Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի /CPT/ չափանիշները.

Ստորև ներկայացնում ենք վատ վերաբերմունքի` խոշտանգումների մասին հայտարարությունների քննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի /CPT/ որոշ հիմնական չափանիշներ: Դրանք հատվածաբար ընտրված են Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի կազմած վերաքննիչ բողոքից, որը տողատակերի ամբողջական հղումներով, word ֆայլի տեսքով կարելի է ներբեռնել այտեղից`  http://dl.dropbox.com/u/30492539/Stepan/Appeal%201%20Original.doc

Պոզիտիվ պարտականություններ

Չնայած տառացի ամրագրման բացակայությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է ոչ միայն վատ վերաբերմունք դրսևորելուց ձեռնպահ մնալու պարտականություն, այլ նաև պոզիտիվ գործողություններ կատարելու պարտականություն է նախատեսում: Պոզիտիվ պարտականության հայեցակարգը բխում է Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների ապահովման պահանջից: “Ապահովել” բառը ենթադրում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականության առկայություն, որոնց արդյունքում կապահովվի իրավունքների երկուստեք` տեսական և գործնական պատշաճ պաշտպանություն:

Վատ վերաբերմունքի դեպքերը քննելու պոզիտիվ պարտականության այս առկայությունն ուղղակիորեն սահմանվել է Եվրոպական դատարանի կողմից, որը “հիշեցնում է, որԿոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների արդյունավետ քննության պոզիտիվ պարտականություն/Assenov and others, կետ 101-106/”:[5]

Եվրոպական դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. “Դատարանը հիշեցնում է, որ եթե անձն անում է վստահելի հայտարարություն այն մասին, որ ինքն ի խախտումն 3-րդ հոդվածի, ենթարկվել է խոշտանգման ոստիկանի կամ նման այլ պետական պաշտոնատար անձի կողմից, ապա այդ դրույթը Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված “իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման” պետությունների ընդհանուր պարտականության հետ մեկտեղ ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության առկայություն: … Այլ կերպ ասած, խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար կարևորությանը, գործնականում ոչ արդյունավետ կլինի և որոշ դեպքերում հնարավոր կլինի պետական մարմինների կողմից խախտել իրենց իրավազորության տակ գտնվող անձանց իրավունքները և փաստացի մնալ անպատժելի /ի թիվս այլ աղբյուրները` տե’ս Labita v. Italy, gangat 2iv 26772/95, կետ 131”:[6]

Այն դեպքում, երբ անձն ունի փաստարկներով հիմնավորվող հայց այն մասին, որ իր նկատմամբ ապօրինաբար դաժան կամ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել ոստիկանության կամ պետության այլ գործակալների կողմից` ի խախտումն 3-րդ հոդվածի, ապա այդ դրույթը` Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված` պետությունների ընդհանուր պարտավորությունների հետ համատեղ ընթերցվելու դեպքում անուղղակիորեն պահանջում է, որպեսզի արդյունավետ պաշտոնական հետաքննություն կատարվի: Այս հետաքննությունը, ինչպես և 2-րդ հոդվածի դեպքում, պետք է կարողանա հանգեցնել մեղավորների բացահայտմանն ու պատժմանը: Եթե այդպես չլիներ, ապա խոշտանգումների, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի ընդհանուր արգելքը, չնայած դրա հիմնարար կարևորությանը, գործուն չէր լինի պրակտիկայում, և որոշ դեպքերում պետության գործակալների համար հնարավոր կլիներ չարաշահել իրենց հսկողության տակ գտնվողների իրավունքները և, ըստ էության անպատիժ մնալ”:[7]:

Համանման կերպ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն նշել է.

Խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի նկատմամբ վստահելիությունը խարխլվում է ամեն անգամ, երբ նման հանցագործությունների համար պատասխանատու անձինք չեն պատժվում իրենց արարքների համար: Եթե վատ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկության վերհանմանը չի հաջորդում անհապաղ և արդյունավետ պատասխանատվությունը, ապա այն անձինք, ովքեր տրամադրված են վատ վերաբերմունք դրսևորել ազատությունից զրկված անձանց նկատմամբ, շատ շուտով կհամոզվեն, և բավական լուրջ հիմքերով, որ կարող են նման կերպ վարվել և անպատիժ մնալ”:[8]

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 14-րդ ընդհանուր զեկույցի համաձայն.

