյանի 02.05.2011թ. թիվ 44-4/6-11 գրությունը վերացնելու խնդրանքով:

Բողոքը քննության է առնվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանի կողմից: Դատական նիստը նշանակված է եղել 19.07.2011թ., սակայն Ս.Հովակիմյանի պաշտպանը դատարան ներկայացել է ուշացումով` ժամը 15.25-ին, սակայն դատական նիստերի դահլիճն արդեն փակ է եղել, իսկ դատական նիստը` ավարտված:

2011թ. օգոստոսի 10-ին ստացվել է “Բողոքը քննության առնելու մասին” Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դտաավոր Գ.Խանդանյանի կողմից կայացված թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշումը և միայն այդ բողոքարկվող դատական ակտը ստանալուց հետո է պարզվել, որ 13.06.2011թ. ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Մուրադյանը ներկայացված բողոքի վերաբերյալ գրավոր բացատրություններ է ներկայացրել դատարան` որոշակի պատճառաբանություններով առարկելով ներկայացված բողոքի դեմ: Այդ գրավոր բացատրությունների մասին բողոք բերած կողմը չի տեղեկացվել ո’չ բողոքը քննած դատարանի, ո’չ էլ դրանք ներկայացրած դատախազի կողմից:

2. Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի /CPT/ չափանիշները.

Որպեսզի հիմնավորվի, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի վերոհիշյալ որոշումը և այն հիմնավոր լինելու վերաբերյալ ավագ դատախազ Վ.Մուրադյանի գրությունը, ինչպես նաև դրանց դեմ բերված բողոքը մերժելու մասին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը օրինական ու հիմնավոր չեն ու չեն համապատասխանում վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների քննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պահանջներին, ստորև  ներկայացվում են հիշյալ մարմինների արտահայտած իրավական դիրքորոշումներն ու ընդունված չափանիշները այդ հարցի կապակցությամբ:

… Տես.  https://stepanhovakimyan.wordpress.com/2011/08/19/cpt-turtore-criterion/

Վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարության քննության արդյունավետության որոշումը.
Առանցքային Չափանիշներ

Թեև Եվրոպական դատարանի և այլ միջազգային մարմինների կողմից ընդունված ակտերում կիրառվող եզրութաբանությունը կարող է տարբեր լինել, սակայն համընդհանուր չափանիշները ներառում են անկախությունը և անկողմնակալությունը, ամբողջականությունը, անհապաղությունը, համապատասխան իրավասությունը, տուժողի ներգրավվածությունը և հասարակական վերահսկողությունը: 

… Տես.  https://stepanhovakimyan.wordpress.com/2011/08/19/cpt-turtore-criterion/

3. Վատ վերաբերմունքի դեպքերի քննության վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները.

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2010թ. փետրվարի 12-ին Արայիկ Գզոյանի վերաբերյալ գործով թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշմամբ անդրադառնալով վատ վերաբերմունքի դեպքերի քննությանը, արտահայտել է միջազգայնորեն ընդունված և Եվրոպական դատարանի կողմից լայնորեն կիրառվող հետևյալ իրավական դիրքորոշումը.

[… իրեն խոշտանգելու վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարության քննությունը մինչդատական վարույթում.

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո±ք սույն գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են պատշաճ միջոցներ իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեկան բռնությունների վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

21. “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` “Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”:

“Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` “Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթների”:

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` “Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ խոշտանգման բոլոր գործողություններն իր քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ: Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև ցանկացած անձի այն գործողություններին, որոնք ներկայանում են որպես մասնակցություն կամ գործակցություն խոշտանգմանը”:

ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն` “Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք”:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` “Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները”:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` “Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղաքրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով”:

22. Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում:

Նշված հանգամանքը բազմիցս շեշտադրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ կայացված նախադեպային որոշումներում: Մասնավորապես, Զելիլոֆն ընդդեմ Հունաստանի որոշման մեջ դատարանն արձանագրել է. “(…) 3-րդ հոդվածը պաշտպանում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը: Անգամ այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակ արտահայտություններով արգելում է խոշտանգումը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը: Ի Տարբերություն Կոնվենցիայի և’ 1-ին, և’ 4-րդ Արձանագրությունների շատ նյութաիրավական դրույթների, 3-րդ հոդվածը 15-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված թույլտվությունից բացի որևէ բացառություն կամ սահմանափակում չի նախատեսում, անգամ ազգի գոյությունը սպառնացող արտակարգ դրության դեպքում (…)” /տե’ս Zelilof v Greece, 2004թ. մայիսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 17060/03, կետ 42/:

23. Խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը:

Պոզիտիվ գործողություններ կատարելու պահանջը բխում է “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված պահանջից, որի համաձայն` “Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի առաջին բաժնում”:

Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, որ վերոշարադրյալ հոդվածում կիրառվող` “ապահովել” բառը ենթադրում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականություն, որոնց արդյունքում կապահովվի իրավունքների երկուստեք` օրենսդրական և գործնական պատշաճ պաշտպանություն:

Վերոնշյալ պոզիտիվ պարտականության առկայությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հիմնավորվել է մի շարք այլ որոշումներում ևս: Այսպես, Բեկոսը և Կուտրոպուլոսն ընդդեմ Հունաստանի որոշման մեջ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ “(…) եթե անձը անում է վստահելի հայտարարություն այն մասին, որ ինքն ի խախտումն 3-րդ հոդվածի ենթարկվել է խոշտանգման ոստիկանի կամ նման այլ պետական պաշտոնատար անձի կողմից, ապա այդ դրույթը Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված` “իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման” պետությունների ընդհանուր պարտականության հետ միասին ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության առկայություն: (…) Հակառակ պարագայում, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար կարևորության, գործնականում ոչ արդյունավետ կլինի և որոշ դեպքերում հնարավոր կլինի պետական մարմինների կողմից խախտել իրենց տրամադրության տակ գտնվող անձանց իրավունքները և փաստացի մնալ անպատժելի /ի թիվս այլ աղբյուրների տե’ս Labita v Italy, գանգատ թիվ 26772/95, կետ 131/” /Bekos and Koutropoulos v Greece, 2005թ. դեկտեմբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 15250/02, կետ 53/:

24. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գզոյանը իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեկան բռնությունների վերաբերյալ հայտնել է նախաքննության մարմնին /տե’ս սույն որոշման 10-րդ կետը/: Ա.Գզոյանի պաշտպանի դիմումի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում կայացված եզրակացության մեջ ծառայողական քննությունն իրականացրած մարմինը սահմանափակվել է միայն “Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթակա իրավունքների” ցանկի 2-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները լիարժեք չկատարելու, այն է` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության շենք բերման ենթարկված Արայիկ Էդուարդի Գզոյանի կողմից պաշտպանից հրաժարվելու հանգամանքը չարձանագրելու, ինչպես նաև վերջինիս պահանջով ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում Ա.Գզոյանի գտնվելու վայրի մասին վերջինիս կողմից ընտրված անձին ուշացումով տեղեկացնելու հարցերի քննարկմամբ և չի անդրադարձել Ա.Գզոյանին խոշտանգելու հարցին /տե’ս սույն որոշման 13-րդ կետը/:

Ինչպես երևում է վերոշարադրյալ մեջբերումից, ծառայողական քննություն իրականացրած մարմինը չի անդրադարձել մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարությանը, դա ստուգելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն չի նշանակել, մինչդեռ դատաբժշկական ապացույցներն առանցքային նշանակություն ունեն խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների արդյունավետ քննության համար: Այս առումով Վճռաբեկ դատարանի համար ուղեցույց է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մամադովն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի մեջ ամրագրված մոտեցումն այն մասին, որ “Իշխանությունները պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկեն ապահովելու համար միջադեպին վերաբերող ապացույցների պահպանությունը` ներառյալ դատաբժշկական ապացույցները: (…) Դատաբժշկական ապացույցները ժամանակային առումով չապահովելը հանդիսանում է սույն գործով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմնական գործոններից մեկը: Ժամանակին կատարված բժշկական հետազոտությունը բժշկին հնարավորություն կտար վնասվածքների պատճառման ժամանակի և դրանց պատճառների վերաբերյալ առավել որոշակի եզրակացության հանգել” /տե’ս Mammadov (Jalaloglu) v Azerbaijan, 2007թ. հունվարի 11-ի վճիռը, գանգատ թիվ 34445/04, կետ 74/:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ծառայողական քննության արդյունքում կայացված որոշումը, այն է` “ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության 4-րդ վարչության 2-րդ բաժնի ավագ օրեպլիազոր, ոստիկանության մայոր Ավետիք Հրաչի Համբարձումյանի հարցը քննարկել ԿՀԴՊ Գլխավոր վարչության պետին կից օպերատիվ խորհրդակցությունում” չի կարող գնահատվել որպես խոշտանգման փաստի պատշաճ արձագանք: Այս հարցում Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն այն մասին, որ խոշտանգումը պետք է հանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի /առավել մանրամասն տե’ս Bati and others v Turkey, 2004թ. հունիսի 3-ի վճիռը, գանգատներ թիվ 33097/96 և 57834/00, 145-146 կետեր, Mikheev v Russia, 2006թ. հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, 120 և 135 կետեր/:

26. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նախաքննության ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեկան բռնությունների վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:…]”

4. Վերաքննիչ բողոքի հիմքերը և փաստարկները.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Այսպես

1. Դատարանի կողմից խախտվել են “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները:

Դատավարության կողմերի հավասարության ապահովման սկզբունքի իրացումը դիտարկվում է որպես մրցակցային դատավարության սկզբունքի իրացում: Կողմերի հավասարությունը, ի թիվս այլի, ենթադրում է, որ մի կողմը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու մյուս կողմի փաստարկներին և ապացույցներին: Սա կարևոր պայման է, քանի որ դատական քննության այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են` արդարությունը, հրապարակայնությունը, կորցնում են իրենց իմաստը, եթե չկա դատական քննարկում, իսկ դատական քննարկումը առանց կողմերի հավասարապես տեղեկացվածության, նշանակում է մրցակցությա և հավասարության սկզբունքի ձևականացում:

Մինչդեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի 2011թ. ապրիլի 13-ին կայացված որոշման և այն օրինական ու հիմնավոր լինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Մուրադյանի 02.05.2011թ. գրության դեմ բերված բողոքի քննարկումը Դատարանի կողմից նշանակված է եղել 19.07.2011թ. ժամը 15.00-ին, սակայն բողոք բերող անձը` փաստաբան Տ.Սաֆարյանս, տեխնիկական պատճառներով դատարան է ներկայացել ուշացումով` ժամը 15.25-ին, երբ արդեն դատական նիստերի դահլիճը փակ է եղել, իսկ դատական նիստը` ավարտված: Միայն բողոքարկվող դատական ակտը ստանալուց հետո է պարզվել, որ 13.06.2011թ. ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Մուրադյանը ներկայացված բողոքի վերաբերյալ գրավոր բացատրություններ է ներկայացրել դատարան` որոշակի պատճառաբանություններով առարկելով ներկայացված բողոքի դեմ: Վերոհիշյալ գրավոր բացատրության, դրանում բերված պատճառաբանությունների մասին Դատարանը բողոք բերած անձին չի տեղեկացրել, դրանով խախտելով մրցակցության, իրենց փաստարկները պաշտպանելու կողմերի հավասար հնարավորության` “զենքերի հավասարության” սկզբունքը, քանի որ տեղյակ չլինելով ներկայացված բացատրությանը և դրանում նշված հիմնավորումներին ու պատճառաբանություններին, բողոք բերողն ուղղակի հնարավորություն չի ունեցել ներկայացնելու դրանց վերաբերյալ իր կարծիքը, դատողությունները կամ հակափաստարկները:

2. Դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները, քանի որ կայացված դատական ակտը ո’չ օրինական է, ո’չ հիմնավորված և ո’չ էլ պատճառաբանված: Այսպես.

Ինչպես արդեն նշվել է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված և պարտադիր կիրառման ենթակա նախադեպային որոշումների համաձայն, Ս.Հովակիմյանի նկատմամբ “վատ վերաբերմունքի” մասին հայտարարության քննությունը չի համապատասխանում այդ որոշումներով սահմանված “պատշաճ” և “արդյունավետ” լինելու պահանջներին: Դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելով խախտել է օրենսդրության այն պահանջները, որոնք վերաբերում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելմանը և նման վերաբերմունքի մասին հայտարարությունների պատշաճ և արդյունավետ քննության, այլ կերպ ասած` պետության պոզիտիվ պարտականության իրականացմանը:

Բողոքարկվող դատական ակտը բաղկացած է 7 էջից, որից սակայն 4 էջում հակիրճ նշված են ներկայացված բողոքի հիմնավորումները, շուրջ երկու էջում նշված են դատախազի ներկայացրած պատճառաբանությունները, որից հետո մոտ մեկ էջի չափով կրկնվել են դատախազի պատճառաբանությունների որոշ հատվածներ, իսկ վերջում` Դատարանի “հետևությունները”. “Այսպիսով, բողոքի քննությամբ հիմնավորվեց, որ նախաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ու Ս.Հովակիմյանի իրավունքները կամ ազատությունները չեն խախտվել, ինչպես նաև նյութական և դատավարական օրենքի խախտում չի կատարվել, ուստի բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի բողոքը հիմնավորված ճանաչելու ահմար: Դատարանը գտնում է, որ 2011թ. ապրիլի 13-ին “Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին” ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի կողմից կայացված որոշումը պատճառաբանված է և հիմնավոր ու այն վերացնելու հիմքեր չկան:”

