ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Վ. Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ
ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԴԱՏԱՎՈՐ Մ. ՊԱՊՈՅԱՆԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱՂԱՍՈՒ ՔԵՐՈԲՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ ԵՎ ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻՑ
/ք.Երևան, Նալբանդյան 5 շենք, թիվ 20 սենյակ,
հեռ.(093) 75-57-27/

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ձեր վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Վահրամ Քերոբյանի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

2010թ. մարտի 12-ից Վահրամ Քերոբյանը գտնվում է անազատության մեջ։ Վ.Քերոբյանն անազատության մեջ է գտնվում ապօրինի, առանց օրենքով սահմանված հիմքերի։

1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի “գ” ենթակետի համաձայն, ոչ ոքի չի կարելի զրկել ազատությունից այլ կերպ, քան անձի հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում։

Վահրամ Քերոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքի գողություն կատարելու մեջ։ Մինչդեռ քրեական գործով ձեռք բերված, այժմ արդեն դատարանում հետազոտված ապացույցների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վերջինս չի կատարել հիշյալ հանցագործությունը։

Ամենևին պատահական չէ, որ Վահրամ Քերոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 09.03.2010թ., նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը կրկնակի քննության առնելու մասին 15.03.2010թ., նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին 07.05.2010թ. որոշումներում, ինչպես նաև Վ.Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը անփոփոխ թողնելու մասին 11.06.2010թ., քրեական գործը դատական քննության նշանակելու մասին 27.01.2011թ., Վ.Քերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին վերջինիս պաշտպանի միջնորդությունները մերժելու վերաբերյալ 22.02.2011թ. և 28.03.2012թ. կայացված որոշումներում դատարանները բառ անգամ չեն նշել Վ.Քերոբյանի կողմից իրեն վերագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկածի առնչությամբ։

2. Բացի այդ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված է` ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով։

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` “մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով”։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ անձի նկատմամբ խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը ազատության մեջ մնալով կարող են կատարել նշված հոդվածով սահմանված գործողությունները։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից բխում է, որ ազգային դատական մարմինները պարտավոր են հաշվի առնել բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ են պարզելու համար, թե կա արդյոք հասարակական շահ, համապատասխան ու բավարար պատճառ, որը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, արդարացնում է նահանջը անձի ազատության իրավունքի հարգանքից։ Անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ հիմքերը պետք է հիմնավորված լինեն կոնկրետ փաստացի նյութերով, տվյալներով։

ՀՀ Վճռաբեկ դատարանն իր հերթին 30.08.2007թ. կայացված ՎԲ-132/07 նախադեպային որոշման մեջ նշել է` ՀՀ քր.դատ.օր-ի 135-րդ “… հոդվածի բովանդակությունից հետևում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ։ Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա։ Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ”։

Նույն նախադեպային որոշման մեջ Վճռաբեկ դատարանը նշել է. “Կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է։ Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը։ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը։ Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը”։

Նշված նախադեպային որոշումից հետո էլ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է մի շարք նախադեպային որոշումներ, որոնցով վերահաստատել և ավելի զարգացրել է հիշյալ դիրքորոշումը։

Սույն գործով ողջ նյութերում գոյություն չունի որևէ փաստական հանգամանք, որը կարող է վկայել այն մասին, թե ազատության մեջ լինելու պարագայում Վ.Քերոբյանը կարող է որևէ գործողություն ձեռնարկել գործի քննությանը խոչընդոտելու, քննությունից թաքնվելու, առավել ևս հանցավոր արարք կատարելու ուղղությամբ։

Նշվածն ակնհայտորեն հիմնավորվում է Վ.Քերոբյանին կալանավորելու, անազատության մեջ պահելու ողջ ընթացքում այդ կապակցությամբ դատարանների կողմից կայացված, վերը թվարկված որոշումներով։ Այդ բոլոր որոշումներում գոյություն չունի հղում գործում առկա որևէ ապացույցի, փաստաթղթի վրա, որով հնարավոր կլիներ պատճառաբանել, հիմնավորել Վ.Քերոբյանին անազատության մեջ պահելու հանգամանքը։ Հիշատակված որոշումները կայացնելիս, դատարանները փորձել են դրանք հիմնավորել բացառապես Վ.Քերոբյանին վերագրվող արարքի ծանրության աստիճանով, ինչպես նաև նրա նկատմամբ նախաքննության ընթացքում հետախուզում հայտարարելու հանգամանքով։