“42. Որևէ մեկի մոտ չպետք է կասկած մնա անպատժելիության դեմ պայքարելու կապակցությամբ պետական մարմինների անվարանության կապակցությամբ: Դա կխրախուսի մնացյալ բոլոր մակարդակներում միջոցառումների ձեռնարկումը: Անհրաժեշտության դեպքում իշխանությունները պետք է բարձր քաղաքական մակարդակում հայտարարություն անեն, որում առկա կլինի հստակ ուղերձ այն մասին, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի նկատմամբ պետք է լինի “զրոյական հանդուրժողականություն””:

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշների համաձայն.Քննության պարտականությունը պահանջում է միջոցառումների փոխկապակցված համակարգի առկայություն, որն ունակ կլինի ապահովել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի համար համապատասխան պատասխանատվություն: Այն պահանջում է, որպեսզի պետությունները սահմանեն այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի վարույթ հարուցել և համապատասխանաբար պատժել վատ վերաբերմունքի պատասխանատու անձանց:

Պետական մարմինները պետք է իրենց քննչական պարտականություններն իրականացնեն անպատժելիության դեմ պայքարի իրենց պարտականությանը համապատասխան:

Պետությունները պետք է սահմանեն կառուցակարգերի և ընթացակարգերի հստակ համակարգ, որի շնորհիվ կարող են հայտնաբերվել վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումները, մատնանշումները և ապացույցները:

Այս համակարգը պետք է հավասար հիմունքներով հասանելի լինի բոլոր մարդկանց, այդ թվում` կալանավորված անձանց համար:

Նման համակարգ չձևավորելը կարող է ինքնին հանգեցնել արդյունավետ քննություն իրականացնելու պարտականության խախտման:

Անձի` իրեն ձերբակալելու փաստի վերաբերյալ երրորդ անձի տեղեկացնելու, պաշտպան ունենալու և բժշկական զննության ենթարկվելու բոլոր իրավունքները կարևոր են վատ վերաբերմունքի վերաբերյալ ապացույցների ձեռք բերման և տեղեկության տարածման համար:

Այս հիմնարար երաշխիքներն ստեղծվել են ոչ միայն հետ պահելու համար “վատ վերաբերմունք դրսևորելու մտադրություն ունեցող անձանց”[9], այլ նաև դրանք ապահովելու համար վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունները և ապացույցները փոխանցելու արդյունավետ ուղիների ստեղծման համար: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը նշել է.

Տուժողի համար չափազանց դժվար է հիմնավորել ոստիկանությունում կալանավորված լինելու ժամանակ խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունները, եթե նա մեկուսացված է եղել արտաքին աշխարհից և չի հանդիպել բժշկի, իրավաբանի, ընտանիքի անդամների կամ ընկերների, ովքեր կարող են հիմնավորել և հավաքել անհրաժեշտ ապացույցներ /տե’ս Aksoy v Turkey, 1996թ. դեկտեմբերի 18-ի որոշումը, գանգատ թիվ 21987/93, կետ 97/[10]:

Ինչ վերաբերում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին /ԽԿԵԿ/, ապա վերջինիս կողմից նշվել է.

“Կոմիտեն անդրադառնում է ոստիկանության կողմից ձերբակալված անձանց երեք իրավունքների առանձնահատուկ կարևորությանը. ձերբակալված անձի կողմից իր ձերբակալման փաստի մասին իր ընտրությամբ երրորդ անձի /ընտանիքի անդամ, ընկեր, հյուպատոսություն/ հայտնելու իրավունքը, պաշտպան ունենալու իրավունքը և իր ընտրած բժշկի կողմից հետազոտության ենթարկվելու իրավունքը /ի լրումն ոստիկանության կողմից հրավիրված բժշկի կողմից իրականացված հետազոտության/[11]:

ԽԿԵԿ չափանիշների համաձայն, այս իրավունքները պետք է տրամադրվեն ազատությունից զրկելու ամենավաղ պահից:

ԽԿԵԿ-ն ընդգծել է այս “երեք իրավունքները” որպես վատ վերաբերմունքի դեմ երաշխիքների անհրաժեշտ նախատարր և շեշտադրել է, որ դրանք “պետք է տրամադրվեն ազատությունից զրկելու ամենավաղ փուլերից` անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ իրավական համակարգում ինչպես է կոչվում ազատությունից զրկելը /ձերբակալում, կալանավորում և այլն/[12]:

Եվրոպական դատարանն ընդունել է այս մոտեցումը և չի հանդուրժում անգամ կարճաժամկետ հետաձգումներ[13]:

ԽԿԵԿ չափանիշների համաձայն, դատախազները և դատավորները պետք է պահանջեն ապահովել վատ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկությունների և ապացույցների փոխանցումը: Նրանք պետք է անշեղ գործունեություն իրականացնեն ստուգելու համար իրենց ներկայացված անձանց կողմից թույլատրված վատ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկությունը: Նրանք պետք է վարույթներն այնպես իրականացնեն, որպեսզի համոզված լինեն, որ անձինք իրական հնարավորություն ունեն բացահայտ հայտարարություն անելու իրենց նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի մասին:

Դատախազները և դատավորները ևս կարևոր դերակատարություն ունեն վատ վերաբերմունքի հայտարարությունների արդյունավետ փոխանցման և քննության ապահովման համար: Այդ առթիվ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն նշել է.