Բողոքարկվող դատական ակտը բացարձակապես հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Դատարանի կողմից չի նշվել, թե այդ ինչու և կոնկրետ ինչ հետազոտված ապացույցների հիման վրա է հետևության հանգել, որ բողոքը հիմնավորված չէ: Այն դեպքում, երբ Դատարանը նույնիսկ չի պահանջել և վարույթն իրականացնող մարմնից չի ստացել բողոքի վերաբերյալ որևէ նյութ: Դատարանը “հալած յուղի” տեղ ընդունել է դատախազի բացատրությունները, որոնք բառացիորեն կրկնել են ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի կողմից կայացված որոշման որոշակի հատվածներ` նույնիսկ հաշվի չառնելով, որ ներկայացված բացատրությունները հիմնված են բացառապես ոստիկանների կողմից տրված իրականությանը չհամապատասխանող բացատրությունների վրա, որոնք հերքվում են անժխտելի ապացույցներով:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից բառացիորեն նշվել է` “նախաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար”, սակայն  զարմանալի է, թե ինչպես կարելի է գնահատել “նախաքննություն” իրականացնող մարմնի կողմից հենց նախաքննություն իրականացնելուց հրաժարվելը և միայն ոստիկաններից բացատրություններ վերցնելով բավարարվելը որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումներ` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ ոստիկանների բացատրությունները էականորեն հակասում են Ստեփան Հովակիմյանի հայտնած տեղեկություններին, որոնք ի դեպ հաստատվում են բազմաթիվ այլ ապացույցներով: Արդյոք նման պարագայում բավարար կարող էր համարվել ոստիկաններից նրանց հնարավոր քրեական պատասխանատվության վտանգը գիտակցելու պայմաններում ըստ էության ճիշտը հայտնելու որևէ պարտավորություն չառաջացնող բացատրություններ վերցնելը:

Նման պայմաններում “ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումների ձեռնարկում” կարող էր դիտարկվել միայն և միայն ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը և քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն կատարելը, որի պայմաններում էլ հնարավոր կլիներ հարցաքննությունների և այլ քննչական կամ դատավարական գործողությունների միջոցով պարզել Ստեփան Հովակիմյանի և ոստիկանների հայտնած տեղեկությունների միջև առկա էական հակասությունները, դրանց պատճառները և ի վերջո օբյեկտիվ իրականությունը:

Նկատի ունենալով, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի վերոհիշյալ որոշումը և այն հիմնավոր լինելու վերաբերյալ ավագ դատախազ Վ.Մուրադյանի գրությունը, ինչպես նաև դրանց դեմ բերված բողոքը մերժելու մասին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը օրինական ու հիմնավոր չեն` վատ վերաբերմունքի մասին հայտարարության արդյունավետ քննություն կատարելու վերաբերյալ ՀՀ ներպետական օրենսդրության, հիշատակված միջազգային իրավական փաստաթղթերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշներին չհամապատասխանելու առումով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 18-19-րդ հոդվածներով, “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ, 185-րդ, 290-րդ հոդվածներով, ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածով.

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Ամբողջությամբ բավարարել ներկայացված վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ բեկանելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշումը, վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի` 2011թ. ապրիլի 13-ին կայացված “Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին” որոշումը և այն օրինական ու հիմնավոր լինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Ժ.Մուրադյանի 02.05.2011թ. թիվ 44-4/6-11 գրությունը` օրինական և հիմնավոր չլինելու պատճառով:

Բողոքին կից ներկայացնում եմ բողոքարկվող դատական ակտի պատճենը, միաժամանակ միջնորդում եմ սույն բողոքի քննությունն իրականացնել վերաքննության կարգով, քանի որ բողոքը հիմնավորող ապացույցները բազմաթիվ ու մեծածավալ են և դրանք կներկայացվեն բողոքի քննության ընթացքում:

Ստեփան Հովակիմյանի պաշտպան,
ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան`                                            Տիգրան Սաֆարյան
Հասցե. ք.Երևան, Փ.Բյուզանդի փող. 53-55շ., գրասենյակ թիվ 2,
հեռ. 093 734500


About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Նոր հրապարակումներ, Քրեական գործ and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

One Response to Վերաքննիչ Բողոք 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ

  1. Pingback: Դատավոր Խանդանյանը որոշ ժամանակ «թաքուն է պահել» դատախազության գրությունը | hra.am | Ստեփան Հովակիմյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s