Անձանց կալանավորելու անհրաժեշտությունը ոչ թե նրանց կողմից քննությանը խոչընդոտելու, դրանից թաքնվելու կամ հանցավոր արարք կատարելու հիմքերով, այլ անձանց վերագրվող արարքների ծանրության աստիճանով հիմնավորելու խնդրին բազմիցս անդրադարձել է եվրոպական դատարանը` հաստատելով նման մոտեցման անթույլատրելիությունը։

Մասնավորապես Վ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործով ԵԴ-ն նշել է, որ քննությունից թաքնվելու վտանգը չի կարող պայմանավորված լինել հնարավոր պատժի ծանրությամբ (Վ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործ կետ 33)։

Իլիյկովն ընդդեմ Բուլղարիայի գործով եվրոպական դատարանը վճռել է. “որ չանդրադառնալով կոնկրետ վերաբերելի փաստերին, և հենվելով միայն օրենքով սահմանված այն կանխավարկածի վրա, որ կարևոր էր հաշվի առնել միայն մեղադրանքի ծանրության աստիճանը…պետական մարմինները դիմումատուի կալանքը երկարացրել են այնպիսի հիմքերով, որոնք չեն կարող ընդունվել որպես բավարար հիմքեր” (Իլիյկովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ  33977/96, 26/07/2001, կետ 87)։

Ստոգմյուլերն ընդդեմ Ավստրիայի գործով կայացված որոշմամբ եվրոպական դատարանը սահմանել է. “Երբ գնահատվում է, թե արդյոք անհրաժեշտ է երկարաձգել կալանքը մեղադրյալի` փախուստ կատարելու հնարավոր տարբերակի հիմքով, պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները.

  • մեղադրյալի բնավորության գծերը և անձնական հատկանիշները,
  • մեղադրյալին պատկանող գույքը,
  • մեղադրյալի ընտանեկան կապերը,
  • մեղադրյալի կապերն արտերկրում,
  • սպասվող ծանր պատժաչափը,
  • մեղադրյալի առանձնահատուկ բացասական վերաբերմունքը կալանքի նկատմամբ,
  • տվյալ երկրում ամուր կապերի բացակայությունը։

Ներպետական դատարանը պետք է բավարարված լինի առ այն, որ գոյություն ունեն այս գործոններից առնվազն մի քանիսը, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ փախուստ կատարելու հետևանքները և վտանգավորությունը մեղադրյալը համարում է պակաս չարիք, քան բանտարկման երկարաձգումն է”։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վ.Քերոբյանի նկատմամբ նախաքննության ընթացքում հայտարարված է եղել հետախուզում, ապա նախ նշենք, որ հիշյալ գործընթացի ակնհայտ ապօրինի բնույթն արդեն սույն դատական քննության ընթացքում հանգամանալի ներկայացվել է պաշտպանության կողմից։ Բացի այդ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հետախուզում հայտարարելու համար նախատեսված են երկու հիմք.
1. պարզ չէ մեղադրյալի գտնվելու վայրը,
2. մեղադրյալը թաքնվում է քննությունից։

Ակնհայտ է, որ անձին կալանավորելը, նրան շարունակաբար կալանքի տակ պահելը հիմնավորելու, այսինքն քննությունից թաքնվելու հավանական ռիսկը ներկայացնելու համար կարող է նշանակություն ունենալ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու փաստը, եթե դրա համար առկա է եղել նշված հիմքերից երկրորդը` երբ մեղադրյալը թաքնվում է քննությունից։ Ընդ որում հարկ ենք համարում շեշտել, որ այս պարագայում անգամ անձին կալանավորելու համար հիմք կարող է հանդիսանալ ոչ թե ինքնին նախաքննական մարմնի կողմից կայացված որոշումը, այլ նման որոշում կայացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, որոնցով կարող է հիմնավորվել անձի կողմից քննությունից թաքնվելու փաստը։

Իսկ այն դեպքում, երբ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել նշվածներից առաջին հիմքով` երբ պարզ չէ մեղադրյալի գտնվելու վայրը, ակնհայտ է, որ նման պարագայում խոսք անգամ չի կարող լինել անձի կողմից քննությունից թաքնվելու մասին, ուստի նման հիմքով անձի հետախուզումը չի կարող ներկայացվել իբրև հիմք անձին անազատության մեջ պահելն արդարացնելու համար։