“Երբ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված անձինք տարվում են դատախազական կամ դատական մարմինների մոտ, նման անձանց համար ապահովվում է արժեքավոր հնարավորություն նշելու, թե իրենք ենթարկվե±լ են խոշտանգման, թե` ոչ: Հետագայում, անգամ ուղղակի բողոքի բացակայության պայմաններում, այս պաշտոնատար անձինք պարտավորված կլինեն ժամանակին համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե առկա են այլ հատկանիշներ, որ տեղի է ունեցել վատ վերաբերմունք:”[14]

ԽԿԵԿ-ն հաճախ գտնում է, սակայն, որ դատավորները և դատախազները նվազ հետաքրքրություն են ցուցաբերում վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմումներին կամ իրենց մոտ բերված անձանց հարցեր չեն տալիս ակնհայտ վնասվածքների մասին:[15]

Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ մի շարք գործերով, ինչպիսին է Ակսոյի գործը, Եվրոպական դատարանը ևս ուսումնասիրել է դատախազական և դատական մարմինների արձագանքը վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների կամ այլ մատնանշումների առնչությամբ.

“Իհարկե, Թուրքիայի օրենսդրության իմաստով դատախազը պարտավոր է քննություն կատարել: Սակայն, անկախ այն հանգամանքից, թե պրն.Ակսոյը նրան ուղղակիորեն բողոք ներկայացրել էր, թե` ոչ, նա նշանակություն չի տվել վերջինիս խոշտանգելու վերաբերյալ ակնհայտ ապացույցներին և որևէ քննություն չի իրականացրել: Ավելին, Եվրոպական դատարանի կարծիքով, պրն. Ակսոյի գործի հանգամանքներում քրեական հանցագործությունները քննելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից նման վերաբերմունք դրսևորելը համարժեք է եղել հնարավոր բոլոր այլ ընթացակարգերի արդյունավետության խարխլմանը”:[16]

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշների համաձայն`քննություն սկսելու պարտականությունը ծագում է այն ժամանակ, երբ իրավասու պաշտոնատար անձինք ստանում են համոզիչ հայտարարություն կամ վատ վերաբերմունքի հավանական առկայության մասին այլ բավականաչափ հստակ մատնանշում: Այս դեպքում քննությունը պետք է իրականացվի անգամ ուղղակի բողոքի բացակայության պայմաններում:

Մինչև վերջերս Եվրոպական դատարանը պահանջում էր “ապացուցելի դիմումի” առկայություն վատ վերաբերմունքի կապակցությամբ քննություն սկսելուն պարտավորեցնելու համար:[17]

Բազմաթիվ տարբեր իրավիճակների հանդիպելով, Եվրոպական դատարանը նեղացրել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի իր չափանիշները` պահանջելով քննություն անգամ հստակ դիմումի բացակայության պայմաններում: Խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի կապակցությամբ քննություն հարուցելու պարտականությունը ներկայումս առկա է այն դեպքում, երբ “բավականաչափ հստակ մատնանշումներ” կան այն մասին, որ վատ վերաբերմունք է “տեղի ունեցել”:[18]

Այս մոտեցումը լիովին համապատասխանում է ԽԿԵԿ-ի չափանիշներին:[19]

Եվրոպական դատարանը նաև ամրագրել է, որ քննության իրականացումն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ “իրավասու պաշտոնատար անձինք ստանում են հայտարարություն, որը փաստորեն անհնարին չէ կամ առկա են այլ բավականաչափ հստակ մատնանշումներ, որ լուրջ վատ վերաբերմունք է տեղի ունեցել:”[20]

ԽԿԵԿ-ի չափանիշների համաձայն` քննության իրականացումը պարտադիր է այն դեպքում, երբ գործ ունենք ֆիզիկական կամ հոգեկան բռնության, ուժի սահմանազանցող կիրառման կամ վատ վերաբերմունքի լուրջ այլ դեպքերի վերաբերյալ վստահելի հայտարարությունների հետ:

“Դատարանը կրկնում է, որ այն դեպքում, երբ անձը վստահելի դիմում է ներկայացնում այն մասին, որ ի խախտումն 3-րդ հոդվածի, լուրջ վատ վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության կողմից, ապա այդ դրույթը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված` “իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման” պետությունների ընդհանուր պարտականության հետ մեկտեղ ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության առկայություն”:[21]

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, սակայն, արտացոլում է այն հիմնական սցենարները, որոնց առկայության դեպքում քննություն իրականացնելու պարտականությունն առկա է: Առաջին հերթին, այն պարտադիր է ֆիզիկական կամ հոգեկան բռնության, սպառնալիքի և դիտավորությամբ կատարվող վատ վերաբերմունքի այլ ձևերի կապակցությամբ”:[22]

