Չի՞ խոստովանում` անարգանքի ենթարկեք | Զրուցակից

Թերևս շատերն են հիշում 2010 թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնի` աղմուկ բարձրացրած առանձնապես խոշոր չափի (5 մլն դրամ) գողության դեպքը, որի կազմակերպման և իրագործման մեջ մեղադրվեցին ՀՀ քաղաքացիներ` 30-ամյա Ստեփան Հովակիմյանը և նրա ընկերը` 26-ամյա Վահրամ Քերոբյանը: Այսօր այդ գործը դեռ դատական քննության փուլում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մինչ օրս տղաների մեղավորության ծանրակշիռ հանցանշաններ չեն հայտնաբերվել, բայց նրանք ձերբակալված են, զրկված բնականոն կյանքով ապրելու հնարավորությունից:

Հանցագործության միակ ապացույցը Ստեփանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որտեղ դեպքի ու փաստերի բազմաթիվ անհամապատասխանություններ կան: Քրեական գործում Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի մեղքը հաստատող այլ ապացույցներ գոյություն չունեն` ոչ մատնահետքեր, ոչ վկաներ, ոչ հանցագործության գործիքներ, անգամ գողացված գումարը չի հայտնաբերվել: Չեն հայտնաբերվել նաև դեպքի վայրում կատարված տեսագրությունում երևացող անձի (որը հավանաբար հանցագործն է) հագին եղած հագուստները: Ընդ որում եթե Ստեփանի դեմ դատարանը կարող է օգտագործել կասկածելի հանգամանքներում գրված ինքնախոստովանական ցուցմունքը, ապա Վահրամ Քերոբյանն առաջին օրվանից պնդել է, որ ինքն անմեղ է և չի ընդունել առաջադրված մեղադրանքը:
Դատական գործի մեջ խորամուխ լինելիս իրավապահ մարմինների թույլ տված բազմաթիվ օրինախախտումներ են ի հայտ գալիս, որոնք ակնհայտորեն մատնացույց են անում գործի անարդարացի քննման և ուրիշի հանցանքի համար այս երիտասարդներին քավության նոխազ դարձնելու` դատախազության դիտավորությունը:
Ոստիկանների սայթաքումներն ի հայտ են գալիս հանցագործության մասին հաղորդագրություն տալուց և քրեական գործ հարուցելուց առաջ. չնայած գողությունը կատարվել էր հունվարի 10-ին, և կինոթատրոնի ղեկավարությունն այդ մասին ոստիկանությանը բանավոր տեղեկացրել էր հաջորդ իսկ օրը, նախանձելի օպերատիվությամբ աչքի ընկնող մեր ոստիկանները գործը հարուցել էին 27 օր հետո` փետրվարի 6-ին, այսինքն այն օրը, երբ հարմար մեղավորներ էին գտել` հանցանքի մեջ մեղադրելու համար: Գրեթե մեկ ամիս էր պահանջվել, որպեսզի ոստիկանության աշխատակիցները հանցանքի մեջ կասկածվող տղաներին «համոզեին», թե գողությունն իրենք են նախաձեռնել ու իրականացրել` դրա համար անմարդկային հնարավոր միջոցներ կիրառելով` հոգեբանական ու ֆիզիկական ճնշումներ, մասնավորապես Ստեփան Հովակիմյանին կտտանքների ու անարգանքի ենթարկելով: Եվ երբ գործող անձինք արդեն ընտրված էին ու նրանցից մեկն էլ «ինքնախոստովանվել էր»` ոստիկանները հանգիստ հայտարարել են կատարված գողության և ավազակներին վնասազերծելու մասին` փորձելով ցույց տալ, թե իրենք որքան օպերատիվ և արդյունավետ են աշխատում: Այնինչ հեռախոսային վերծանումները ապացուցում են, որ նախքան հանցագործության մասին հաղորդագրություն տալն ու քրեական գործ հարուցելը` հետաքննիչ ոստիկանները մի քանի անգամ զանգահարել են թե Ստեփանին, թե նրա հորը` Բենիամին Հովակիմյանին:
Հանցագործության մեջ Ստեփանին կասկածում էին «Մոսկվա» կինոթատրոնի արդեն նախկին գանձապահ Գոհար Մանուկյանի ընկերը լինելու պատճառով, քանի որ հաճախակի ընկերուհուն այցելելով` երիտասարդն ակամա կասկածի առիթ էր տվել. գողությունը կատարվել էր առանց ապակիներ, դռներ ու կողպեքներ կոտրելու, հետևաբար փողերի տեղն իմացող և դրամարկղի սենյակի ու չհրկիզվող պահարանի բանալին ունեցող ոմն մեկն էր արել: Իսկ Ստեփանը հարմար թեկնածու էր կասկածի համար` չնայած «Մոսկվա» կինոթատրոնում 4 գանձապահ է աշխատում:
Գողության հաջորդ օրը, թեպետ ոստիկանական բաժանմունքում գողության մասին որևէ հայտարարություն չի տրվել, ոստիկանները հանցագործության մեղադրանքով բերման են ենթարկել Ստեփանին, նրա ընկերուհուն` Գոհարին և ընկերներին, սակայն մի քանի ժամ նրանց ապօրինաբար (քանի որ գործ չէր հարուցվել` նրանց բերման ենթարկելու իրավունք չունեին) ոստիկանությունում պահելուց հետո մեղավորության հիմնավոր ապացույցներ չունենալու պատճառով բաց են թողել: Ամենայն հավանականությամբ հանցագործության բուն մեղավորներին չգտնելով` ոստիկանները որոշել էին օգտվել «ձեռքի տակ» եղած թեկնածուներից և որոշ ժամանակ անց երկրորդ անգամ բերման էին ենթարկել Ստեփանին և նրա ընկերոջը` Մհերին, ում նմանեցրել էին գողության օրը «Մոսկվա» կինոթատրոնում կատարված տեսագրության մեջ երևացող կասկածելի երիտասարդին: Ընդ որում Ս. Հովակիմյանին 2 անգամ ոստիկանության կենտրոնական բաժին կանչելով` չի եղել ոչ պատշաճ ծանուցում և ոչ էլ համապատասխան արձանագրություն է կազմվել: Ամեն ինչ արվել է շատ տնավարի` հեռախոսազանգով, գողական աշխարհի գործելաոճով:
Հետագայում տեսանյութի պարզ դիտմամբ ակնհայտ է դարձել, որ տեսանյութում երևացող անձը, ում գլուխը ծածկված է և հնարավոր չէ դեմքը տեսնել, անգամ սեռը որոշել, ամենևին նման չէ ոչ Մհերին, ոչ Ստեփանին և ոչ էլ հետագայում այդ գործով կասկածվող Վահրամ Քերոբյանին: Բայց դա չի խանգարել ոստիկաններին գործի մեջ այնուամենայնիվ կասկածել տղաներից մեկին` Վահրամին:
Քանի որ Ստեփանի դեմ մեղադրական ապացույցներ չկային` քաջարի ոստիկանները փորձել են նրանից ինքնախոստովանական ցուցմունք կորզել և երրորդ անգամ Ս. Հովակիմյանին կանչելով ոստիկանության Երևանի վարչություն` ոստիկանները նրան նախ հոգեբանական ճնշումների են ենթարկել, իսկ երբ Ստեփանը հրաժարվել է իր և ընկերների դեմ ցուցմունք տալուց, նրան դաժանորեն ծեծել են բազուկներով ու ոտքերի հարվածներով: Մի քանի ժամ շարունակ Ստեփանին խոշտանգումների, դաժան ու անմարդկային ստորացումների են ենթարկել, ինչը Ստեփանը մանրամասնորեն նկարագրել է իր դատական ցուցմունքում. «Ես պնդել եմ, որ ես կամ իմ ընկերները ոչ մի կապ չունենք գողության հետ, որից հետո քրեական հետախուզության 3-4 աշխատակիցներ սկսել են ինձ ծեծել: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակ, իսկ սապոգներով` գլխիս: Չնայած ուժեղ ցավին` ես ուժ եմ գտել ու նրանց ուզածը չեմ ասել: Որոշ ժամանակ ծեծելուց հետո տեսնելով, որ ես նորից դիմադրում եմ և իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս` ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում ինձ, շարունակեն ավելի ուժեղ ծեծել ու նաև բերման ենթարկեն Գոհարին` ասելով. «Նա էլ հո էսքան չի դիմանա»:
Երևանի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանը (ով ի դեպ այս տարվա հուլիսի 13-ին ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի տրամադրության տակ) ի լրումն դաժան ծեծի ենթարկելու մասին իր հրամանի` ենթականերին հորդորում է լռելու դեպքում անարգանքի ենթարկել Ստեփանին. «Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»,- իր ցուցմունքում նշել է Ստեփանը: Նրա փաստաբանի` Տիգրան Սաֆարյանի հավաստմամբ ցուցմունքում Անտոնյանի խոսքերը մեղմ են ներկայացված, իրականում նա բառացիորեն հրամայել է` եթե շարունակի լռել` դուբինկան մտցրեք համապատասխան տեղը: Եվ երբ ոստիկանները Ստեփանին տանելով «կտտանքների սենյակ»` փորձել են հանել նրա հագուստը` նա հասկացել է, որ ոստիկաններն ամեն ինչի ընդունակ են` ընդհուպ մինչև իր ընկերուհուն բերման ենթարկելը և իր աչքի առաջ նվաստացնելը: Ինքնասիրությունն ու արժանապատվությունը չստորացնելու համար` Ստեփանը նախընտրել է ոստիկանների թելադրած բառերով ու սյուժեով «խոստովանել» իր մեղավորությունը, թե իբր նախ ընկերուհու պայուսակից գողացել է տոմսարկղի սենյակի դռան բանալին, պատճենահանել է, իսկ գողությունից հետո ընդամենը 200 հազար տալով գողությունը կատարած Վահրամին` մնացած գումարի որոշ մասը` 10 հազար դոլարը, տվել է իր բարեկամ ոմն Արթուրի, որպեսզի նա այդ գումարը տանի Պյատիգորսկ և այնտեղ փակի Ստեփանի ենթադրյալ պարտքը` ոմն ոստիկան Արմանի:
