Սարգսյան. Հանրային վստահությունը չափելի է | Lragir.am

  Ներկայացնում եմ Սերժ Սարգսյանի 2011թ. դեկտեմբերի 22-ին հրավիրած դատաիրավական համակարգի խնդիրների նվիրված խորհրդակցության մամուլի հաղորդագրությունը ըստ Lragir.am կայքի: Այն անմիջականորեն վերաբերվում է Ստեփան Հովակիմյանի դեպքին: ՀՀ Նախագահը  կարևորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները: Այդ պատճառով էլ որոշեցի հրապարակել կայքում: Հետաքրքիր է իմանալ, որքանով են իրականանալի հայտարարված տեսլականները:

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Այսօրվա խորհրդակցությամբ եզրափակվում է ընթացիկ տարում դատաիրավական համակարգի խնդիրներին նվիրված հանդիպումների շարքը Հանրապետության ղեկավարի մոտ: Նախորդ քննարկումների ժամանակ խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նախաքննության որակին, դատախազական հսկողության արդյունավետությանը, ինչպես նաև դատարանների կողմից իրականացվող արդարադատությանը վերաբերող խնդիրներին:

«Բազմիցս և՛ ես, և՛ դուք նշել ենք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: Կարծես, այստեղ մենք տարակարծություններ չենք ունեցել: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք կան, և որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Իսկ հանրային վստահությունը երևակայական բան չէ. այն չափելի է, հանգիստ կարելի է ուսումնասիրել և եզրակացությունների գալ:

Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը:

Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, և մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Ընդ որում, այսպիսի գնահատական տալու համար հիմք են հանդիսացել ոչ միայն ձեր հաշվետվությունները, այլ նաև իմ հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները»,- ասել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով, օրինակ, քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Ընդ որում, նման երևույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը:

«Կան երևույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային: Այստեղ է, որ մենք մտածելու շատ բան ունենք և եկող ժամանակաշրջանում լրջորեն պետք է զբաղվենք դրանցով: Այս առումով, կցանկանայի նաև լսել, թե Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների քառամյա ծրագիրն ինչպիսի՞ գործուն միջոցներ է նախատեսում ապագայում նման երևույթները կանխելու կամ դրանք բացառելու համար»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նա կարևորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները:

Խորհրդակցության արդյունքում Սերժ Սարգսյանն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական և ոչ խտրական մոտեցման ապահովման կարևորությունը:

Հանրապետության ղեկավարն առաջարկել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի կապակցությամբ նախաձեռնել խորհրդարանական լսումներ` նկատի առնելով ծրագրի կարևորությունը:

17:52:39 – 22/12/201

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հոդվածներ, Վերլուծություններ and tagged , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s