ԽԿԵԿ-ի չափանիշների համաձայն` վատ վերաբերմունքի վերաբերյալ քննությունը դադարեցնելու կամ մերժելու մասին որոշումները կարող են կայացվել միայն անկախ և իրավասու պաշտոնատար անձի կողմից բոլոր համապատասխան փաստերի ամբողջական և անհապաղ քննության արդյունքում: Նման որոշումները պետք է պատշաճ հետազոտության առարկա հանդիսանան և հրապարակային ու մրցակցային դատական վերահսկողության ընթացակարգի իմաստով վիճարկելի լինեն:

Հայտատարության անհիմն լինելու մասին որոշումը հավասարազոր է քննություն իրականացնելը մերժելուն և ենթադրյալ տուժողին` քննության պարտականությունից բխող իրավունքներից զրկելուն: Նման որոշումը պետք է, հետևաբար, ստուգման բարձր աստիճան ունենա:

ԽԿԵԿ-ի չափանիշների համաձայն` արդյունավետ քննությունը պահանջում է իրական ջանքերի գործադրում վատ վերաբերմունքի վերաբերյալ համապատասխան փաստերի պատշաճ վերհանման և, անհրաժեշտության դեպքում, դրա համար պատասխանատու անձանց բացահայտելու և պատժելու նպատակով:

Սույն չափանիշները նախատեսում են քննության երկու հիմնական նպատակ` փաստերի հայտնաբերում և անհրաժեշտության դեպքում իրավախախտների պատժում: Ընդունվում է, որ բոլոր գործերով չէ, որ փաստերը կարող են հայտնաբերվել, և որ երբեմն բավարար ապացույցներ չեն լինի իրավախախտներին պատժելու համար: Սակայն պաշտոնատար անձինք պետք է իրական ջանք գործադրեն արդյունքի հասնելու համար:

Սույն չափանիշներն արտացոլում են այս ոլորտում Եվրոպական դատարանի կողմից կիրառվող ընդհանուր հասկացությունները.

Քննություն իրականացնելու պարտականությունը “հանդիսանում է ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտականություն”. ոչ բոլոր քննությունները պետք է հաջողությամբ ավարտվեն կամ հանգեցնեն դեպքի վերաբերյալ դիմողի հայտարարությանը համապատասխանող եզրակացության, սակայն այն պետք է սկզբունքորեն հնարավորություն ունենա հանգեցնելու գործի հանգամանքների պարզմանը, և եթե հայտարարությունը կհամապատասխանի իրականությանը, պատասխանատու անձանց հյատնաբերմանը և պատժմանը: Այսպիսով, լուրջ հայտարարությունների վերաբերյալ քննությունը պետք է համակողմանի լինի: Դա նշանակում է, որ պաշտոնատար անձինք պետք է միշտ լուրջ ջանքեր գործադրեն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել և քննությունն ավարտելիս կամ որոշումներ կայացնելիս չպետք է հիմնվեն հապճեպ և անհիմն եզրակացությունների վրա”:[23]

Վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարության քննության արդյունավետության որոշումը.
Առանցքային Չափանիշներ

Թեև Եվրոպական դատարանի և այլ միջազգային մարմինների կողմից ընդունված ակտերում կիրառվող եզրութաբանությունը կարող է տարբեր լինել, սակայն համընդհանուր չափանիշները ներառում են անկախությունը և անկողմնակալությունը, ամբողջականությունը, անհապաղությունը, համապատասխան իրավասությունը, տուժողի ներգրավվածությունը և հասարակական վերահսկողությունը:

Անկախությունը և անկողմնակալությունը.

Քննությունների իրականացմանը ներգրավված պաշտոնատար և որոշում կայացնող բոլոր անձինք պետք է անկախ լինեն քննվող փաստերի հետ առնչություն ունեցող անձանցից:

Անկախությունը առանցքային նշանակություն ունի արդյունավետ քննության և ենթադրյալ տուժողի և ամբողջ հասարակության վստահության ապահովման համար:[24]

“Ինչևէ, Դատարանը գտնում է, որ արդյունավետ քննության համապատասխան սկզբունքներին հակասում է այն, որ Թբիլիսիի քաղաքային դատախազության գրասենյակը առավելապես հիմնվել է Ռուսթավիի շրջանային դատախազության գրասենյակի կողմից տրամադրված տեղեկության վրա, այն դեպքում, երբ Ռուսթավիի ոստիկանության աշխատակիցներն ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են եղել վիճարկվող դեպքերին…”:[25]

Վատ վերաբերմունքի քննության ամբողջականությունը.

