Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Ս. Սարգսյանին,

Մեծարգո պարոն Նախագահ
Քրեական գործը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է իմ որդուն: Կարծում եմ, որ նրա հետ կատարվածը տիպական է և ի ցույց է դնում մեր դատաիրավական համակարգում առկա թերությունները:

Որդիս` Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի է գտնվում է կալանքի տակ: Նա  մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան):

Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ  արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը` Վ.Քերոբյանը:

Հետագայում ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս` Ս.Հովակիմյանը և պաշտպան Տիգրան Սաֆարյանը դիմել են գործին առընչվող բոլոր ատյաններին` գործը վարող քննիչին, դատախազությանը, դատարանին, հատուկ քննչական ծառայությանը: Սակայն անարդյունք:

Միայն հիշեցնեմ` առանձին նամակով Ձեզ դիմել են նաև հանրապետության ճանաչված մտավորականներ ու հասարակական գործիչներ: (Տես. Մտավորականների նամակը ՀՀ Նախագահին ) Մինչդեռ արդեն երկու տարի է որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, և պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է, որ այս անցած երկու տարիների ընթացքում Ոստիկանությունը, Դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունները դատարանում չեն կարողացել փաստերով ապացուցել որդուս և նրա ընկերոջ մեղավոր լինելը: Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Ձեզ դիմելու պատճառը հենց այս փաստն է: Այսօր դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում: Երկու տարի կալանավորված անձին արդարացնելը նշանակում է բացասական գնահատական տալ իրավական համակարգի երեք օղակների աշխատանքին և հակադրվել այդ ազդեցիկ կառույցներին: Մեր դատաիրավական համակարգին ծանոթ շատ փորձագետների կարծիքով սա բավական տիպական երևույթ է` «խորամանկ» մի քայլ, որին կուլ գնալով դատարանները ստիպված են լինում մեղադրական որոշումներ կայացնել, զուտ այն պատճառով, որ քննվող գործը վաղուց արդեն դուրս է եկել ողջամիտ ժամկետներից:

Ակնկալում եմ  Ձեր հատուկ ուշադրությունն այս ու դատական համանման գործերի նկատմամբ: Որովհետև նմանատիպ գործերն են հասարակական անվստահություն ծնում մեր դատաիրավական համակարգի նկատմամբ:

Պարոն նախագահ, Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով: Քրեական այս գործը հասարակական հնչեղություն է ստացել և լայնորեն քննարկվել է մամուլում: Հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ` stepanhovakimyan.wordpress.com:

ՀՀ քաղաքացի`    Բենիամին Հովակիմյան
Հեռ. 010 36 71 93, 093 65 44 95
e-mail : bhovakimyan@gmail.com

Այս բաց նամակը հրապարակվել է 168 ժամ օրաթերթում 2012թ. փետրվարի 16-ին:

Նույն օրը հրապարակել են նաև հետևյալ լրատվամիջոցները`

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in 168 ժամ օրաթերթ, Հոդվածներ, Նամակներ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

One Response to Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին

  1. Pingback: Մամուլի հրապարակումների վերաբերյալ | Ստեփան Հովակիմյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s