Մեր պարագայում, անկախ հայտարարված հետախուզման ակնհայտ ապօրինի լինելուց, գործ ունենք հատկապես մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ հայտարարված հետախուզման հետ։ 09.03.2010թ. քննիչի կողմից կայացված ՙՄեղադրյալին հետախուզում հայտարարելու մասին՚ որոշման պատճառաբանական մասում մասնավորապես նշված է. ՙՈստիկանության Կենտրոնականի բաժնից ստացված գրավոր պատասխանի համաձայն հնարավոր չի եղել պարզել Վ.Քերոբյանի գտնվելու վայրը և նրան ներկայացնել քննության՚։ Կայացված որոշման մեջ որևէ նշում չկա առ այն, թե Վ.Քերոբյանը հրավիրվել է ոստիկանություն, ապա հրաժարվել է ներկայանալ կամ որևէ կերպ միջոցներ է ձեռնարկել ոստիկանների համար անհասանելի դառնալու առավել ևս նրանցից թաքնվելու համար։ Ակնհայտ է, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից Վ.Քերոբյանի գտնվելու վայրը պարզելու անկարողությունը, չի կարող վկայել վերջինիս կողմից քննությունից թաքնվելու մասին և առավել ևս հիմք հանդիսանալ նրան անազատության մեջ պահելու համար։

3. Բացի այդ եթե անգամ քննության որևէ փուլում առկա լիներ Վահրամ Քերոբյանին անազատության մեջ պահելու համար օրենքով սահմանված որևէ հիմք, ապա այսօր ակնհայտ է, որ այդ նույն հանգամանքը չէր կարող բավարար լինել Վ.Քերոբյանին անազատության մեջ պահելն արդարացնելու համար։ Մինչդատական կալանքի տակ գտնվելու ընթացքին զուգահեռ, ժամանակի ընթացքում նվազում են անձի կողմից քննությունից թաքնվելու, դրա ընթացքին խոչընդոտելու հնարավոր ռիսկերը, եթե անգամ սկզբնական փուլում դրանք առկա եղած լինեն։

Համաձայն եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումների. ՙԿալանքի տևողությանը զուգահեռ նվազում է փախուստ կատարելու վտանգը, քանի որ մեծանում է հավանականությունը, որ մինչդատական կալանքի ժամկետը կնվազեցվի ի վերջո նշանակվելիք պատժից, եթե մեղադրյալը դատապարտվի։ Այսպիսով, դատարանները պարտավոր են սա հաշվի առնել յուրաքանչյուր անգամ, երբ անհրաժեշտ է քննել մինչդատական կալանքը երկարաձգելու հարցը (Վեմհոֆն ընդդեմ Գերմանիայի, կետ 15)։

ՙԴատարանն ընդունում է, որ քննությանը միջամտելը, ինչպես նաև հանցանքը կատարելու մասին կասկածը կարող էին վարույթի սկզբում բավարար լինել դիմողի կալանքը թույլատրելու համար։ Սակայն, երբ վարույթը սկսեց զարգանալ և ապացույցների հավաքելը ավարտվեց, այդ հիմքերն ի վերջո ավելի պակաս նպատակահարմար դարձան՚ Սկոտն ընդդեմ Իսպանիայի, 1998թ. դեկտեմբերի 18, 1996-IV Զեկույցները, էջեր 2399-2400։

Վահրամ Քերոբյանը մինչդատական կալանքի տակ է գտնվում արդեն շուրջ 2 տարի և 2 ամիս, քրեական գործով ըստ էության ավարտվել են ոչ միայն ապացույցների ձեռքբերման, այլև դրանք հետազոտելու գործընթացները։ Այսինքն պարզ է, որ եթե անգամ Վ.Քերոբյանին կալանավորելիս առկա լիներ նրա կալանավորելու համար օրենքով անհրաժեշտ որևէ հիմք, ապա այսօր այդ հիմքի առկայությունն անգամ բավարար չէր կարող լինել արդարացնելու համար Վ.Քերոբյանի ազատության իրավունքի սահմանափակումը։