Վատ վերաբերմունքի քննությունը պետք է ներառի համապատասխան դեպք/եր/ի վերաբերյալ ապացույցների պահպանությունն ապահովելու նպատակով բոլոր ողջամիտ քայլերի ձեռնարկումը:

Չնայած ամբողջականության չափանիշն ապահովելու համար անհրաժեշտ քննչական գործողությունների սպառիչ ցանկ հնարավոր չէ նախատեսել, այդուհանդերձ, Եվրոպական դատարանի կողմից զարգացվել է “ողջամիտ բոլոր քայլերը” ձեռնարկելու կամ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու ընդհանուր պահանջը: Իր որոշումներում Եվրոպական դատարանը հաճախ նշում է ցանկալի միջոցառումների բացատրական և ոչ սպառիչ ցանկ.

“Պաշտոնատար անձինք պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ քայլերն ապահովելու համար միջադեպին վերաբերող ապացույցների պահպանումը, ներառյալ inter alia, հայտարարության վերաբերյալ ենթադրյալ տուժողի, ականատես վկաների ցուցմունքները, դատաբժշկական ապացույցները և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ բժշկական հավաստագրեր` համապատասխանաբար ապահովելու համար վնասվածքների ամբողջական և հստակ արձանագրումը և մասնավորապես վնասվածքների պատճառների վերաբերյալ բժշկական եզրակացությունների օբյեկտիվ վերլուծությունը: Քննության յուրաքանչյուր թերացում, որը կհանգեցնի վնասվածքների պատճառների և պատասխանատու անձի բացահայտման հնարավորության թուլացմանը, կարող է դիտվել որպես այս չափանիշներին հակասող”:[26]

Վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի այցերի արդյունքում կազմված զեկույցներում սահմանվել են հետևյալ քննչական միջոցառումները, որոնց պատշաճ ջանասիրությամբ իրականացնելու դեպքում միայն կարող է բավարարվել վատ վերաբերմունքի արդյունավետ քննության ամբողջականության չափանիշը.

  • ենթադրյալ տուժողների մանրամասն և ամբողջական հայտարարությունները, որոնք ձեռք են բերվել համապատասխան աստիճանի ջանասիրությամբ.
  • պատասխանատու անձանց բացահայտման համար անհրաժեշտ համապատասխան հարցաքննությունները և, անհրաժեշտության դեպքում, առերեսումները և այլ առանձնահատուկ քննչական գործողությունները.

Իր նախադեպային իրավունքում Եվրոպական դատարանն այս կապակցությամբ բազմաթիվ թերություններ է արձանագրել.

“Դատարանի համար հատկապես զարմանալի է այն, որ թեև դիմողը 1995թ. մարտի 9-ին կրկնել է, որ կարող է ճանաչել քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակցին, ոչինչ չի արվել այդ հնարավորությունն ընձեռելու համար և, միայն ինն օր անց պետական մեղադրողի գրասենյակը գործն արխիվացրել է ոչ թե այն հիմքով, որ հայտարարությունը հիմնավորված չէ, այլ այն պատճառով, որ պատասխանատու անձը չի հայտնաբերվել”[27]:

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ քննության և փաստաթղթավորման ուղեցույցը /”Ստամբուլյան արձանագրություն”/ շեշտադրում է ենթադրյալ տուժողների ֆիզիկական և հոգեբանական հետազոտության, ախտորոշիչ թեստերի և միասնական փաստաթղթավորման կարևորությունը:[28]

Բժշկական հետազոտությունը պետք է իրականացվի` անկախ խոշտանգումից անցած ժամանակահատվածի տևողության, սակայն եթե ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել նախորդ վեց շաբաթների ընթացքում, ապա նման հետազոտությունը պետք է անհապաղ իրականացվի` նախքան ակնհայտ հետքերի անհետացումը:[29]

  • համապատասխան վկաների ցուցմունքները, հնարավորության դեպքում, ներառյալ կալանավորված այլ անձանց, կալանավայրի վարչակազմի, հասարակայնության ներկայացուցիչների, իրավապահ մարմինների և այլ պաշտոնատար անձանց ցուցմունքները.

Վատ վերաբերմունքը, որպես կանոն, տեղի է ունենում գաղտնի: Այնուամենայնիվ, քննությունը պետք է իրական ջանքեր գործադրի քննարկվող միջադեպի հնարավոր ականատեսներից ցուցմունքներ ստանալու համար կամ ունակ լինի լույս սփռել դրան զուգակցող հանգամանքների վրա: Այս պահանջներն արտացոլված են Ստամբուլյան արձանագրության մեջ, որի համաձայն. “Տեղեկություն պետք է ձեռք բերվի քննությանը հետաքրքրող շենքում կամ վայրում ներկա գտնված յուրաքանչյուր անձից պարզելու համար, թե նրանք հանդիսացել են արդյոք ենթադրյալ խոշտանգման միջադեպի վկա”:[30]

Եվրոպական դատարանն իր հերթին հաճախ մատնանշել է համապատասխան անձանց չհարցաքննելու հետ կապված խախտումը.