Բոլոր այս փաստերը հետագայում քննության ժամանակ ըստ պատշաճի չեն ստուգվել և չեն հաստատվել:
Ինքնախոստովանական բացատրությունը կորզելուց հետո Ստեփանին անմիջապես հանձնել են քննիչին` առաջնորդվելով երկաթը տաք-տաք են ծեծում սկզբունքով և թույլ չտալով, որ նա տեսակցի հորը, մեկ էլ տեսար` նրա հորդորով փոշմանեց իր գրած բացատրության համար և ոստիկաններին հուսախաբ արեց: Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Տիգրան Կիրակոսյանը Ստեփանին շտապեցնելով` պարտադրել էր խոստովանական ցուցմունք գրել` մանրակրկիտորեն հետևելով իր գործընկերների գծագրած սցենարին: Անգամ մեղադրվողին զրկել էր փաստաբան հրավիրելու և նրա ներկայությամբ ցուցմունք տալու իրավունքից` չնայած վերջինիս պահանջին, ծիծաղել նրա այդ հայտարարության վրա: Միայն ցուցմունքն ամբողջությամբ գրել տալուց և Ստեփանին ձերբակալելու մասին արձանագրություն կազմելուց հետո քննիչ Կիրակոսյանը թույլ էր տվել, որ Ստեփանը հանդիպի քննչական բաժանմունքի մուտքի մոտ հուսահատորեն որդուն փնտրող հորը և փաստաբանին (Ստեփանի հորից գաղտնի էին պահել որդու գտնվելու վայրը և նա ստիպված էր տարբեր ոստիկանական վարչություններ վազվզել` նրան գտնելու հույսով):
Բացատրություն կորզելու և հարցաքննելու ամբողջ ընթացքը կոպիտ խախտումներով է ուղեկցվել. Ստեփանին չեն պարզաբանվել իր` որպես հանցագործության մեջ կասկածվողի իրավունքները, նա զրկված է եղել իրավական օգնություն ստանալու, հարազատներին իր գտնվելու վայրի մասին տեղյակ պահելու իրավունքից, ինչը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, քրեական դատավարության օրենսդրության պահանջներով ու միջազգային մի շարք պարտավորություններով: Ստեփանն իր հանդեպ կիրառված բռնությունների մասին բարձրաձայնել է գործի պաշտոնական քննություն սկսելու առաջին իսկ օրը և դատարանում իրեն կալանավորելու հարցը քննելու, ինչպես նաև ցուցմունք տալու ժամանակ, սակայն նրա հայտարարություններին ոչ քննիչը, ոչ դատավորները և ոչ էլ մեղադրող դատախազը չեն արձագանքել:
Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներով ու Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ընդունած չափանիշներով սահմանված` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների և արդյունավետ քննություն կատարելու մասին պահանջների համաձայն «եթե անձն ունի փաստարկներով հիմնավորվող հայց առ այն, որ իր նկատմամբ ապօրինաբար դաժան կամ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել ոստիկանության կամ պետության այլ գործակալների կողմից, ապա այդ դրույթը պետությունների ընդհանուր պարտավորությունների հետ համատեղ ընթերցվելու դեպքում անուղղակիորեն պահանջում է, որպեսզի պաշտոնական արդյունավետ հետաքննություն կատարվի»:
Հայաստանում ոստիկանների անօրինական գործողությունները վերահսկող և ոստիկանների վերաբերյալ քրեական գործեր քննելու իրավասություն ունեցող միակ պետական մարմինը հատուկ քննչական ծառայութունն է: Ցավոք այդ մարմնի գործունեությունը ևս կասկածի բազմաթիվ առիթներ է տվել` իր վարույթ հանձնված գործերի անարդարացի քննմամբ: Ստեփանի գործը հերթականն էր: Անձամբ Ստեփան Հովակիմյանը հիշյալ ծառայությանն իր հանդեպ իրականացրած հանցագործության մասին պաշտոնական հաղորդում է ներկայացրել, սակայն ՀՔԾ-ն առանց քննության` հաղորդումը վերահասցեավորել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը, որի հիմնական գործառույթը ոստիկանների թույլ տված կարգապահական խախտումների քննությունն է: Այդ մարմինն ի տարբերություն ՀՔԾ-ի` անկախ չէ և չի կարող ոստիկանների վատ վերաբերմունքի դեպքի անկախ և անաչառ քննություն իրականացնել: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդագրության կապակցությամբ ծառայողական քննություն է կատարվել` նույնպես առանց մեղադրյալին հարցաքննելու և նրան դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու: Ընդամենը մեկուսարանում կատարած հարցման արդյունքներով և մի քանի ոստիկանների տված բացատրություններով հաղորդագրությունն անհիմն է հայտարարվել` ֆիզիկական և հոգեբանական բռնության հետքեր չհայտնաբերելու պատճառաբանությամբ: Այնինչ ըստ Ստեփանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի` իր պաշտպանյալի հանդեպ բռնության կատարման մի շարք ապացույցներ են առկա, որոնք ծառայողական քննություն իրականացնող ոստիկանները պարզապես շրջանցել են: Առկա են Ստեփանի երեք խցակիցների հայտարարությունները` ուղղված Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որոնց համաձայն Ստեփանը բանտախցում հայտնվելով` խցակիցներին պատմել է, թե ինչպես են իրեն ծեծելով պարտադրել խոստովանել այն, ինչն ինքը չի կատարել: Այդ հայտարարությունների մեջ նաև նշված է, որ բանտում հայտնվելու առաջին մի քանի օրը Ստեփանը դժվարանում էր քայլել և բողոքում էր գլխի, մեջքի, ոտքերի ցավից:
Ստեփանի հանդեպ բռնությունների կիրառման մի շարք ապացույցներ ու փաստեր ունենալով` փաստաբան Տիգրան Սաֆարյանը սահմանված կարգով բողոքարկել է ՀՔԾ-ի որոշումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը նույնպես մերժել է: Հաջորդ ատյանը Վերաքննիչ դատարանն է. «Մենք փորձում ենք ապացուցել, որ քննությունը ոչ թե պատշաճ չի կատարվել, այլ ընդհանրապես չի կատարվել, և առանց հիմքերի` ՀՔԾ-ն որոշում է կայացրել»,- ասում է Տիգրան Սաֆարյանը:
«Ստեփանի և Վահրամ Քերոբյանի քրեական գործն ակնհայտորեն ցուցադրում է մեր իրավահամակարգի գրեթե բոլոր թերություններն ու բացթողումները: Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և իրենց ունեցած նախնական վարկածը հաստատելու միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն չեն պահպանվել անմեղության կանխավարկածը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Դատավարությունը չափազանց երկար ձգձգվեց: Այս փոքր գործը դատարանում լսվում է մոտ 16 ամիս: 42 դատական նիստ է կայացել: Դատավարությունն իրականացնելու բոլոր ողջամիտ ժամկետները սպառվել են: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ոչ մի կերպ չեն ուզում բացահայտել խոշտանգման փաստը և ամեն ինչ անում են` իրենց գործընկերների ծանր հանցանքները քողարկելու համար»,- ամփոփում է շուրջ երկու տարի արդարադատության դռներն ապարդյուն թակող Բենիամին Հովակիմյանը` Ստեփանի հայրը:
Մնում է միայն սովորության համաձայն հույս փայփայել, որ գոնե վերաքննիչում դատավորը տղամարդկություն կցուցաբերի և կանսա արդարադատության պահանջին` երիտասարդների կյանքը չխորտակել և ի վերջո օրենքի պահանջներով խոշտանգման փաստի առնչությամբ կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ:

Հեղ. ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Собеседник, Հոդվածներ, Նոր հրապարակումներ and tagged , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s