4. Բացի այդ այսօր Վ.Քերոբյանի անազատության մեջ գտնվելն ապօրինի է նաև հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը սահմանում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կասեցվում է այն օրը, երբ գործն ուղարկվում է դատարան, սակայն նշված նորմը կիրառելի չէ, քանի որ հակասում է  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 5-րդ հոդվածին, որը սահմանում է անձին ազատությունից զրկելու օրինական հիմքերը և ընթացակարգերը։ Ինչպես հայտնի է, միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ներպետական օրենսդրության նկատմամբ և եթե կան հակասություններ միջազգային պայմանագրերի և ներպետական օրենսդրության միջև, ապա գործում են միջազգային պայմանագրերը։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասն են կազմում մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք նախադեպային են և պարտադիր են անդամ պետությունների համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի գործով սահմանել է, որ Լիտվայի քրեական վարույթների օրենսգրքի 226-րդ հոդվածի 6-րդ կետում ամրագրված դրույթը /ընդ որում այն համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածին/ չի կարող օրինական հիմք լինել կալանքի կիրառման համար, հստակ սահմանելով, որ “կալանքի հիմնավորումը սոսկ այն փաստով, որ գործը փոխանցվել է դատարան, չի կարող հանդիսանալ “օրինական” հիմք` կալանքը շարունակելու համար` համաձայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի”։

Այսինքն` ելնելով եվրոպական դատարանի այս նախադեպից, ակնհայտ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին, ուստի և չի կարող կիրառվել։

Այս կապակցությամբ իր հստակ դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը Վարդան Մինասյանի վերաբերյալ թիվ ՀՅՔՐԴ3/0106/01/08 գործով 2009թ. ապրիլի 10-ին կայացված նախադեպային որոշմամբ։ Մասնավորապես հիշյալ որոշման 26-րդ կետի համաձայն. “Հաշվի առնելով Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացրած հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի կողմից գործը դատարան ուղարկված լինելու հիմքով անձին կալանքի տակ պահելու ժամկետի կասեցումն անձի ազատության իրավունքի անօրինական սահմանափակում է։ Ուստի ՀՀ քրեադատավարական օրենքի 138-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորումը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ և 136-րդ հոդվածի 2-րդ մասերին”։

Սույն գործով քրեական գործով 01.06.2010 թվականից վարույթն իրականացնող մարմին է հանդիսանում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, որն էլ 11.06.2010թ. կայացրել է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը անփոփոխ թողնելու մասին որոշում, դրա եզրափակիչ մասում նշելով. “… Վահրամ Աղասու Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևիցե մեկի կայացումը։

14.06.2010թ. դատարանը կայացրել է քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում, որի եզրափակիչ մասում նշել է. “Վահրամ Աղասու Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ”։

Հետագայում, գործը քննող դատավորի փոփոխությունից հետո, 27.01.2011թ. կրկին դատարանի կողմից կայացվել է քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում, որի եզրափակիչ մասում նշել է. “Մեղադրյալ Վահրամ Աղասու Քերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը թողնել անփոփոխ”։

Փաստորեն դատարանն իր որոշումներով անփոփոխ է թողել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Վահրամ Քերոբյանի նկատմամբ մինչև 12.06.2010թ. ընտրված խափանման միջոցը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն. “Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման եթե լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը”։

2010թ. հունիսի 12-ին լրացել է ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` Վահրամ Քերոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը, սակայն վերջինս ազատ չի արձակվել։

5. Բացի այդ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. “Դատական քննություն նշանակելու մաuին որոշման մեջ պետք է բովանդակվեն` …. որոշում` խափանման միջոցները և պատճառված վնաuի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մաuին”։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն. “Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըuտ ընդդատության ուղարկելու մաuին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու եւ դրատեuակիհիմնավորլինելուկամչլինելուհարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում”։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ /2006/13 հանձնարարականի 21-րդ կանոնի համաձայն` անձին կալանավորելու մասին դատական իշխանության ցանկացած որոշում պետք է լինի պատճառաբանված։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի, համաձայն`

Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ։ Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում”։