“Քննիչը չի փորձել հայտնաբերել և հարցաքննել 199թ. սեպտեմբերի 10-ից 19-ը Բոգորոդսկի և Լենինսկի ոստիկանության բաժիններում դիմողի հետ կալանավորված անձանց, ովքեր կարող էին ինքնասպանության փորձից առաջ դիմողի վարքագծի վերաբերյալ օգտակար տեղեկության տիրապետել, և պարզ չէ, թե Վ-ն` դիմողի հետ նույն խցում պահվող անձանցից մեկը, երբևէ հարցաքննվել է քննիչի կողմից:”[31]

  • դեպքի տեղի զննություն` իրեղեն ապացույցներ, այդ թվում` վատ վերաբերմունքի դրսևորման ժամանակ կիրառված գործիքներ հայտնաբերելու նպատակով:

Դեպքի տեղի զննության արդյունքում ձեռք բերված ապացույցներն առանցքային նշանակություն ունեն յուրաքանչյուր դեպքի հանգամանքները պարզելու համար և հատկապես կարևոր են վատ վերաբերմունքի դեպքերի քննության ժամանակ, ինչպես ընդգծվել է Եվրոպական դատարանի[32] և ԽԿԵԿ-ի[33] կողմից: Դեպքի տեղի զննության արդյունքում ձեռք բերված ապացույցների վերաբերյալ Եվրոպական չափանիշները ևս վկայակոչում են Ստամբուլյան արձանագրության /ոչ սպառիչ/ դրույթները.

“…Յուրաքանչյուր գործիք, որը կարող է օգտագործված լինել խոշտանգման ժամանակ, անկախ այն հանգամանքից, թե դա նախատեսված է եղել այդ նպատակով օգտագործելու համար, թե օգտագործվել է կոնկրետ իրավիճակում, պետք է վերցվի և պահպանվի: Պետք է պահպանվի այն շենքի կամ վայրի` նշագրված, մասշտաբային գծագիրը, որտեղ ենթադրվում է, որ խոշտանգում է տեղի ունեցել, այդ գծագրում պետք է ցույց տրված լինեն համապատասխան բոլոր մանրամասները, ինչպիսիք են շենքի հարկերի, սենյակների, մուտքերի, պատուհանների, կահույքի դասավորությունը և շրջակայքը: Նույնն անհրաժեշտ է արձանագրել նաև գունավոր լուսանկարներով: Պետք է կազմվի ենթադրյալ խոշտանգման վայրում գտնված բոլոր անձանց ինքնությունը, այդ թվում` նրանց ամբողջական անունը, հասցեն և հեռախոսի համարը կամ այլ կոնտակտային տեղեկությունը պարզելու վերաբերյալ արձանագրություն:”[34]

ԽԿԵԿ-ի չափանիշների համաձայն` վատ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկությունը և ապացույցները պետք է ձեռք բերվեն ամբողջական, հետևողական և օբյեկտիվորեն:

Քննություններն ի սկզբանե պետք է իրականացվեն ամբողջական, հետևողական և փոխկապակցված եղանակով: Ինչպես նշվել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից, պետք է խուսափել “հապճեպ կամ անհիմն եզրակացություններից”.

“Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների պատշաճ գնահատումը հաճախ ոչ այնքան ակնհայտ հարց է հանդիսանում: Վատ վերաբերմունքի որոշ ձևեր ակնհայտ հետքեր չեն թողնում, եթե գործադրվել են որոշակի հմտությամբ: Նման կերպ, եթե անձին ստիպեն մի քանի ժամ անհարմար դիրքով ուղղակի կամ ծնկաչոք կանգնել կամ քնից զրկեն, ապա դժվար թե հստակ տեսանելի հետքեր կմնան: Անգամ մարմնին հասցված հարվածները կարող են թեթև ֆիզիկական հետքեր թողնել, որոնք դժվար է նկատել և որոնք շուտ անհետանում են: Հետևաբար, եթե վատ վերաբերմունքի նման ձևերի մասին դիմումները հասնում են դատախազական կամ դատական մարմիններին, վերջիններս պետք է հատկապես զգոն լինեն, որպեսզի մեծ ուշադրություն չդարձնեն ֆիզիկական հետքերի բացակայությանը: Անգամ a fortiori դա վերաբերում է հոգեկան բնույթի վատ վերաբերմունքի մասին հայտարարություններին, այն դեպքում, երբ բողոքարկվող վատ վերաբերմունքն ունի առավելապես հոգեբանական բնույթ /ձերբակալված անձի և/կամ նրա ընտանիքի անդամների կյանքի կամ ֆիզիկական ամբողջականության նկատմամբ սպառնալիք և այլն/: Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների պատշաճ գնահատման համար կարող է պահանջվել բոլոր համապատասխան անձանցից ցուցմունքներ վերցնելը և ժամանակին տեղում ստուգում և/կամ բժշկական հետազոտություն կատարելը:”[35]

Քննությունները պետք է համակողմանի լինեն.

Քննությունները պետք է համակողմանի լինեն, հատկապես, եթե դրանցում ներառված են մեկից ավելի միջադեպեր կամ փոխկապակցված փաստերի ամբողջություն: Սա արտացոլում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի այցերի արդյունքում կազմվող զեկույցների բովանդակությունը.

“Քննությունը ևս պետք է բազմակողմանի լինի: Կոմիտեն բախվել է այնպիսի իրավիճակների, երբ, չնայած վատ վերաբերմունքի հետ կապված բազմաթիվ միջադեպերի և փաստերի վերաբերյալ հաղորդումներին, քննության ծավալը չափազանց սահմանափակ է եղել, կարևոր դրվագներ և դրանց ուղեկցող հանգամանքներ, որոնք վատ վերաբերմունքի մասին էին վկայում, թողնվել են առանց քննությանը:”[36]

Քննությունները և հնարավոր իրավական ընթացակարգերը պետք է իրականացվեն անհապաղ և ողջամիտ արագությամբ.

Այս չափանիշը սահմանում է, որ ապացույցը կարող է կորցնել իր արժեքը կամ որոշ ժամանակ անց այն ձեռք բերելն անհնարին կլինի, ինչպես դա արտացոլված է համապատասխան բոլոր միջազգային իրավական ակտերում, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի պարզաբանումներում, Ստամբուլյան արձանագրության մեջ: Այս առումով ամենամանրամասն պարզաբանումը տրված է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում.

“… քննությունը պետք է լինի նպատակահարմար: Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, երբ կարևորվում է պաշտոնական քննության արդյունավետությունը, Դատարանը հաճախ գնահատում է այն, թե տվյալ ժամանակահատվածում պաշտոնատար անձինք արդյոք անհապաղ արձագանքել են ներկայացված բողոքներին /տե’ս Labita vItaly[GC], թիվ 26772/95, կետ 133 և հաջորդները/:

Ժամանակին լինելը խիստ կարևոր է բժշկական հետազոտության արդյունավետության, վկաների հարցաքննության պիտանիության և արժանահավատության համար: Ինչպես բազմիցս նշվել է Եվրոպական դատարանի կողմից. “Բազմաթիվ քննչական գործողություններ կատարվել են շատ ուշացմամբ: Դիմողի դատաբժշկական հետազոտության արձանագրությունը, օրինակ, թվագրված է 26 հոկտեմբերի 1998թ., ինչը ենթադրյալ վատ վերաբերմունքից ավելի քան հինգ շաբաթ հետո է: Վատ վերաբերմունքի մեջ կասկածվող ոստիկանության աշխատակիցները դիմողի ճանաչմանն են ներկայացվել միջադեպից երկու տարի հետո: Դիմողի մայրը հարցաքննվել է միայն 2000 թվականին, թիվ 33 հիվանդանոցի բժիշկ պրն. Դ-ն չի հարցաքննվել մինչև 2001 թվականը, չնայած որ եղել է միջադեպից հետո դիմողին տեսնող առաջին անձանցից մեկը: Քննիչը մինչև 2000թ. հունվարը չի հարցաքննել թիվ 39 հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին:”[37]

Սույն չափանիշը նաև ենթադրում է անհապաղության անհրաժեշտություն նախնական քննությունից մինչև վերջնական իրավական ընթացակարգ ընկած ժամանակահատվածում:

Անհապաղությունը հասարակական վստահության ապահովման բանալին է.

Եվրոպական դատարանը պարբերաբար ընդգծում է անհապաղության անհրաժեշտությունը հասարակայնության վստահությունը և աջակցությունը ձեռք բերելու համար.

“Անկասկած, անհապաղության և ողջամիտ արագության պահանջն այս ենթատեքստում համադրվում են: Վատ վերաբերմունքի հայտարարությունների քննության ժամանակ պաշտոնատար անձանց կողմից դրսևորվող անհապաղ արձագանքը, որպես կանոն, անհրաժեշտ է իրենց կողմից օրենքի գերակայության պահպանման և գաղտնի համաձայնության ցանկացած դրսևորման կամ ոչ իրավաչափ վարքագծի հանդեպ հանդուրժողականության կանխարգելման նկատմամբ հասարակական վստահության ապահովման համար /տե’ս ի թիվս այլոց Indelicato v Italy, թիվ 31143/96, կետ 37, և Ozgur Kilic v Turkey /dec./, թիվ 42591/98, 2002թ. սեպտեմբերի 24/:”

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն հաստատել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը`[38] սահմանելով, որ.