Եվրոպական դատարանը սահմանել է, որ դատական մարմինների կողմից կալանքի ժամկետների երկարաձգման որոշումներ կայացնելիս հիմնավորումներ չներկայացնելը հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կամայականությունից պաշտպանվելու սկզբունքին (Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 55669/00, 2/3/2006թ. պարբ. 70)։ Տվյալ դեպքում խոսքը գնում էր Զամոսկվորեցկու շրջանի դատարանի որոշման մասին, որը խափանման միջոց կալանքի հարցին անդրադարձել էր “խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ” արտահայտությամբ։ Այսինքն, եվրոպական դատարանը մշակել է հստակ դիրքորոշում նման պրակտիկայի առնչությամբ, համաձայն որի, եթե ազգային դատարանը քրեական գործը վարույթ ընդունելու կամ որևէ այլ դատավարական որոշում կայացնելու որոշման հետ մեկտեղ անդրադառնում է նաև խափանման միջոց կալանքի հարցին և սահմանափակվում է միայն “խափանման միջոց կալանքը թողնել ամփոփոխ” արտահայտությամբ, ապա նման որոշումը, նույնիսկ եթե չի հակասում ազգային օրենսդրությանը, ապա հակասում է Կոնվենցիայի 5(1) հոդվածով սահմանված “օրինականության” սկզբունքին (Նախմանովիչ, 70 և 71)։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2010թ. հունիսի 11-ին կայացված որոշումը պատճառաբանել է «… նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման հիմքերն ըստ էության չեն փոխվել» արտահայտությամբ, իսկ ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2010թ. և 27.01.2011թ. կայացված որոշումների` կալանքին վերաբերող պատճառաբանությունը եղել է այն, թե Վ.Քերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հիմքեր չկան։ Իսկ հիշատակված որոշումների եզրափակիչ մասերում դատարանն ըստ էության սահմանափակվել է խափանման միջոցը թողնել անփոփոխ արտահայտությամբ։ Նշվածից բխում է, որ հիշատակված որոշումները պատճառաբանված չեն կարող համարվել։

6. Վ.Քերոբյանի շարունակական կալանքը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածին, նաև այն պատճառով, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.06.10թ.,14.06.2010թ. և 27.01.2011թ. որոշումները կայացվել են ոչ թե կողմերի մասնակցությամբ, մրցակցության ու զենքերի հավասարության սկզբունքների պահպանմամբ իրականացված պատշաճ քննարկման արդյունքում, այլ դատարանի կողմից միանձնյա, առանց կողմերի, հատկապես անազատության մեջ գտնվող անձի մասնակցության, մեղադրանքի կողմի կազմած ու դատարան ներկայացված գործի ուսումնասիրության արդյունքում։

7. Բացի այդ դատարանի կողմից կայացված վերոհիշյալ որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա Վ.Քերոբյանի շարունակական կալանքը հակասում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածին, նաև ներքոհիշյալ պատճառաբանությամբ։

Իրավական որոշակիության սկզբունքի խախտում է համարվում նաև այնպիսի իրավիճակը, երբ խափանման միջոց կալանքի հարցին անդրադառնալիս դատարանը չի սահմանում կալանքի ժամկետային որևէ սահմանափակում։ Վերը շարադրված որոշումների մեջ դատարանը չի նշել, թե կալանքի ինչ ժամկետ է ընտրվել։ Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի գործում  Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձրել սույն հանգամանքի վրա և որոշել, որ կալանքի մասին որոշման մեջ որևէ հիմնավորում և ժամկետային սահմանափակում չսահմանելով, ազգային դատարանը դիմողին դրել էր անորոշության մեջ` կապված այդ օրվանից հետո նրա կալանքի իրավական հիմքերի և հիմնավորումների հետ։ Եվրոպական դատարանը համարել է, որ նման որոշումը չի կարող դիմողին տրամադրել կամայականություններից  պաշտպանվելու պատշաճ հնարավորություն, որը կալանքի “օրինականության” էական տարրերից է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (Ստաշայտիս, պարբ. 70)։ Ուստի, Վ.Քերոբյանի պարագայում ևս տեղի է ունեցել Կոնվենցիայի 5(1) հոդվածի խախտում։

Եթե դատարանը այնուամենայնիվ գտնի, որ խափանման միջոց կալանքը անփոփոխ թողնելու որոշումները չեն վերաբերվում Վ.Քերոբյանին կալանքի տակ պահելու ժամկետներին, ապա այդ դեպքում, փաստորեն, խախտվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածը` վերոհիշյալ պատճառաբանությամբ (իրավական որոշակիության բացակայություն), և Վ.Քերոբյանը ցանկացած դեպքում ենթակա է անհապաղ ազատ արձակման։

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ 2010թ. հունիսի 12-ին լրացել է Վ.Քերոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը և որևէ դատարանի կողմից այդ ժամկետը չի երկարացվել, միջնորդում ենք որոշում կայացնել Վահրամ Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

8 մայիսի 2012թ.                                                                                                       Լ. Սահակյան

Ե. Վարոսյան

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Միջնորդություններ, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s