“36. Ի լրումն արդյունավետ քննության վերոնշյալ չափանիշների, պետք է լինեն քննության և դրա արդյունքների նկատմամբ հասարակական վերահսկողության բավարար տարրեր` ապահովելու համար հաշվետու լինելը ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում: Վերահսկողության պահանջվող աստիճանը տարբեր գործերով կարող է տարբեր լինել: Հատկապես լուրջ գործերով հասարակական միջամտությունը պետք է համապատասխան լինի: Բոլոր գործերով տուժողը պետք է ներգրավված լինի վարույթին այնչափ, որքան դա անհրաժեշտ է նրա օրինական շահերն ապահովելու համար:”[39]

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշներ համաձայն. Վատ վերաբերմունքի ենթադրյալ տուժողները կամ նրանց ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն քննչական վարույթներին այն չափով, որն անհրաժեշտ է նրանց օրինական շահերը պաշտպանելու համար: Տուժողները պետք է իրավունք ունենան պահանջելու ձեռնարկել առանձնահատուկ միջոցներ և անհրաժեշտության դեպքում մասնակցելու առանձնահատուկ քննչական գործողությունների: Նրանք պետք է պարբերաբար տեղեկացվեն քննության ընթացքի և կայացված բոլոր համապատասխան որոշումների վերաբերյալ: Նրանց պետք է անհրաժեշտության դեպքում տրամադրվի իրավական օգնություն, և նրանք պետք է իրավասու լինեն հրապարակային ու մրցակցային դատական վերահսկողության ընթացակարգի իմաստով վիճարկելու քննչական մարմինների գործողությունները կամ անգործությունը:

Եվրոպական դատարանը մի շարք վճիռներով անդրադարձել է հիշյալ չափանիշին. “Վերջապես, ինչ վերաբերում է քննությանը մերձավոր ազգականների ներգրավմանը, ապա ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դիմողները չեն կարողացել քննության ընթացքին անընդհատ հետևել` չնայած տեղեկություն տրամադրելու վերաբերյալ նրանց փաստաբանների խնդրանքներին […]:”[40]

“Բացի այդ, չի երևում, որ դիմողներին կամ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռնվել է ծանոթանալու քննության նյութերին կամ գոնե նրանց տրամադրվել է 2002թ. հունվարի 7-ի որոշման պատճենը:”[41]

Տուժողների կողմից առանձին քննչական գործողությունների կատարում պահանջելու իրավունքը բխում է Եվրոպական դատարանի մի շարք որոշումներից:[42]

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշներ համաձայն.Պատշաճ քննչական վարույթները կախված են յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքներից, սակայն կարող են ներառել քրեական, կարգապահական և/կամ վարչական ընթացակարգեր:

Պատշաճ ընթացակարգը տարբեր երկրներում անխուսափելիորեն տարբեր է և, հետևաբար, թողնված է յուրաքանչյուր պետության “գնահատման տիրույթին”: Եվրոպական դատարանը պահանջում է միայն, որ իրականացվող ընթացակարգերը լինեն “արդյունավետ”:[43]

Քննության ձևը կարող է կախված լինել ենթադրյալ վատ վերաբերմունքի ծանրության աստիճանին համապատասխան պատժի ձևի հետ: Սակայն, մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության շրջանակներում կայուն ձևավորված նորմ է հանդիսանում այն, որ խոշտանգումը պետք է հանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի[44]:

Այս կապակցությամբ Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ մոտեցումը. “Դատարանը նշում է, որ ոստիկանի կողմից դիմողին ծեծելու փաստը աներկբայորեն հաստատվել է պատճառված վնասի փոխհատուցման պետության պարտականության ակտի հիման վրա իրականացվող վարույթի ընթացքում: Միակ հանգամանքը, որը պետք է հաստատվեր, ծեծն իրականացնող ոստիկանների ինքնությունն էր` նրանց նկատմամբ քրեական վարույթ հարուցելու նպատակով”:[45]

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն շեշտադրում է կարգապահական վարույթների կարևոր դերը քննչական համակարգում. “37. Կարգապահական վարույթը հանդիսանում է վատ վերաբերմունքի փոխհատուցման լրացուցիչ ձև և կարող է իրականացվել գործի դատական քննությանը զուգահեռ: Պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվությունը պետք է քննարկման առարկա դարձվի` անկախ այն հանգամանքից, որ քննարկվող պաշտոնեական հանցագործությունը հանդիսանում է քրեական իրավախախտում: Այս կապակցությամբ Կոմիտեն առաջարկել է ապահովել մի շարք դատավարական երաշխիքներ, օրինակ` ոստիկանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովում պետք է ներառված լինի առնվազն մեկ անկախ անդամ”:[46]

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հետաքրքիրները, Նոր հրապարակումներ and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

One Response to Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի /CPT/ չափանիշները.

  1. Pingback: Վերաքննիչ Բողոք 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ | Ստեփան Հովակիմյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s